«Փաշինյանի շոկային հայտարարությունները շատ ծանր վիճակի մեջ են դնում հայկական կողմին». Արմեն Բաղդասարյան

Լուսանկարը՝ media.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

Պարո՛ն Բաղդասարյան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսի ժամանակ արցախյան հարցին առնչվող հնչած հայտարարությունների վերաբերյալ: Խորհրդարանի հայտարարությանը նախորդել էին Արցախի նախագահի ֆեյսբուքյան գրառումն ու հայկական երկու պետության Մարդու իրավունքի պաշտպանների հայտարարությունը: Դատելով այս հայտարարություններից՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ ինստիտուցիոնալ խզում կա պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև:

– Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 24-ի ասուլիսը և դեկտեմբերի 26-ի պարզաբանումներն ավելի շատ ցույց են տալիս, որ նա կարծես թե մտադիր է պաշտոնապես հրաժարվել Արցախի հարցում որևէ մասնակցությունից, նրա այդ շոկային հայտարարությունները, ըստ էության, շատ ծանր վիճակի մեջ են դնում հայկական կողմին, դրա համար էլ Արցախի թե՛ իշխանությունները, թե՛ հասարակական տարբեր շրջանակներ անմիջապես արձագանքեցին դրան:

Այո՛, կարծես թե այդ խզումը կա, ու շատ վատ է, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունները նման հարցերը սկսել են քննարկել հրապարակավ՝ ինչ-որ ֆեյսբուքյան հայտարարություններով, այդ ֆորմատն անթույլատրելի է: Ընդհանուր իրավիճակը բացասական եմ գնահատում, ինչի պատճառը Նիկոլ Փաշինյանի չմտածված հայտարարություններն են ու մանիպուլյացիաները:

Իսկ ինչո՞ւ են այդ քննարկումները տեղափոխվել ֆեյսբուքյան հարթակ:

– Որովհետև Նիկոլ Փաշինյանն ինքը սկսեց այդ հարթակներում վիճելի փաստարկներ բերել, բնականաբար, եթե նա այդ մասին խոսում է այդ հարթակներում, պատասխանն էլ պիտի այդ հարթակներում լիներ: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է հասարակությանը ինչ-որ բան բացատրել, ցույց տալ, որ ինքը մեղք չունի այս իրավիճակի հարցում, որ ամեն բան մինչև իր գալն էր կանխորոշված, այսինքն՝ նա ներքաղաքական խնդիր է լուծում, իր վարկանիշի խնդիրն է փորձում լուծել:

Բնականաբար, դա պետք է անի հրապարակային, որպեսզի հնարավորինս ավելի շատ մարդիկ դա տեսնեն: Այս ամենը ոչ թե բանակցային գործընթացի մասին է, այլ իր վարկանիշը փրկելուն միտված ջանքեր են:

Կկարողանա՞ն Արցախի իշխանություններն ու քաղաքական ուժերը ստեղծված իրավիճակին ինչ-որ լուծում տալ, պարո՛ն Բաղդասարյան:

– Նայած թե ի՞նչ լուծում եք պատկերացնում, եթե Հայաստանի իշխանությունները համարյա պաշտոնապես, բաց տեքստով ասում են, որ իրենք էլ գործ չունեն Արցախի հետ, գնացեք, ինչ ուզում եք արեք, ի՞նչ լուծում այստեղ կարող է լինել:

Իսկ կկարողանա՞ն այնպես անել, որ Հայաստանի իշխանությունը հրաժարվի իր այդ մտադրությունից:

– Կարծում եմ, որ Նոր տարուց հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում լուրջ զարգացումներ կլինեն, այսինքն՝ սա այսպես անարձագանք չի մնա, ընդդիմությունը կակտիվանա: Հակառակ դեպքում, եթե դա հենց այնպես անցնի, ապա կարող ենք համարել, որ Ղարաբաղը կորցրել ենք վերջնականապես, ու Ղարաբաղի հարցը սրանից հետո գտնվելու է ռուս-ադրբեջանական բանակցությունների տիրույթում:

 – Եթե, ըստ ձեզ, Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ Արցախի հարցում Հայաստանն այլևս մասնակցություն չի ցուցաբերի, ի՞նչ եք կարծում, նման որոշման պատճառ ի՞նչն է հանդիսացել:

– Չեմ կարծում, թե նման որոշման պատճառները միանգամից են առաջացել, իմ կարծիքով՝ իշխանության գալուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ իրականացրել է հենց դա՝ ձերբազատվել Արցախից, արցախյան խնդրից՝ թեկուզ ամբողջ Արցախը կորցնելու, այն հայաթափելու գնով, փորձեց, ինչպես ինքն է ասում, տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացել, ինչի համար առանց աչքը թարթելու այդքան սերունդ կործանեց, վտանգեց Հայաստանի սահմանները, ու անգամ դրանից հետո այդ խաղաղության դարաշրջանը չի էլ երևում, հակառակը՝ ակնհայտ է դառնում, որ մեզանից շարունակելու են էլի ինչ-որ զիջումներ կորզել, անընդհատ մեզանից ինչ-որ բաներ են պահանջելու, իսկ թե ի՛նչ ենք մենք ստանալու այդ ամենի դիմաց՝ շատ անորոշ է:

Պարո՛ն Բաղդասարյան, եթե պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև հակասությունները շարունակվեն, հնարավոր ի՞նչ հետևանքներ կլինեն:

– Առավելագույնը մենք կարող ենք հայկական Արցախ ունենալ, այնտեղ հայ բնակչություն՝ բացառապես ռուս խաղաղապահների շնորհիվ, իսկ Ռուսաստանը հայտարարում է, չէ՞, որ Ղարաբաղը դե յուրե Ադրբեջան է, այսինքն՝ առավելագույնը:

Եթե անգամ հաջողվի ինչ-որ բան անել, պիտի լինի Արցախի այդ մնացած հատվածի ինչ-որ ինքնավար կարգավիճակ Ադրբեջանի կազմում՝ ռուս խաղաղապահների անվտանգային երաշխիքների ներքո, ինչը, չեմ կարծում, թե երկարատև լուծում է, որովհետև եթե Արցախի կապը Հայաստանի հետ կտրվի, ապա այնտեղ բազմաթիվ տնտեսական ու այլ խնդիրներ կառաջանան, ու Արցախն աստիճանաբար կհայաթափվի:

Փաստորեն, Արցախի իշխանություններն առանց Հայաստանի որևէ իրավական մեխանիզմներ չունե՞ն հնարավոր հետևանքներից խուսափելու համար:

– Այո՛, որովհետև Արցախն ինքը միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ չէ ու չունի այն լծակները, որն ունի Հայաստանը՝ որպես ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետություն, եթե դա չկա՝ Արցախը դառնում է փաստացի բանակցային սեղանի շուրջ ձայնազուրկ մեկը, և բանակցություններն իրականացվելու են Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև, ցավոք սրտի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am