Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում կայացավ Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը 22 հրշեջ ավտոմեքենայի հանձնման հանդիսավոր արարողությունը:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:
Ֆելիքս Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը նպատակային և անշահախնդիր աջակցության համար։ «Ամիսներ անց կլրանա հայ-ճապոնական հարաբերությունների հաստատման 28-րդ տարին, սակայն հայ և ճապոնացի ժողովրդի բարեկամական կապերը դիվանագիտական հարաբերություններով չեն միայն պայմանավորված և բնավ միայն դրանցով չեն սահմանափակվում:
Հայ-ճապոնական երկարամյա և յուրատեսակ համագործակցության ևս մեկ վկայագիրն է հանդիսանում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի շրջանակում Հայաստանին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզի փրկարարական ստորաբաժանումներին տեխնիկական վերազինման համար տրամադրված շուրջ 1 միլիարդ 540 միլիոն իենի օգնությունը»,- ընդգծեց Ցոլակյանը։
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան նշեց, որ իր համար մեծ հաճույք է մասնակցել հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի շրջանակում ՀՀ ԱԻՆ-ին 22 հրշեջ մեքենաների հանձնման արարողությանը։ «Ճապոնիայի դրամաշնորհի մասին պայմանագիրը Հայաստանի կառավարության հետ կնքվել է 2017 սեպտեմբերի 6-ին և ուղղված է Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությանը»,-ասաց Յամադան։