Փետրվարի 27-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Կանադային նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Էլիսոն ԼըՔլերին:
Ողջունելով հյուրին ու շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Կանադայի հետ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը: Նա շնորհակալություն է հայտնել Կանադայի կառավարությանը Հայաստանի համար այս կարևոր ժամանակաշրջանում ժողովրդավարական բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էլիսոն ԼըՔլերը բարձր է գնահատել Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և նշել, որ առկա է ամուր հիմք հարաբերությունների հետագա զարգացման համար:
Զրուցակիցները համակարծիք էին, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում առկա ներուժին ու այս համատեքստում քննարկել են տնտեսական կապերի ակտիվացման հնարավորությունները՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ու գյուղատնտեսության ոլորտում: Կողմերը անդրադարձել են նաև Կանադայում հայկական համայնքի գործունեությանը, որը կապող օղակ է հանդիսանում երկու երկրների միջև:
Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։