Օրերս Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թերի Դեւիդսոնը հայտարարել է, թե Սպիտակ տան եւ Պետդեպարտամենտի կողմից ոչ մի խոչընդոտ չկա` Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակման հարցում:
«Այժմ Մեթյու Բրայզայի թեկնածությունը քննարկվում է ԱՄՆ-ի Սենատում, եւ միակ բանը, ինչ մենք կարող ենք անել` դա սպասելն է», – ըստ ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության, ասել է Դեւիդսոնը:
Դեւիդսոնը հայտարարել է նաեւ, թե Սենատի` ԱՄՆ-ի իշխանության անկախ մարմնի իրավասությունների շրջանակում է տեղի ունենում դեսպանի նշանակումը, եւ ըստ նրա, «Ադրբեջանում դեսպանի նշանակման այլ ճանապարհ չկա»:
Մի քանի օր առաջ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի նշանակումը կասեցվել է. Բրայզայի թեկնածությունը Սենատում արգելափակել են հայամետ սենատորներ Բարբարա Բոքսերը եւ Ռոբերտ Մենենդեսը:
© Medialab.am