Ռուբեն Մելքոնյան. Թուրքիան չի կասեցրել գործընթացը, այլ`պարզապես փոխվել է խորհրդարանը

Ռուբեն Մելքոնյան. Թուրքիան չի կասեցրել գործընթացը, այլ`պարզապես փոխվել է խորհրդարանը

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով թուրքական խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների կասեցմանը` հայտարարել է, թե «Թուրքիան չի կասեցրել գործընթացը», այլ`պարզապես փոխվել է խորհրդարանը, մինչդեռ ԱԳ նախարար Ահմեդ Դավիթողլուի ստորագրությունը շարունակում է մնալ վավերական:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում օրերս անվավեր է ճանաչվել ընդհանուր առմամբ 898 օրինագիծ, որոնց թվում են նաեւ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին Արձանագրությունները»:

Համաձայն թուրքական խորհրդարանի կանոնակարգի, բոլոր այն օրինագծերը, որոնք չեն հաստատվում նախորդ գումարման խորհրդարանի կողմից, նոր գումարման խորհրդարանում անվավեր են ճանաչվում:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը հիշեցրեց, որ ըստ էության, Հայաստանում եւս գործընթացն ամիսներ առաջ կասեցվել էր, սակայն ի տարբերություն թուրքական կողմի, Մելքսյանի խոսքով, «մենք շարունակում ենք միջազգային հանրության համար վստահելի գործընկեր մնալ, մինչդեռ Թուրքիան ցուցադրեց իր ապակառուցողականությունը»:

Մելքոնյանը նաեւ նշեց, թե թուրքական խորհրդարանի համար սկզբունք է խորհրդարանից խորհրդարան փոխանցել չվավերականացված փաստաթղթերը:

«Պարզապես Հայաստանի համար սա նոր երևույթ է, դա է պատճառը, որ մենք սա ինչ-որ կարեւոր իրադարձություն ենք համարում»,- նշեց Մելքոնյանը:

Թուրքագետը նաեւ նշեց, թե թուրքական պետական մեքենան ունի որդեգրած մշտական քաղաքականություն, սակայն նոր խորհրդարանն առանձնանում է իր ընդգծված հայատյացությամբ. Մելքոնյանը հիշեցրեց, որ թուրքական նոր խորհրդարանում ընդգրկված են երեք հայազգի պատգամավորներ, որոնք կտրականապես դեմ են ցեղասպանութության ճանաչմանը:

© Medialab.am