Այս պահին Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցիների արտահանձնում չի կարելի և չի լինի․ գլխավոր դատախազ

Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցի զինծառայողներից մեկի վերաբերյալ քրեական վարույթն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան, մյուսի մասով՝ քննությունը շարունակվում է։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, պատասխանելով հարցին, թե ինչ փուլում են Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցի զինծառայողների քրեական վարույթները։

«Երկրորդ անձը մեղադրվում է ծանրացնող հանգամանքներում կատարած սպանության համար, մեղսագրվել են նաև զենքի մաքսանենգության, ապօրինի սահմանահատման, ՀՀ-ում զենք կրելու վերաբերյալ հոդվածներ: Այս պահին մինչդատավարական վարույթում արտահանձնում չի կարելի և չի լինի: Արտահանձնումները լինում են միայն դատապարտված անձանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պայմաններում:

Արտահանձնումները կարգավորվում են մի շարք կոնվենցիաներով: Եթե միայն Ադրբեջանն է հետաքրքրում, ասեմ ձեզ՝ դա 1998 թվականի Մոսկվայի կոնվենցիան է և Ստրասբուրգի կոնվենցիան»,- ասաց Աննա Վարդապետյանը։