Բաքուն այժմ լիաթոք ձայնակցում է Մոսկվային, մինչդեռ Երևանը նախապատվությունը տալիս է եվրոպական հարթակներին. Արման Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, մի կողմից Ռուսաստանի ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնում կազմակերպել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, մյուս կողմից էլ՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է, թե պատրաստ են բանակցել Բրյուսելում, հասնել վերջնակետի ու կնքել խաղաղության պայմանագիրը: Արևմուտքն ու Ռուսաստանը մրցակցո՞ւմ են այս մասով:

– Կարելի է ենթադրել, որ սա բովանդակային մրցակցություն է Ռուսաստանի ու ԵՄ-ի միջև։ Տեսնում ենք, որ ռուսական կողմն իր ԱԳՆ խոսնակի միջոցով ցանկություն է հայտնում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության միջոցով իր վերահսկողության տակ պահել Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում, մինչդեռ պաշտոնական Երևանը պնդում է, որ Հայաստանի տարածքով անցնող ցանկացած ճանապարհ պետք է գործի հայաստանյան օրենսդրության համապատասխան, չի կարող ունենալ արտատարածքային կարգավիճակ և պետք է վերահսկվի ՀՀ համապատասխան կառույցների կողմից։

– Հայաստանը մերժո՞ւմ է ռուսական հարթակը, ինչո՞ւ, թե սա սխալ տպավորություն է:

– Հակառակ Մոսկվայի վերոնշյալ մոտեցման՝ ԵՄ միջնորդական մասնակցությամբ կնքվելիք պայմանագրի տարբերակը դժվար թե Հայաստանի ինքնիշխանության որևէ սահմանափակում ենթադրի։ Սա է պատճառը, հավանաբար, որ Բաքուն այժմ լիաթոք ձայնակցում է Մոսկվային, մինչդեռ Երևանը նախապատվությունը տալիս է եվրոպական բանակցային հարթակներին։ Կարծում եմ, որ պաշտոնական Երևանը որևէ խնդիր չի ունենա Մոսկվայում բանակցություններ վարելու վերաբերյալ, եթե վերջինս իր մոտեցումներում չշոշափի, կասկածի տակ չդնի Հայաստանի ինքնիշխանությունը։

– Պարո՛ն Մելիքյան, Հայաստանը պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանը հստակ ճանաչի Հայաստանի 29800 քառակուսի կիլոմետր տարածքը: Ադրբեջանը պատրա՞ստ է ճանաչելու Հայաստանն այս սահմաններով, առհասարակ, նա շահագրգի՞ռ է կնքել պայմանագիր:

– Ադրբեջանական կողմն այժմ, մանավանդ ռուսական թողտվությամբ Արցախի Հանրապետության լիակատար բռնի հայաթափումից հետո, անվերապահորեն աջակցում է ռուսական մոտեցումներին՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հետ կապված նախապայմաններ առաջ քաշելու հարցում։ 

Քանի դեռ Բաքուն Հայաստանի հետ հարաբերություններում կպահպանի ուժեղի դիրքերից հանդես գալու հնարավորությունը, ամեն կերպ կձգտի առկախել խաղաղության համապարփակ պայմանագիր կնքելու հեռանկարը՝ պաշտոնական Երևանի կողմից նոր զիջումներ կորզելու ակնկալիքով։ Առավել ևս, որ դա արվելու է թղթով ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ճնշման տակ։

– Եթե պայմանագիրը կնքվի այնպես, ինչպես ասում է ՀՀ Կառավարությունը, Հայաստանի համար լինելո՞ւ է խաղաղության պայմանագիր:

– Աշխարհում և մեր տարածաշրջանում ծավալվող գործընթացները, հակամարտությունների աշխարհագրության աննախադեպ ընդլայնումը ենթադրել են տալիս, որ իրատեսական չէ կայուն ու տևական խաղաղություն ակնկալել գոնե առաջիկա 5-10 տարիների ընթացքում։ Այդուհանդերձ, այժմ նման փաստաթղթի կնքումը որոշակի իրավական նախադեպի ուժ կունենա այն ժամանակ, երբ ու եթե աշխարհը և մեր տարածաշրջանը կվերադառնան հավասարակշիռ ռազմաքաղաքական վիճակի։

– Արցախյան հակամարտությունը լուծվա՞ծ է, պարո՛ն Մելիքյան, այդ պայմանագրում Արցախի, արցախահայության վերաբերյալ կետեր չպե՞տք է լինեն:

– Հայաստանի վարչապետը բանավոր հայտարարել է, որ ճանաչում է Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս։ Սա ազդանշան է, որ պաշտոնական Երևանը պատրաստ է անտեսել Արցախի հարցը Ադրբեջանի հետ կնքվելիք պայմանագրի տեքստում։ 

Առավելագույնը, ինչ կարելի է այսօր ակնկալել, այն է, որ կարող է ինչ-որ մի դրույթ լինել Արցախի հայ բնակիչների՝ իրենց տները վերադառնալու հնարավորության ապահովման մասին։ Այստեղ էլ, կարծում եմ, հարցը դիտարկվելու է Բաքվի մոտեցումների հիման վրա։

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը համաշխարհային այս զարգացումների ֆոնին, ճի՞շտ ուղղությամբ է շարժվում իշխանությունը:

– Մենք օբյեկտիվ չենք լինի, եթե Հայաստանի իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը գնահատենք բացառապես այս պահին գոյություն ունեցող իրողություններից ելնելով։ Կարծում եմ, որ Փաշինյանի կառավարությունը թերացել է պետական, ազգային շահերի պաշտպանությունը լիարժեք ապահովելու գործում և այս առումով իր նախորդների շարքից չի առանձնանում։ Տարբերությունն այն է, որ նախորդների մոտեցումները խարխլեցին մեր պետականության հիմքերն այն աստիճան, որ այժմ գործող իշխանության քաղաքական խակությունն ու անգործունակությունն այն գործոնները եղան, որոնք ապահովեցին մեզ համար ճակատագրական ռազմական աղետալի տապալումներն ու դրանց իրավաքաղաքական հետևանքները։ 

Այսօր էլ շարժվում են այն ուղղությամբ, որն իրենց առավել շահեկան է թվում, բայց այն, ինչ հրամցվում է դրսից, ամեն դեպքում սեփական քաղաքականություն համարվել չի կարող: Ակնհայտ են կախումն արտաքին գործոններից ու հիմնավոր սեփական քաղաքական նախաձեռնությունները գոյավորելու, մեղմ ասած, ցածր կարողականությունը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am