Մարիինյան թատրոնի աշխատակցուհու սպանության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացուն մահացած են գտել

Մարիինյան թատրոնի աշխատակցուհու սպանության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացուն մահացած են գտել
Մարիինյան թատրոնի աշխատակցուհու սպանության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացուն մահացած են գտել

Մարիինյան թատրոնի 93-ամյա աշխատակցուհի Նինա Մացինայի սպանության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի Սենիկ Նարոյանին, որին Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի դատավորները մեղավոր էին ճանաչել, մահացած են գտել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի իրավապահ մարմիններին, հայտնում է Factor.am-ը:

Նարոյանին մահացած են գտել Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի՝ պահակախմբի սենյակում։ Դատավճռի հրապարակումից հետո Նարոյանին և գործով ևս երկու ամբաստանյալի՝ Գալինա Հուսեյնովային և Ռազմիկ Հակոբյանին, որոնց նույնպես դատարանը մեղավոր է ճանաչել, տեղափոխել են պահակախմբի սենյակ, որտեղ նրանք սպասել են մեկուսարան տեղափոխվելուն։

Նախնական տեղեկություններով՝ Հուսեյնովային և Հակոբյանին մեկուսարան են տեղափոխել, իսկ Նարոյանը դեռ սպասել է սենյակում: Կեսգիշերին Նարոյանի պաշտպանը նրան մահացած է գտել: Նշենք, որ Մարիինյան թատրոնի ամենատարեց աշխատակցուհու դին  հայտնաբերվել էր 2017 թվականի նոյեմբերի 21-ին, Վարշավյան փողոցի տներից մեկում: Իրավապահներն օպերատիվորեն ձերբակալել էին ՀՀ երկու քաղաքացու՝ Ռազմիկ Հակոբյանին և Սենիկ Նարոյանին, ինչպես նաև բարեգործական հասարակական կազմակերպություններից մեկի աշխատակցուհի Գալինա Հուսեյնովային, որը սպանվածի խնամողն էր:

Գործին առնչվող նյութերից հայտնի է դարձել, որ Հուսեյնովանն խնամել է Նինա Մացինային և տեղյակ եղել նրա մոտ առկա կանխիկ գումարի ու արժեքավոր իրերի մասին: Ըստ նախաքննական վարկածի՝ Հուսեյնովան խաբեությամբ Նինա Մացինայի տուն է սողոսկել, որից հետո Նարոյանին է ներս թողել, իսկ Հակոբյանը շրջակայքն է հսկել։ Նրանք կնոջը ծեծի են ենթարկել, գողացել բանկային քարտը, շրջանակի մեջ դրված ինքնագրով լուսանկարը, ինչպես նաև 130 հազար ռուբլու չափով գումար, ինչից հետո խեղդել են կնոջը: