Ականազերծման կենտրոնի մասնագետները Չինարիում վնասազերծել են Ադրբեջանի՝ չպայթած 122 մմ-անոց արկը

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերքներ հայտնաբերելու աշխատանքների ընթացքում, հուլիսի 23-ին Չինարի գյուղում գտել են 122մմ տրամաչափի Դ֊30 հրետանային արկ։ Այն տեղափոխվել է անվտանգ վայր և վնասազերծվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից, աշխատանքներն այս տարածքում դեռ շարունակվում են։

Ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 13-ին 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան»,- գրել էր Ստեփանյանը։ 

Ավելի վաղ, Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։