Արցախի ոստիկանության ծառայողները հսկիչ անցակետերում կանգնեցնում են ուղևորվող տրանսպորտային միջոցները

Հեղինակ MediaLab

Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ անցակետերում նոր կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել, տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Հաշվի առնելով ՀՀ Պարետի` 2020 թվականի մարտի 31-ի որոշումը` ապրիլի 3-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ ,սահմանափակվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ սահմանային հսկիչ կետերով անձանց տեղաշարժման իրավունքը՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.

բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդներ և մեկական ուղեկցողներ.

սահմանամերձ շրջաններում գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնող անձինք.

անհետաձգելի առողջական խնդիրներով պայմանավորված հիվանդանոց ու բժշկական այլ հաստատություններ այցելող անձինք:

Սահմանափակումներից հետո «Աղավնո», «Խարխափուտ» ու «Կովսական» անցակետերով ավտոմեքենաների շարժը նվազել է մոտ 4 անգամ:

ԱՀ ոստիկանության ծառայողները հսկիչ անցակետերում կանգնեցնում են ուղևորվող տրանսպորտային միջոցները, ստուգում սահմանը հատող անձանց ինքնությունը հաստատող փաստաթղթերը, բեռնափոխադրման հետ կապված փաստաթղթերը, ՀՀ մեկնող անձանց մոտ ՀՀ տարածքում տեղաշարժվելու համար Ձև 1-ով կամ Ձև 2-ով սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթղթի առկայությունը, ջերմաչափման նպատակով ապահովվում վերջիններիս ներկայանալը բուժսանիտարական հսկիչ կետեր:

ԱՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում` նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու համար, նվազագույնի հասցնել մարդկանց տեղաշարժը Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ: