Զարեհ Սինանյանը ՌԴ-ում քննարկել է հանձնակատարի ինստիտուտի ներդրման վերաբերյալ հարցեր

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում. նա այցելել է Մոսկվա, Տվեր և Պերմ քաղաքներ: Այս մասին տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Նոյեմբերի 18-20-ը Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Մոսկվայում: Նա Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում հանդիպել է հայ երիտասարդ գործարարներին, քննարկվել են հանձնակատարի ինստիտուտի ներդրման վերաբերյալ հարցեր: Հենց այս թեմայի ներկայացումն էլ հանդիսացել է այցի գլխավոր նպատակը:

Զարեհ Սինանյանն այցելել է նաև Մոսկվայի ВДНХ-ի (Ժողտնտեսության ձեռքբերումների ցուցահանդես) հայկական տաղավար և տնօրեն Արտյոմ Մուսայելյանի ուղեկցությամբ շրջայց կատարել: Լազարևների անվան դպրոցում նա մասնակցել է համերգային ծրագրի:

Այս ամենից բացի` հանձնակատարը հանդիպումներ է ունեցել հայ մտավորականության հետ, այդ թվում մարշալ Բաբաջանյանի թոռնուհի նկարչուհի Յուլյա Մարկոսի հետ: Հայ բժիշկների հետ հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանն ասոցիացիայի նախագահ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանին փոխանցել է ՀՀ նախագահի կողմից շնորհված մեդալը:

Արարողությանն առցանց միացել են ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները:

Մոսկվա այցի վերջին օրվա ընթացքում հանդիպում է անցկացվել Հայ իրավաբանների ասոցիացիայի երիտասարդների, նաև լրագրողների հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներկայիս վիճակին առնչվող հարցեր: