«Բազմաթիվ դեպքերի մասին եմ լսել, երբ ծնողները տեղափոխվում են հիվանդանոց, երեխաները մնում են առանց խնամքի». Իրավապաշտպան

Կորոնավիրուսով պայմանավորված նոր իրավիճակը նաև խնդիրներ է առաջ բերել հոսպիտալացված ծնողների երեխաների խնամքի հարցում։

«Արդեն բազմաթիվ դեպքերի մասին եմ լսել, երբ ծնողները տեղափոխվում են հիվանդանոց, երեխաները մնում են առանց խնամքի։ Եղել է իրավիճակ, երբ ջերմող, սակայն բացասական պատասխանով երեխան մնացել է մենակ իր փոքր եղբոր հետ, որոնք եղել են 13 և 8 տարեկան»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը։ 

Անդրադառանալով նշված դեպքին՝ մանրամասնում է․ «Երեխաների ծնողներին տարել էին, ընտանիքի մեկ երեխան էլ էր վարակված, մյուս երկու փոքրը մնացել են տանը միայնակ այդ օրը»,- ասում է Աղաբեկյանը և ընդգծում, որ այս իրավիճակում արագ արձագանքման անհրաժեշտություն կա։ 

«Պետական աշխատողը, որ տանում է ծնողին, նա փաստացի իմանում է, չէ՞, որ տանը երեխաներ մնացին, ու միգուցե ահազանգման մեխանիզմ սկսի գործել։ Միգուցե կարող են լինել կամավոր մարդիկ։ Երեխայով զբաղվեն մեկ օրով, մինչև բարեկամ հայտնվի, որ կհամաձայնվի երեխաների կողքին լինել, այդ երեխաները մենակ չմնան»,- ընդգծում է նա։

Ասում է, որ ստեղծված իրավիճակը այլ խնդիր էլ է առաջ բերում․ «Երբ երեխան տանն է մնում, հարազատներից մեկը պետք է այդ ռիսկն անձամբ իր վրա վերցնի: Ո՞վ է գալիս խնամելու, հիմնականում տատիկ-պապիկը, երեխային խնամելով և հեռավորություն չպահպանելով՝ նրանք պոտենցիալ վարակվողներ են դառնում։ Կրկնակի ռիսկի տակ են հայտնվում իրենց տարիքի և այլնի պատճառով։ Մինչև պարզվում է, մինչև թեստերը իրականացվում է, երեխան այդ մեծահասակի հետ շփված է լինում»։ 

Տաթևիկ Աղաբեկյանն ընդգծում է, որ չնայած կորոնավիրուսային իրավիճակն իրոք անսպասելի էր, և շատ կառույցներ խառնաշփոթի մեջ հայտնվեցին, որից հետո սկսեցին ինչ-որ միջոցներ ձեռնարկել, այդուհանդերձ, կարծում է, որ այս խնդիրն անդրադարձի կարիք ունի։

«Ամեն մի նոր բացահայտված պրոբլեմ շատ մեծ ռեսուրսի կարիք ունի, բայց սա այն իրավիճակն է, որ պետք է հնարավորինս լայն նայել այս հարցի լուծմանը։ Առաջին օրերին գուցե սա այդքան ակտուալ չի եղել, բայց հիմա այս խնդիրն է նաև։ Գնալով, ինչպես տեսնում ենք, դեպքերը շատանում են, ու ոչ մի բան կազմակերպված չէ այս մասով։ Սա ևս լրացուցիչ խնդիր է, որը, կարծում եմ՝ մինչև օրս չի մտածվել»,- ընդգծում է Աղաբեկյանը։

Ասում է, որ միանշանակ չի կարող նշել, որը կլինի այս հարցի լավագույն լուծումը, սակայն ընդգծում է, որ քննարկման և համապատասխան մարմինների ուշադրության կարիքը կա։

«Կամ գոնե այն ժամանակ, երբ հայտնի չէ՝ երեխաները վարակվա՞ծ են, թե՞ չէ, նրանք գտնվեն ապահով պայմաններում, բայց ինչ-որ ձևով ծնողի աչքի տակ, գուցե նույն տարածքում։ Ենթադրենք՝ մայրը գտնվում է ինչ-որ տեղում, գուցե այդ նույն հիվանդանոցի մի հատվածում, որը մի քիչ այլ ձևով պաշտպանված լինի, երեխան այնտեղ տեղափոխվի։ Եվ եթե երեխան ընկնի սթրեսային վիճակի մեջ՝ նաև տարիքային սպեցիֆիկա կա, գոնե մայրը հեռվից ասի՝ ես այստեղ եմ»,- նշում է նա։ 

Տարբերակներից մեկն էլ, ըստ Աղաբեկյանի, գուցե երեխային մեկ շաբաթով կառույց տանելն է․ «Կառույցի հոգեբանն ու սոցիալական աշխատողը բացատրեն, որ մաման ու պապան ընդամենը մի քանի օրով հեռու են, որովհետև բուժվում են: Լավ մասնագետը կարող է իրականում լրացնել երեխայի բացատրական աշխատանքի կարիքը, որ երեխան վախեր չունենա»։ 

Աղաբեկյանը շեշտում է, որ այս իրավիճակում կարևոր է հասկանալ՝ երեխայի լավագույն շահը որն է, քանի որ, օրինակ՝ կառույցում էլ երեխայի համար գուցե շատ ավելի սթրեսային կարող է լինել, քան, օրինակ՝ հիվանդանոցում ծնողների հետ մնալը՝ անգամ վարակվելու դեպքում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը, «Մեդիալաբի» հետ զրույցում խնդրին անդրադառնալով, նշում է, որ այսօր այդ տեսակի ընտանիքների համար որևէ ծառայություն չկա։

Նրա խոսքով՝ նման դեպքերում, երբ ծնողներից երկուսն էլ հոսպիտալացված են, երեխաների խնամքը սովորաբար ստանձնում են բարեկամները կամ ընկերները։

«Երեխաների խնամքի ստանձնումը պետության կողմից ամենահեշտ պրոցեսը չի։ Այսինքն՝ դա ծնողների համաձայնությամբ պետք է լինի, եթե ծնողները չեն հրաժարվել, դա պետք է հոգաբարձության և խնամատարության հանձնաժողովի եզրակացությամբ լինի։

Սա առաջին դեպքն է այսքան ամսվա ընթացքում, որ նման խնդրի մասին բարձրաձայնվում է, մեզ երբևէ այս խնդրով չեն դիմել, մենք էլ չունենք դրա լուծումը, այսօր պետությունը, ցավոք, որևէ ծառայություն, շուրջօրյա խնամքի ծառայություն չի կարող մատուցել պարզ պատճառով, որ երեխաները խնամքի հաստատությունում, մանկատներում, գիշերօթիկում այս ընթացակարգով չեն կարող հայտնվել։ Սա առաջին դեպքն էր, նախարարի հետ էլ կխորհրդակցեմ, թե ինչ կարելի է անել»,- ասում է Մարտիրոսյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am