«Դիրքերում ինժեներական կառույցները անմխիթար են, զինծառայողները պաշտպանված չեն, երկու տարում ոչինչ չի արվել». Էդգար Խաչատրյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, վերջերս ձեր հարցազրույցներից մեկում նկատել էիք, որ ուսումնասիրություն եք իրականացրել բանակում, բայց չէիք նշել՝ ինչ ուսումնասիրության մասին է խոսքը: Խնդրում եմ հիմա ասեք՝ ինչի մասին է խոսքը, ինչ ուսումնասիրություն եք իրականացրել:

– Այո, ճիշտ եք: Ուսումնասիրությունը բանակից զորացրված պարտադիր ժամկետային զինծառայողների հետ հարցազրույցների հիման վրա է իրականացվել: Հարցազրույցի համար հիմնականում ընտրել էինք 2014 թվականից մինչև վերջերս՝ 2022 թվականը զինվորական ծառայության մեջ գտնված ու զորացրված 112 քաղաքացիների:

Փորձել էինք ուսումնասիրել ծառայության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները:

– Ընդհանուր գծերով ներկայացրեք խնդրում եմ՝ ի՞նչ եք պարզել, և ովքե՞ր են եղել զինծառայողները, նաև պատերազմի մասնակիցնե՞ր:

– Վերլուծության արդյունքներով՝ հիմնական լուրջ մտահոգություն են առաջացրել զինված ուժերում խոշտանգման արգելքի և ոչ մարդկային, վատ վերաբերմունքի հետ կապված հարցերը: Հիմնականում գրեթե մեծ մասը նշել է, որ ծառայության ընթացքում ականատես է եղել վատ վերաբերմունքի, կամ վատ վերաբերմունք է դրսևորվել սեփական անձի նկատմամբ, կամ էլ հրամանատարական անձնակազմի կողմից են վատ վերաբերմունքի արժանացել: Դա մեզ համար բավական մտահոգիչ է:

Այո, պատերազմի մասնակիցները նույնպես եղել են մեր հարցման մասնակիցներ: Այսպես, հարցմանը մասնակցել է 2019-2021 թթ. ծառայած 31 քաղաքացի, 2020-2022 թթ. ծառայած 22 քաղաքացի, 2017-2019 թթ. ծառայած 16 քաղաքացի: Հարցվածներից պատերազմին մասնակցել է 69 անձ, որից 3-ը՝ միայն 2016-ի ապրիլյան պատերազմին, 4-ը՝ և՛ ապրիլյան, և՛ 44-օրյա պատերազմներին, իսկ 62-ը՝ միայն 44-օրյա պատերազմին:

– Շատ լավ, հիմա խնդիրների մասին. բանակն ի՞նչ խնդիրներ ունի՝ նյութատեխնիկական, կենցաղային, այլ: Ի՞նչ են պատմել հարցման մասնակիցները:

– Ուրեմն ասեմ՝ չնայած վարչապետը վերջերս հայտարարեց, որ իրեն զեկուցել են, թե խնդիրներ չկան, բայց մինչև հիմա մեզ դիմում են քաղաքացիներ՝ դժգոհելով պարենային, կենցաղային իրերի հետ կապված խնդիրներից: Մարդիկ ասում են՝ մինչև հիմա սպիտակեղենից սկսած հագուստից վերջացրած ծնողներն են ուղարկում բանակ: Այսինքն՝ ճտքավոր կոշիկները, «բատինկաները» ծնողներն ու հարազատներն են ուղարկում բանակ իրենց երեխային: Որոշ դեպքերում այդ կոշիկների որակից են դժգոհում՝ ուղարկում, բայց մեծ մասամբ՝ ուղղակի չկա այդ ապրանքը, դրա համար են ուղարկում:

– Ստացվում է՝ վարչապետը, մեղմ ասած, սխալ է ասում:

– Չգիտեմ՝ մեղմ ենք ասում, թե կոպիտ, բայց փաստացի այդ խնդիրը դեռ գոյություն ունի: Որքան էլ զարմանալի է, նաև սննդի խնդիր կա: Եթե որոշ ժամանակ առաջ ուրախանում էինք, որ քաղաքացիական մատակարարների կողմից սնունդը մատակարարվում է զինված ուժեր, ապա հիմա փաստացի զորացրված զինծառայողները, ճիշտ է, ասում են՝ որոշ ժամանակ որակյալ սնունդ ստացել են, բայց դրանից հետո քանակը նվազել է: Ասում են՝ որակը լավ է եղել, բայց քանակը պակասել է, արդյունքում ստիպված են եղել այլ միջոցներ ձեռնարկել, որ զորամասի «չայնիից» կամ դրսից սնունդ ձեռք բերեն:

Նաև շատ մտահոգիչ էր այն փաստը, որ դրսից մարդ բերելու միջոցով, այսինքն՝ եթե զինծառայողը զորամասի ներսում որևէ մեկի հետ խնդիր ունի, լուծելու համար միջնորդ են բերում դրսից: Զորամասից դուրս մարդ է խառնվել զորամասում առաջացած հարցերը լուծելու համար:

– Այսինքն՝ դա նշանակում է, որ հրամանատարությունն անկարո՞ղ է եղել միջանձնային հարցերը լուծել:

– Այո՛, դա ցույց է տալիս հրամանատարության անկարողությունը, բացի այդ, շատ դեպքերում դասակի հրամանատարները տեղյակ էլ չեն լինում, ցույց է տալիս, որ հնարավորություն կա, որ դրսից խառնվեն զինված ուժերի գործերին: Դա շատ խոր շերտեր է ինդիկացիա անում:

– Իսկ պատերազմի մասնակիցները ի՞նչ խնդիրներ են ներկայացրել:

– Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս զինծառայողների ընկալումները, որոնք շատ դեպքերում կարող են սուբյեկտիվ լինել: Պատերազմին մասնակցած հարցվածները ասում էին, որ հիմա արդեն պատերազմից հետո իրենք նախընտրում են բացառապես կանոնադրային հարաբերություններով առաջնորդվող սպաների, որովհետև այդ սպաները իրենց գիտելիք ու հմտություններ են տվել, ինչը անհրաժեշտ է եղել պատերազմի ժամանակ: Միևնույն ժամանակ, զինված ուժերում ծառայողների, ծառայակիցների ու հրամանատարական կազմի միջև հարաբերությունների հարցում նախընտրում են, որ դա լինի ավելի շուտ մարդկային հարաբերությունների վրա կառուցված, ոչ թե կանոնադրության: Այսինքն՝ որոշ առումով խնդիր են տեսնում կանոնադրությամբ առաջնորդվող սպաների հետ հաղորդակցվելու հարցում:

44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողները նաև խնդիր են տեսել սննդի մատակարարման հարցում. որոշ դեպքերում զինված գործողությունների ժամանակ ասել են, որ սոված են մնացել, և ջուր ու սնունդ չեն մատակարարվել:

Հատկանշական է, որ երբ հարցնում էինք՝ իրենց կարծիքով՝ ինչ պետք է փոխվի բանակում, բավականին մեծ թվով զինծառայողներ նշել են, որ բանակը պետք է սպառազինվի: Այսինքն՝ զինծառայողները նշում են, որ սպառազինության խնդիր են ունեցել: Ու սա ասում են հիմնականում պատերազմին մասնակցածները:

– Իսկ վերջին ագրեսիան ի՞նչ ցույց տվեց, արդյոք բանակը զինվում է, բարեփոխվում է, աշխատանքներ իրականացվո՞ւմ են զինված ուժերում, ինչպես պնդում են կառավարության ներկայացուցիչները:

– Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցածը մեր ուսումնասիրությունից դուրս է, բայց մեր դիտարկումները ցույց են տալիս, որ պատերազմից հետո այս երկու տարիների ընթացքում գրեթե ոչինչ չի արվել, իսկ եթե նույնիսկ արվել է, ապա դա խիստ անբավարար է, շատ քիչ: Մինչև հիմա մեր զինծառայողները խոսում են ինժեներական կառույցների բացակայության մասին, դրանք անմխիթար վիճակում են եղել, մեր զինծառայողները ոչ մի կերպ պաշտպանված չեն եղել: Դիրքեր ունենք, որ բացարձակ կահավորված չեն, ժամանակավոր վրաններով, ցելոֆաններով մարդիկ պատսպարվել են անձրևից:

Իսկ մարտունակության հետ կապված ոչինչ չի արվել: Որևէ ինդիկատոր չունենք այս պահին, որ չափենք, ասենք՝ որևէ բան արվել է զինծառայողների անվտանգությունը ապահովելու, իրավունքները պաշտպանելու հարցում:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am