Երևանում անցկացվում է «Լայնաշերտ ինտերնետի հասանելիության շաբաթ»


Երևանում մեկնարկել է «Լայնաշերտ ինտերնետի հասանելիության շաբաթ»-ը, որը կազմակերպվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) և «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի համատեղ ջանքերով:

Միջոցառման շրջանակներում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԲՏԱ նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը։

Նա ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանի անունից ողջունել է մասնակիցներին, նշել է, որ միջոցառումը կարևոր հարթակ է ՀՄՄ փորձագետների և հեռահաղորդակցության ոլորտի մասնագետների միջև քննարկումների, ՀՄՄ հետ հետագա համագործակցության նոր ճանապարհներ նախանշելու համար։

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Էլեկտրակապի միջազգային միության ԱՊՀ երկրների համակարգող Ֆարիդ Նահլին (հեռահար)՝ հույս հայտնելով, որ հանդիպումը կլինի շատ արդյունավետ, կիրականացվեն ակտիվ քննարկումներ և համատեղ ջանքերով կգտնեն ոլորտի զարգացման համար լավագույն լուծումները:

Հայաստանի օպերատորների միության  տնօրեն Քրիստինե Գյոնջյանն էլ, ողջունելով կլոր սեղան քննարկման բոլոր մասնակցիներին, նշել է, որ հանդիպումը կնպաստի պետական, մասնավոր հատված, միություններ համագործակցությանը, ինչը կարևոր նախապայման է ոլորտի զարգացման և լավագույն փորձի ներդրման համար:

Միջոցառման շրջանակներում ՀՄՄ փորձագետների կողմից ներկայացվել են դասախոսություններ Հայաստանի Հանրապետությունում  լայնաշերտ ինտերնետի հասանելիության ապահովման, ինտերնետի արդյունավետ կառավարման, լայնաշերտ ինտերնետի ենթակառուցվածքների քարտեզագրման, ինտերնետ միացումների առավել արդյունավետ գործիքների ընտրության և մի շարք այլ թեմաներով։