Ադրբեջանն ուզում է ուժի միջոցով փակել հակամարտության էջը. Արցախի նախագահ

Արցախի շրջափակման միջոցով Ադրբեջանը հետապնդում է մի շարք՝ երկարաժամկետ, միջնաժամկետ ու կարճաժամկետ նպատակներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 25-ին լրագրողների հետ ունեցած հանդիպմանը նշեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Երկարաժամկետ նպատակներից է ձերբազատվել Արցախի ժողովրդից՝ իրականացնելով Արցախի ամբողջական էթնիկ զտում: Այսկերպ նա ուզում է ուժի միջոցով փակել հակամարտության էջը:

Միջնաժամկետ նպատակը Արցախի ժողովրդի բռնի կերպով հպատակեցումն է, Արցախի Հանրապետության, դիմադրողականության համակարգերի կազմաքանդումը: Ադրբեջանի նպատակն է՝ Արցախի բնակչությանը մղել արտագաղթի, փլուզել Արցախի տնտեսությունը, ձեռք բերել լրացուցիչ ճնշման միջոց Հայաստանի վրա, մասնավորապես, Ադրբեջանի ու Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով արտատարածքային ճանապարհ ձեռք բերելու նպատակով:

Կարճաժամկետ նպատակների մեջ է մտնում Արցախի ժողովրդին հոգեբանական ահաբեկչության ենթարկելը, Արցախի մուտքի և ելքի հանդեպ մշտական վերահսկողություն սահմանելը, Արցախում ապրելու համար անտանելի պայմանների ստեղծումը, հայկական կողմերի կարմիր գծերը փորձարկելն ու հատելը, անվտանգության և կայունության միջազգային և տարածաշրջանային երաշխիքների հեղինակազրկումը»,- շեշտեց Արցախի նախագահը: