Հայտարարություն Սեդա Սաֆարյանի դստերն ու ազգականներին բռնության ենթարկելու դեպքի վերաբերյալ

2020 թվականի ապրիլի 24-ին Երևանի Մալաթիա վարչական շրջանի իրենց բնակավայրում ծեծի են ենթարկվել իրավապաշտպան-փաստաբան Սեդա Սաֆարյանի դուստրն ու ազգականները։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Միջադեպը որպես կենցաղային վեճ ներկայացվելով հանդերձ՝ մամուլում դեպքից անմիջապես հետո շրջանառվեց վարկած՝ արարքը Սեդա Սաֆարյանի մասնագիտական-փաստաբանական գործունեության հետ կապված լինելու վերաբերյալ, ինչը մեզ հետ զրույցում հաստատեց փաստաբանն ինքը։

Փաստաբանը, մասնավորապես, նշեց, որ իր դստերն ու ազգականներին ծեծի ենթարկելը «պատահական» չէ՝ ի թիվս այլնի նկատի ունենալով, որ բռնության է ենթարկվել հատկապես իր դուստրը։ Սեդա Սաֆարյանը հայտնեց նաև, որ ակնկալիք չունի, թե ոստիկանության կողմից օբյեկտիվ և համակողմանի քննություն կկատարվի, և որ ինքն անձամբ է ջանքեր գործադրում կատարված հանցանքը, այն կատարող բոլոր անձանց բացահայտելու և նրանց՝ իր գործունեության հետ կապված հնարավոր կապերը ստուգելու ուղղությամբ։

Հարկ ենք համարում ընդգծել, որ փաստաբանների դերն անփոխարինելի է մարդու իրավունքների պաշտպանության գործում, և դրա արդյունավետ իրականացման համար փաստաբանները պետք է իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս լինեն անկախ ու ազատ և ամենակարևորը՝ զերծ բոլոր տեսակի ճնշման միջոցներից։

Ավելին, պետությունը պետք է պատշաճ պաշտպանություն տրամադրի նաև իրավապաշտպան-փաստաբանների ընտանիքի անդամներին՝ նրանց զերծ պահելով ահաբեկման կամ ճնշման ցանկացած գործողությունից։

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով իրավապաշտպան փաստաբան Սեդա Սաֆարյանի ու նրա ընտանիքի անդամների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև Սեդա Սաֆարյանի ազատ ու անկաշկանդ մասնագիտական-փաստաբանական գործունեության իրականացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը՝ Մարդու իրավունքների տուն Երևանը ՀՀ դատախազությանն ու ոստիկանությանը կոչ է անում՝

  • իրականացնել բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննություն իրավապաշտպան-փաստաբան Սեդա Սաֆարյանի դստերն ու ազգականներին բռնության ենթարկելու դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ հանցանքը փաստաբան Սեդա Սաֆարյանի մասնագիտական գործունության կատարման հետ կապված լինելու վարկածը, պարզելու, մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

28 ապրիլի 2020 թ․, Երևան

Մարդու իրավունքների տուն Երևան