Մեծ Բրիտանիայում «օմիկրոն» շտամից մահվան առաջին դեպքն է գրանցվել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամով վարակված մեկ մարդ մահացել է, հաղորդում է BBC-ն։

Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ «օմիկրոն» շտամը նույնպես հանգեցնում է հոսպիտալացումների, և կոչ է արել մարդկանց՝ պաշտպանվել բուստերային ներարկումներով:

««Օմիկրոն»-ի հետևանքով հոսպիտալացումներ են գրանցվում և, ցավոք, հաստատվել է, որ առնվազն մեկ հիվանդ է մահացել «օմիկրոն» շտամից: Այն գաղափարը, թե սա վիրուսի ավելի մեղմ տարբերակ է, ես կարծում եմ, մենք պետք է մի կողմ դնենք և պարզապես գիտակցենք, թե ինչ տեմպերով է այն տարածվում բնակչության շրջանում: Այսպիսով, ամենալավ բանը, որ մենք կարող ենք անել, բուստերային չափաբաժին ստանալն է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բորիս Ջոնսոնը։

Նա հայտնել է, որ «օմիկրոն»-ն այժմ կազմում է Լոնդոնում կորոնավիրուսի վարակման բոլոր դեպքերի 40 տոկոսը: Կիրակի վարչապետը նոր թիրախ է սահմանել Անգլիայի բոլոր մեծահասակների համար, որպեսզի մինչև դեկտեմբերի վերջ առաջարկվի բուստերային դեղաչափը:

Հիշեցնենք՝ ԱՀԿ-ն հայտնել էր, որ «օմիկրոն» շտամը դեկտեմբերի 9-ի դրությամբ տարածվել է աշխարհի շուրջ 63 երկրներում:

Աղբյուր՝ Factor.am