«Հադրութի համը»՝ գաթաներ, ժենգյալով հաց, տարատեսակ թթուներ․ Արցախցի կանայք իրենց իսկ աշխատանքով հոգում են ընտանիքի կարիքները

Արցախյան ընկույզով գաթա, ժենգյալով հաց, հոնի, զկեռի, լցոնած պոմիդորով թթու և այլ ախորժելի ուտեստներ․ պատերազմի հետևանքով Արցախից Հայաստան տեղափոխված Հադրութի կանայք գործի են դրել իրենց խոհարարական հմտությունները և դրանով լուծում են իրենց կենցաղային հոգսերը։

«Հադրութի համը» անվանումը ստացած Ֆեյսբուքի էջը կանանց պատրաստ ուտելիքների մասին տեղեկացնելու և պատվերներ գրանցելու հարթակ է։ «Հադրութի համը» նախաձեռնության հեղինակ Նունե Ներսիսյանը «Մեդիալաբին» ասում է, որ կանայք մեծ ոգևորությամբ են աշխատում՝ պատրաստելիս ներդնելով իրենց սերն ու ուժը: «Դրա համար էլ շատ համեղ է ստացվում»,- նշում է նա:

Մասնագիտությամբ բժիշկ Նունե Ներսիսյանն ասում է, որ նախաձեռնության գաղափարը ծագեց, երբ տարբեր օգնություններ տրամադրելով հասկացավ, որ անհրաժեշտ է ավելի երկարաժամկետ նախաձեռնություն, որ կանայք կարողանան նաև աշխատել և վաստակել։

«Սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը սկսվեց, սեպտեմբերի 29-ին մեկնել եմ Հադրութ, Տող գյուղի հոսպիտալում մոտ մեկ շաբաթ անցկացնելուց հետո, երբ այնտեղ մարտերը շատ թեժ էին, և հոսպիտալը տարհանվում էր, եկա Երևան։ 

Այդ տարածաշրջանի բնակիչների հետ նաև ծանոթ էի, Հադրութի կանայք սկսեցին Ֆեյսբուքի էջիս գրել, որ եկել են Երևան, խնդրում են օգնել։ Սակայն հասկանում էի նաև, որ մեկ-երկու անգամ օգնություն տրամադրելով մարդկանց հոգսը չեմ թեթևացնի, կոմունալներ պետք է վճարեն, ձմեռ է, այլ պարագաների կարիք ևս կա, բացի առաջնային սննդից: Դիմեցի կանանց, նրանք մեծ սիրով համաձայնեցին, որ աշխատատեղեր լինեն, իրենք աշխատեն ու իրենց ընտանիքները պահեն»,- ասում է նախաձեռնության հեղինակը։

Ներսիսյանի խոսքով՝ սննդի վաճառքից ստացված հասույթը բաժանվում է երեք մասի՝ հումք են գնում, աշխատավարձ է տրամադրվում կանանց, իսկ երրորդ մասն ուղղվում է այն ընտանիքներին, որտեղ կանայք չեն կարող աշխատել, փոքր երեխաներ ունեն։

Ուտեստների պատրաստման աշխատանքներում ներգրավվել է 8 կին։ Ուտեստների պատվերը կատարվում է առցանց՝ «Հադրութի համը» Ֆեյսբուքի էջի միջոցով։

«Պատրաստում են ժենգյալով հաց՝ 19 տեսակի կանաչեղենով, այստեղ գտել ենք մի կին, որը կարողանում է մատակարարել այդ կանաչիները, արցախյան ընկույզով գաթա են պատրաստում, խորիզով գաթա, հոնի թթու, զկեռի թթու, լցոնած պոմիդորով թթու և այլն»,- նշում է Ներսիսյանը։


Նա ընդգծում է, որ կանայք մասնակցել են 2018-ի ժենգյալի փառատոնին և հմուտ են ուտեստներ պատրաստելու հարցում։ Ներսիսյանի խոսքով՝ ամենապահանջված ուտեստները ժենգյալով հացն ու փախլավան են:

«Թթուները մեր երևանյան քիմքին մի քիչ անսովոր են՝ զկեռը, փորոտիքը, հորթի լեզվով նաև թթու ունենք, բայց, կարծում եմ՝ մարդիկ մեկ-երկու անգամ փորձելուց հետո կօգտվեն դրանցից»,- ասում է նա։

Ներսիսյանն ասում է, որ մարդկանց արձագանքներն ու պատվերները գոհացուցիչ են, սակայն լինում է ժամանակ, որ պատվերներ քիչ են լինում: «Երբ պատվերները քիչ են լինում, կանայք նեղվում են, բայց ամեն ինչից էլ կարելի է դուրս գալ և կարգավորել»,- ասում է նա։

Ներսիսյանի խոսքով՝ կանայք հիմա մեկ գլխավոր նպատակ ունեն՝ տեսնել հաղթանակը և վերադառնալ իրենց տները։ «Նրանք մի տրամադրություն ու նպատակ ունեն, որ մենք հաղթելու ենք, ու իրենք վերադառնալու են իրենց տները։ Մենք մեծ կամքի ուժ ունենք, թիկունքից օգնում ենք այդ ընտանիքներին, իրենք՝ իրենց ամուսիններին, որպեսզի ամուսինները ավելի մեծ ուժով, հանգիստ խղճով կարողանան պայքարել հանուն մեր հողի, ու ունենանք հաղթանակ»,- ընդգծում է Ներսիսյանը

Արփինե Արզումանյան

MediaLab.am