Ղազախստանը կարող էր անկարգությունները հարթել առանց ՀԱՊԿ ներգրավման. Բլինկեն

Միացյալ Նահանգները կարծում է, որ Ղազախստանի իշխանությունները ի զորու են հարթել անկարգությունները սեփական ուժերով՝ առանց ՀԱՊԿ ներգրավման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, այստեղ մենք հարցեր ունենք՝ կապված [Ղազախստանի] խնդրանքի հետ, թե ինչու է նման խնդրանք բարձրացվել, այս հարցում մենք փորձում ենք ավելի շատ տեղեկատվություն ստանալ: Ես կարծում եմ, որ Ղազախստանի իշխանություններն ու կառավարությունը, անկասկած, ունեն ներուժ՝ զբաղվելու ստեղծված իրադրությամբ, պաշտպանելու ցուցարարների իրավունքներն ու միաժամանակ պահպանելու կարգն ու կանոնը: Այդ պատճառով, հասկանալի չէ՝ ինչու են նրանք արտաքին աջակցության կարիք զգացել»,- ասել է Բլինկենը:

ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել ՀԱՊԿ խաղաղապահներին և Ղազախստանի անվտանգության ուժերին հարգել ցուցարարների իրավունքները: Նա նաև կարծիք է հայտնել, որ Ղազախստանում ներկայիս անկարգությունների հիմքում քաղաքական ու տնտեսական բնույթի պատճառներ կան: