«Ես իրան սիրել եմ հիվանդագին, Սաքս իմ թուլությունն էր, իրանից հետո ես չեմ ապրում»․ 19-ամյա Սարգիսը զոհվել է հրադադարից ժամեր անց

Արցախյան 44-օրյա պատերազմը խլեց Թոմբուլյանների տան արևը՝ ընտանիքի մինուճար զավակին՝ 19-ամյա Սարգիս Թոմբուլյանին։ 39-ամյա Անահիտ Սահակյանն ասում է՝ որդին իր թուլությունն էր, իր կյանքի միակ իմաստը, որին սիրում էր հիվանդագին սիրով, աշխարհում ամեն ինչից առավել։ 

«Ես Սաքիս մենակ եմ մեծացրել, ամուսինս էլ մահացել ա, երբ Սաքը 14 տարեկան էր։ Տղես էգոիստ չէր, չնայած մեր մինուճարն էր։ Անսահման բարի, յուրահատուկ ու խելացի տղա էր, շատ էր սիրում կարդալ, իրան բանակում էլ շատ գրքեր էի ուղարկում, անակնկալ էի անում, գրքերի վրա գրում էի՝ բարի լույս, շարքայի՛ն Թոմբուլյան»,- պատմում է մայրն ու հավելում՝ Սարգիսը շատ-շատ էր խոսում ու հատկապես իր գրքերից։

«Որ միասին դուրս էինք գալիս, ասում էի՝ Սա՛ք ջան, որ մի 10 րոպե չխոսես, ինչ ուզես՝ կառնեմ, մեկ էլ երկու րոպե հետո խոսում էր: Ասում էի՝ Սա՞ք, ասում էր՝ մամա՛, մեկ ա գիտես, որ էդքան չեմ կարա չխոսամ։ Բանակից էլ որ զանգում էր, մենակ իր գրքերի թեման հերիք էր, որ ժամերով խոսեր։ 

Հենց գիրք էր կարդում, զանգում, ինձ պատմում էր: Ինքը դետեկտիվ ու ֆանտաստիկ ժանրի գրքեր էր կարդում, ես էլ դրանցից շատ հեռու եմ, բայց լսում էի իրան: Ասում էր՝ մամա՛, հաստա՞տ հետաքրքիր ա, ասում էի՝ հետաքրքիր ա, որ հանկարծ չնեղացնեի իրան»,- ասում է Անահիտն ու նշում՝ որդու հումորից էլ ոչ ոք չուներ, չափազանց կատակասեր էր։

«Ինքը նաև նկարչական տաղանդով էր օժտված։ 14 տարեկանից սկսեց նկարել, թղթից արձաններ պատրաստել։

Առաջին արձանիկները փոքր էին, հետո ավելի բարդ բաներ սկսեց սարքել, մտնում էր իրա սենյակ, դուռը փակում էր ու սկսում էր օրերով հավաքել: 

Չէինք խանգարում իրան, որովհետև որ մի բանը ծուռ էր լինում, զգում էինք, որ ջղայնանում էր, ասում էր՝ որ բանակից գամ, մի հատ էլ մեծ նավ եմ հավաքելու՝ զորամաս ուղարկեմ… Բանակում չեն իմացել իր ձեռքի շնորհքի մասին, նույնիսկ իր հրամանատարը որ տեսավ, զարմացավ, ասեց՝ էս Սա՞քն ա սարքել, ասեցի՝ հա՛, ասեց՝ բա ինչի՞ մեզ չի ասել։ Շատ համեստ էր, չէր սիրում, երբ իրան գովում էինք, ասում էր՝ ինձ պիտի շփվելով ճանաչեն»։

Սարգիսը սկզբում ցանկանում էր ընդունվել Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դիզայնի բաժին։ Ինքնուրույն պարապել էր, հանձնել քննություններն ու բավական բարձր միավորներ ստացել, սակայն տվյալ բաժնի սահմանափակ տեղերի պատճառով չէր ընդունվել և գործերը տեղափոխել էր ինֆորմատիկայի պետական քոլեջ՝ ծրագրավորման բաժին։ Նպատակ ուներ քոլեջն ավարտելուց հետո ընդունվել Ճարտարապետական համալսարանի դիզայնի բաժին, բայց պատերազմը փոխեց ամեն ինչ։

«Սաքս բանակ գնաց 2019 թվականի հունվարի 31-ին, բայց պիտի 25-ին գնար։ 25-ին, երբ իրենց ավտոբուսներն արդեն պիտի շարժվեին, ինձ կանչեցին ու ասեցին, որ Սարգիսը փորի շրջանում վտանգավոր խալ ունի, ու որ իրան տանեինք հավելյալ հետազոտության: Մինչև հետազոտության արդյունքները եկան, եղավ հունվարի 31-ը, ու տենց գնաց Ստեփանակերտ: 

Նեղվել էր, որ ինձ մենակ պիտի թողներ ու դուրս գար աշխատանքից՝ ծառայության գնալու համար, ասում էր՝ մամա՛, բա ո՞նց պիտի անես, ասում էի՝ դա արդեն քեզ չպիտի հուզի, դու պիտի մենակ քո ծառայության մասին մտածես»,- ասում է մայրն ու հավելում՝ երբեք նեղություն չէր տալիս իրեն, իսկ որդուն ինչ-որ բան ուղարկելը միշտ խնդիր էր։

«Ասում էի՝ Սա՛ք, մի քանի հատ կանֆետ եմ ուղարկում, ասում էր՝ մամա՛, կես տոպրակ, ասում էի՝ հա՛, կես տոպրակ, ասում էի՝ Սա՛ք, մի քանի բան էլ ավելացնեմ, ասում էր՝ ոնց որ արդեն շատանում ա, հա՞։ 

Մի օր էլ զանգեց, ասեց՝ 100 օրս լրացել ա, որ քո վրա շատ ծախս չլինի, կլինի՞ օրը 1 չուպաչուպս առնես, որ գամ, բոլորը լցնես դեմս։ Ամսի 27-ի համար էլ պիտի մի քանի բան ուղարկեի, բայց առավոտը ժամը 8-ը չկար, զանգեց, անջատեցի, մի անգամ էլ զանգեց, վերցրի, ասեց՝ մա՛մ, մեզ դուրս են տանում, չաստում չենք լինելու, իրիկունը ուշոտ նոր կգանք, ես կասեմ՝ երբ ուղարկես վեշը։ 

Էդ օրը քունս էլ չտարավ, հեռախոսս վերցրի՝ տեսնեմ ինչ կա, մտա Ֆեյսբուք, տեսա, որ Ստեփանակերտը ռմբակոծել են, ու պատերազմ ա սկսվել»,- պատմում է Անահիտն ու հիշում՝ այդ օրը որդին նամակ էր գրել՝ մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ ա, մենք լավ ենք, լուրերը քիչ նայի։

Սարգիսը կռվել է Հաթերքի, Ասկերանի, իսկ նոյեմբերի 1-ից ՝ Կարմիր Շուկայի շրջանում, որտեղ թեժ են մարտեր են ընթացել։ Զոհվել է նոյեմբերի 9-ին՝ հրադադարից ժամեր անց։

«Ինքը եղել ա ականանետի հաշվարկող, հետո ականանետի նշանառու ա դարձել, երբ դրա կարիքը արդեն եղել ա։ Նոյեմբերի 9-ին իմացել են, որ արդեն հրադադար ա, իրանց զենքի մոտ գտնվող շելի [ճեղքի] մոտ կանգնած խոսել են, հետո արդեն շատ ուշ ա եղել, ուզել են հանգստանալ: 

Մինչ էդ Սաքը հանգստի ժամին ուրիշ շելում էր հանգստանում, էդ շելի տղեն ասել ա՝ Սա՛ք, չես գալի՞ս, ասել ա՝ չէ՛, չեմ գալիս, ստեղ եմ էսօր մնալու։ Ոչ ոք չի գնացել էդ շել, էդ տղան ա մենակ գնացել, երկու ժամ հետո ավիառումբը Սաքենց շելի վրա են քցել, հողը փլվել ա, իրանք մնացել են հողի տակ, հետո եկել են օգնություն ցույց տալու, երկրորդ հարվածն ա եղել, իսկ հաջորդ օրը Սաքս արդեն ստեղ ա եղել…

Երբ որ իմացանք, որ հրադադար ա, ես աշխատանքի էի գնում, գործիս տեղն ասեցին՝ հրադադար ա, հեսա տղեդ կզանգի, բայց ժամը ժամից անցնում էր, Սաքն անհասանելի էր… Նամակ էի գրում, տեղ էր հասնում, զանգում էի, էլի անհասանելի էր ցույց տալիս։ 

Վայ էդ աշխատելուն, որ էդ օրն աշխատեցի, եկա տուն ու պառկեցի, իսկ առավոտը արթնացա հեռախոսի ծնգոցից՝ նամակն էլի հասել էր, բայց հեռախոսն անհասանելի էր։ Չէի կարողանում հաց ուտեի, կոկորդիս էր կանգնում, ուզում էի Սաքիս ձենը լսեի, մեր տունն էլ անընդհատ մարդիկ էին գնում-գալիս, գիտեին, որ հրադադար ա, ուզում էին իմանային՝ ոնց ա Սաքը։ 

Իրիկվա ժամին մի ծանոթ կին եկավ մեր տուն, մերոնք էին իրան ուղարկել, մինչև հասնեին, բոլորն արդեն գիտեին, որ Սաքս էլ չկար։ Երևի մի ժամ էդ կինը մեր տունն էր, դուրս էր հելնում, ներս էր մտնում, այնինչ պայմանավորվում էին, որ շտապօգնությունով գային։ 

Հետո արդեն մութ էր, դուռը որ ծեծեցին, ես միանգամից բացեցի, մորքուրս էր կանգնած, շտապօգնության բժիշկներն էին, ոստիկաններն էլ կային։ Որ տեսա, արդեն պատկերացրի, թե ինչ լուր եմ լսելու, ու էդ եղավ կյանքիս ամենադաժան օրը․․․»- ասում է մայրն ու հավելում՝ Սաքն իրենց տան ծաղիկն էր։

«Հիմա որ իրա մասին պատմում եմ, մտածում եմ՝ Սաքս կասեր՝ մա՛մ, ինչի՞ ես էդքան իմ մասին պատմում․․․ կյանքը փոխվել ա իրանից հետո։ Սկսել եմ հոգեբանություն ուսումնասիրել, ուզում եմ իմանամ՝ ինչի՞ սենց եղավ։ Մենք ընկերներ էինք, ես իրա առաջին գաղտնիք իմացողն էի, մի օր ինձ բանակից գրել էր՝ մամա՛, ես քո նման լավ ծնող կդառնա՞մ, ասեցի՝ դու ավելի կատարելագործված ծնող կլինես, ախպե՛րս․․․ մեռնեմ ջանին։ 

Ես իրան սիրել եմ հիվանդագին, Սաքս իմ թուլությունն էր, իրանից հետո ես չեմ ապրում, շնչում եմ։ Մեկ-մեկ ասում էր՝ մա՛մ, կլինի՞ մի քիչ քո համար ապրես, ինքը գիտեր, որ ես մենակ իրան ունեմ։ Շատերն ասում են՝ Սաքը ձեր մինուճարն էր, ինչի՞ տարան․․․ ես չգիտեմ, էդ էլ թողում եմ տանողների խղճին»,- ասում է մայրն ու հուզվում։ 

Անի Մարտիրոսյան

MediaLab.am