Ի՞նչ տնտեսական հնարավորություններ կընձեռի Հայաստանին Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը

Ի՞նչ տնտեսական հնարավորություններ կընձեռի Հայաստանին Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը
Ի՞նչ տնտեսական հնարավորություններ կընձեռի Հայաստանին Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը

Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կհանգեցնի Իրանի դիրքերի ուժեղացմանը տարածաշրջանում և դրական ազդեցություն կունենա Հայաստանի որոշ ոլորտների վրա հայ-իրանական հարաբերությունների կոնտեքստում:

«Մեդիա կենտրոնում»  «Իրանի նկատմամբ պատժամիջոցները կհանվեն. ի՞նչ զարգացումների կբերի այն տարածաշրջանում» թեմայով քննարկմանը մասնակցում էին քաղաքական գիտությունների թեկնածու Սևակ Սարուխանյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանը:
Վարդան Ոսկանյանն ասում է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների հանումը և  Իրանի լիակատար վերադարձը որպես միջազգային հանրության լիիրավ անդամ, բավականին կփոխի իրավիճակը Մերձավոր Արևելքում:

«Տարածաշրջանում կմեծանա իրանական ազդեցությունը սկսած Իրաքից վերջացրած սիրիական թնջուկով: Այս գիծը Իրանը շարունակելու է կախված  նաև գաղափարական իմաստով՝ իսլամը արտահանելու տեսանկյունից: Լինելով շիայական աշխարհի առաջնորդ՝ Իրանը իր ազդեցությունը ընդլայնելու է: Սա ինչ- որ առումով ձեռնտու է նաև Արևմուտքին, որովհետև Արևմուտքը չի կարողանում կառավարել իրավիճակը»,-ասում է Ոսկանյանը:

Նա հավելում է, որ Թուրքիան կարճաժամկետ հեռանկարում Իրանի հետ տնտեսական համագործացությունից կշահի, բայց երկարաժամկետ հեռանկարում կստանա խոշոր մրցակից, հզոր ներուժով, որը իրեն կգերազանցի:

Սևակ Սարուխանյանը կարծում է, որ Հայաստանի համար տնտեսական խոշոր ակնկալիքներ այս մերձեցումից սպասել չի կարելի, թեև որոշակի ոլորտների համար որոշակի ազդեցություն կունենա:

«Առաջինը՝ գյուղատնտեսության և  անասնապահության: Քանի որ Հայաստանում մինչև Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը բավականին մեծ ֆերմերային ներդրումներ են կատարվել ոչխարաբուծության մեջ, որը ուղղված  է եղել դեպի իրանական շուկա արտահանմանը, հետո արտահանումը կասեցվել է Իրանի ներսում արտարժույթային ճգնաժամի պատճառով: Բայց հիմա գյուղատնտեսության և  անասնապահության ոլորտում լուրջ փոփոխություններ և տենդեցներ կլինեն»,-նշեց Սարուխանյանը:

Նրա կարծիքով՝ կարող է իրականացվել նաև նոր բարձրավոլտ էլեկտրագծի կառուցումը դեպի Իրան:

«Քանի որ դա բխում է և Իրանի, և Հայաստանի շահերից: Բայց խոշոր նախագծերը, օրինակ՝ երկաթուղու կառուցումը, անմիջականորեն պատժամիջոցների հետ կապված չէ, քանի որ դրանց ներդրումների հիմնական մասը ակնկալվում էր իրականցնել ոչ թե Իրանի, այլ Հայաստանի տարածքում երրորդ երկրների ընկերություների կողմից, և դա անմիջականորեն Իրանի սոցիալ-տնտեսական վիճակի հետ կապված չէր»,-նշում է Սարուխանյանը:

Քննարկման մասնակից, ԱԺ ՕԵԿ պատգամավոր Լևոն Դոխոլյանը կարծում է, որ Իրանը Ռուսաստանից հետո կարող է երկրորդ խոշոր շուկան հանդիսանալ Հայաստանի համար:
«Գյուղատնտեսության ոլորտում մենք ունենք այդ տենդենցը: Մեր արտադրանքի որակական հատկանիշները նկատի ունենալով, մենք կարող ենք արտահանել, բայց այստեղ խնդիրը բիզնես ֆորումների, սերտիֆիկացման համակարգի, ճանապարհային խնդիրների մեջ է, մենք պետք է հանենք խնդիրների փաթեթ և փորձենք քայլ առ քայլ այդ խնդիրներին լուծում տալ»,-նշեց Դոխոլյանը:

Հակադարձելով ՕԵԿ պատգամավորին՝ Սարուխանյանն ասաց, որ Իրանը տարեց տարի մրցունակ երկիր է  դառնում, և Հայաստանը դեպի Իրան ապրանքներ արատահանելու մեծ պոտենցիալ չունի:

«Որովհետև Հայաստանի տնտեսության հիմքը այն է, ինչ որ կա: Հայաստանը արդյունաբերական պետություն չէ, և ցավոք սրտի, մենք ունենք արդյունաբերության փոքր ոլորտ: Իսկ Իրանը արդյունաբերապես արագ զարգացող երկիր է և նույնը կարող եմ ասել Իրանի գյուղնատնտեսության ոլորտի համար: Այս առումով չպետք է գերագնահատել Հայաստանի հնարավորությունները»,-ընգծեց Սարուխանյանը:

Ըստ նրա՝ ավելի շատ պետք է ուշադրություն դարձնել Հայաստանում իրանական ներդրումներին, հատկապես քիմիական արդյունաբերության ոլորոտում:

Ոսկանյանը հավելեց, որ ամենկարևոր խնդիրը հաղորդակցության ուղիների կարգավորումն է Հայաստանի և Իրանի միջև,  հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը և երկաթուղու կառուցման նախագծի իրականացումը:

«Հաջորդը՝ կրթության ոլորտն է, որը գրավչություն է ներկայացնում իրանցիների համար: Հայկական բուհերը կարող են բավականին մրցակցային պայմաններով հրապուրեն իրանցի ուսանողներին, եթե ստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ: Հաջորդ կարևոր քայլը այն է, որ մենք կարող ենք ստանձնել միջնորդական դերակատարություն Ռուսաստանի և Իրանի միջև առևտրի մի որոշակի հատված վեցնելով մեզ վրա, որովհետև անկախ ամնե ինչից հայերս ավելի լավ ենք ճանաչում Իրանը հոգեբանության և  մենթալիտետի առումով, ու ավելի հեշտ լեզու կարող ենք գտնել իրանցիների հետ, քան ռուս գործարարը»,-նշում է Ոսկանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը չունենալով արդյունաբերական հզոր հնարավորություն, կարող է միջնորդական պլատֆորմ և դարպաս հանդիսանալ ԵԱՏՄ-ից Իրան և Իրանից ելք դեպի ԵԱՏՄ, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ երկներից միակն է, որը ունի ցամաքային սահման Իրանի հետ:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգողխմբագիր