Հայրապետյաններն ամեն ինչ կորցնելուց հետո էլ 10 երեխաների հետ վերադարձել են Արցախ. «Ուզում եմ բոլորն ապրեն իրենց հողում»

34-ամյա Հերմինե Հայրապետյանը 10 երեխաների և ամուսնու հետ վերադարձել է Արցախ՝ Ստեփանակերտ։ Ասում է, որ չնայած պատերազմի հետևանքով վախեր ունեն, բայց շատ ուրախ են, որ վերադարձել են իրենց ծննդավայր:

«Մեր հայրենիքն ա, մեր ծննդավայրն ա, մեր հողն ա, շատ ուրախ ենք, որ վերադարձել ենք։ Երեխաներն էլ են շատ ուրախ, որ եկել ենք էստեղ, հատկապես՝ ուսանող աղջիկս, չի մտածում, որ սա պատերազմի գոտի ա եղել։ 

Ճիշտ ա, մի քիչ վախ կա, բայց Աստված վերևն ա, որ պատերազմի ժամանակ փրկվել ենք, հիմա էլ կփրկվենք: Ես գիտեմ, որ պատերազմ չի լինի, տենց եմ մտածում։ Ես կարոտել էի մեր հողն ու ջուրը, մաքուր օդը, ուրիշ ա, երբ իմանում ես՝ քո հողում ես»,- ասում է բազմազավակ մայրը։

Հերմինեն մինչև պատերազմը ընտանիքով բնակվել է Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր գյուղում։ Գյուղից դուրս է եկել սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը։ Այժմ գյուղը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Մոտ 2 ամիս Հայրապետյանների ընտանիքը ապաստան է գտնում Հայաստանում, պատերազմի ավարտից հետո վերադառնում Ստեփանակերտ, սկզբում հյուրանոցում բնակվում, այնուհետև ժամանակավորապես ապաստանելու համար տուն ստանում։

«Ամսի 27-ին հենց տեղափոխվեցինք, գյուղի վրա անօդաչու սարքերն էին ֆռռում, առավոտ շուտ դուրս եկանք, մենք ոչ մի բան չկարողացանք վերցնել։ Ես՝ որպես բազմազավակ, տուն էի ստացել, կահույքով, ամեն ինչով, տնամերձ հողամաս ունեինք։ Մեր տունը կորցրեցինք։ Աղդամը հանձնելուց մեր գյուղն էլ հանձնեցին։ Ամիս ու կես մնացինք Հայաստան, որ դադարը հայտարարեցին, եկանք Ստեփանակերտ»,- պատմում է Հայրապետյանը։

Նշում է, որ անգամ պատերազմի թեժ օրերին էին ցանկացել հետ գնալ Արցախ՝ իմանալով, որ այդ ժամանակ գյուղը հարձակման չի ենթարկվել:

«Ճիշտն ասած, մենք էն ժամանակ էլ ուզել ենք հետ դառնալ, մեզ տամոժնիում չեն թողել, մենք չենք կարում առանց մեր հող ու ջրի։ Հայաստանում՝ Արտաշատում էինք մնում, տալիս տունն էր։ Դե, ասեցինք՝ մեր գյուղի վրա չեն խփել, գնանք, բայց չթողեցին, ասեցին՝ երեխեքի հետ չեք կարա։

Մենք ուզում էինք վերադառնալ, որովհետև մեր տունը-տեղը Արցախում էր, ամենակարևորը՝ մեր գերեզմանները էնտեղ էին, 6 ամսական երեխա եմ կորցրել, գերեզմանը էնտեղ ա, տալիս գերեզմանը, նոր էր մահացել, նոր էինք թաղումը արել, սկսեսուր, սկեսրայրիս գերեզմանները ևս։ 

Հետո որ զանգեցին, ասեցին՝ տունը տվել են, ասեցի՝ գոնե գնանք, գերեզմանները տեսնենք։ Եկանք, տեսանք, էլի սրտի հովություն էր, մի օր հետո գյուղը տվեցին, մեր գերեզմանները անցան թուրքին»,- հուզմունքով ասում է Հայրապետյանը։

Այժմ գլխավոր ցանկությունն է, որ խաղաղություն լինի։ Ասում է` ճիշտ է, դեռ աշխատանք չունեն, բայց գիտեն՝ իրենց հողի վրա են, խաղաղություն լինի, ամեն ինչ նորից կստեղծեն:

«Եթե խաղաղություն լինի, մեր առաջվա կյանքը, ոնց եղել ա շատ լավ, կձգտենք, որ դրան հասնենք: Մենք աշխատող ենք եղել, աշխատում էինք ոսկու հանքում, ամուսինս բանվոր էր, ես հավաքարար էի աշխատում՝ մինչև երեխու ծնվելը։ Ամուսինս հիմա աշխատանք է փնտրում, բանվոր ա, լավ խորոված էլ ա անում, ռեստորանում աշխատել ա, ում ասում ա, ասում են՝ դեռ տեղ չունենք։

Բայց միակ ցանկությունս խաղաղությունն է, մի ձև կապրենք, յոլա կգնանք»,- ընդգծում է Հերմինե Հայրապետյանը։

Նշում է, որ այժմ Ստեփանակերտում տրամադրությունը լավ է, շարժ կա, մարդիկ ցավ են տեսել, կորուստներ ունեցել, բայց փորձում են հաղթահարել:

«Ժողովուրդը գնում ա գործի, դպրոց կա, մանկապարտեզները բացված են։ Առևտուրը նորմալ ա, մթերք, ամեն ինչ կա, մեծ շուկաները բաց են, սուպերմարկետները, խանութները բաց են։

Փառք Աստծո, ճիշտ ա՝ մարդիկ մի քիչ նեղված են, զոհեր ունեն, կորուստներ ունեն, բայց պիտի պայքարենք, չէ՞, որ նեղությունից դուրս գանք։

Իրար որ դրսում տեսնում ենք, շփվում ենք, իրար հետ կիսվում ենք: Որ հանդիպում ես, արդեն պատերազմի բառերն են սկսում թելադրել՝ ինչ խոսես: Հարցնում ենք՝ որտե՞ղ եք ապրում, ո՞նց եկաք, ի՞նչ եք անում։ Մարդիկ ուզում են մնալ Արցախում, մենակ մտքերի մեջ վախն ա, սպասում են իսկական խաղաղության»,- պատմում է Հովակիմյանը։

Հերմինեն ասում է, որ որպես բազմազավակ ընտանիք պետք է առաջիկա ամիսներին տուն ստանան, սպասում են նոր տանը, որ նոր կյանք կառուցեն՝ հույսով, որ այլևս պատերազմ չի լինի, ու չի խաթարվի իրենց բնականոն կյանքը:

«Երևի մի 5-6 ամիս հետո տուն կտան, ասեցին՝ շուտ չի լինի, բայց որ սկսեն բաժանել, առաջնահերթ մենք կլինենք՝ որպես բազմազավակ ընտանիք։

Ես ուզում եմ բոլոր արցախցիներն ապրեն իրենց հողում, մի օր կվախենան, մի օր լավ կլինի, մի լույս կբացվի, հո սենց չենք մնա, լավ կլինի: Ես կմաղթեմ, որ խաղաղություն լինի, ու Արցախը նորից շենանա»,- ասում է Հերմինե Հովակիմյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am