Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 16-21-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Երևան քաղաքում՝ հուլիսի 16-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`հուլիսի 16-ի ցերեկը, 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային 2-5մ/վրկ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-15մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-17-ին կբարձրանա 2-4 աստիճանով։