«Ակնհայտ է, որ ռուսական կողմի նպատակն է Արցախում հակամարտության կառավարումը, ոչ թե կարգավորումը». քաղաքագետ

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը

– Պարո՛ն Օրդուխանյան, Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր առավոտյան արձանագրված դեպքն ինչի՞ հետևանքը կամ արդյունքն էր։

– Սա իրականում հետևանք է Ադրբեջանի սանձարձակ և անպատժելի գործողությունների, որոնք որևէ խիստ արձագանքի չարժանացան Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսների կողմից։

Ադրբեջանն այս քայլերով ցույց է տալիս, որ իրականում ամենևին չունի խաղաղության օրակարգ ու այդ քողի ներքո փորձում է առաջ տանել իր համար նպաստավոր ճանապարհների ապաշրջափակումը ու այդ միջոցով շրջափակման մեջ թողնել մեզ։ Սա աշխարհաքաղաքականության մեջ կոչվում է քվազի, այսինքն՝ կեղծ ապաշրջափակում, որովհետև իրականում նրանք ենթադրել են տալիս, որ իրենց նպատակն ամենևին էլ ճանապարհների ապաշրջափակումը չէ, իրենց խնդիրը պարտադրանքների, ճնշումների միջոցով իրենց համար ցանկալի հաղորդուղիների ապաշրջափակումն է, որի մասին իրենք մշտապես խոսում են։

– Այսօրվա դեպքից հետո ի՞նչ զարգացումներ եք սպասում թե՛ ռուսական կողմից, թե՛ ադրբեջանական, ո՞րն է լինելու քաղաքացու այս արարքի հետևանքը կամ արդյունքը հայկական կողմի համար։

– Ակնհայտ է, որ ռուսական կողմի նպատակն է հակամարտության կառավարումը, ոչ թե կարգավորումը, հետևապես՝ կառավարելիության շրջանում լարվածության ապահովումը։

Պետք է շրջանառության մեջ դնել այս օրակարգը, որ Արցախում խաղաղարար առաքելության շրջանակներում՝ մոնիթորինգային խմբի տեսքով, ներգրավվեն եռանախագահության մյուս պետությունները՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն։ Սա պնդում եմ, որովհետև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը բացառապես հումանիտար գործառույթներով կարող է մասնակցություն ունենալ խնդրում:

Բայց, հիշեցնեմ, որ իրենք ևս այդ եռանախագահներից մեկն են ու իրենք ամենևին միայն այդ առաքելությամբ չեն Արցախում, այնպես որ, չեն կարող խախտել պարիտետի սկզբունքը, որովհետև ունեն հավասարաչափ լիազորություններ Մինսկի խմբի շրջանակներում, ինչ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Այսինքն՝ եթե իրենք ներգրավված են նաև ֆիզիկապես, խաղաղարար առաքելությամբ, ապա միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ խոչընդոտ չկա, որ եթե լինեն նման ցանկություն, անհրաժեշտություն, ապա մոնիթորինգային առաքելությամբ Արցախում ներգրավվեն նաև ֆրանսիական ու ամերիկյան ներկայացուցիչներ։

– Ձեր խոսքում ասացիք, որ այսօրվա միջադեպը հետևանք էր ադրբեջանական հանցագործությանը ռուսական կողմի ոչ պատշաճ արձագանքի, բայց չմատնանշեցիք Արցախի ու Հայաստանի իշխանությունների թերացումները։ Չկա՞ն այդ թերացումները, պարո՛ն Օրդուխանյան։

– Արցախի ղեկավարությունը, հասկանալի պատճառներով, չի կարող այդպիսի պահանջներ ներկայացնել Ռուսաստանին։ Վերջին հաշվով, քիչ թե շատ խաղաղ վիճակը, որ կա Արցախում, պայմանավորված է ռուսական գործոնով։ Հասկանում են, որ եթե մի փոքր հանդիմանեն, ադրբեջանական սանձարձակությունները կարող են ավելի ընդլայնվել, ու խաղաղ բնակիչների շրջանում զհերի թիվը շատանա, սա հասկանալի է, ու պետք չէ, որ ամեն բան բարձրաձայնվի այս իմաստով։

Ուղղակի պետք է հետևողական լինել, եթե արդեն մեկ տարի անցել է, և, օրինակ՝ ռուսական կողմը ո՛չ գերիների վերադարձի հարցում կարողացավ ամբողջական արդյունք ապահովել, տեսնում ենք նաև՝ խաղաղարար առաքելությունն է այս ընթացքում թերացումներով կատարվում, ու փորձել այս գործընթացում ներգրավել նաև մյուս սուբյեկտներին, որոնք միջազգայնորեն ճանաչված մանդատ ունեն, խոսքը Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի մասին է։

– Ստեղծված իրավիճակում որքանո՞վ եք իրատեսական ու հնարավոր համարում խաղաղ համակեցությունը հայերի ու ադրբեջանցիների միջև։

– Մեզ համար ակնհայտ է, որ Ադրբեջանի իրական օրակարգը հայասպանությունն ու հայատյացությունն է, ինչում համոզվեցինք նաև այս պայմանական հրադադարից հետո, իսկ այդ համագոյակցությունը հնարավոր է միայն, երբ Հայաստանը վերականգնի ուժերի հաշվեկշիռը, այսինքն՝ եթե բալանսը վերականգնվի, մենք կրկին կգնանք այդ հարաբերական խաղաղությանը, այլապես այս դեպքում պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք ադրբեջանական նոր ոտնձգությունների ու հարձակումների։

Մեր իրական օրակարգը պետք է լինի ամենօրյա ռեժիմով մեր բանակն ու պետականությունը կայացնելն ու հզորացնելը, ու երբ այդ ուժերի հաշվեկշիռը վերականգնվի, մենք կկարողանանք զսպել նոր պատերազմը։ Խոշոր հաշվով, արցախյան խնդիրը էթնիկ կոնֆլիկտ է, ոչ թե տարածքային, ինչպես ներկայացվում է, որովհետև նույնիսկ տարածքների հանդեպ վերահսկողության փոփոխությունից հետո այս հակամարտությունը կրկին շարունակվում է։

Այսպիսի հակամարտությունները չեն ունենում լուծումներ, դրանք հնարավոր է լինում միայն զսպել, ինչի համար էլ այդ սուբյեկտների միջև եղած ուժերի բալանսը պետք է պահպանվի։ Հիշեցնեմ, որ պատերազմը տեղի ունեցավ այն դեպքում, երբ ուժերի միջև առկա բալանսը խախտվեց, ու նույնիսկ մեր պաշտոնյաներն էին արձանագրում, որ սա հինգերորդ սերնդի պատերազմ էր, որին մենք պատրաստ չէինք։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am