Իսկ եթե այդ կինն արժանի՞ է ծեծվելու. «Ալամեզոն» Բլոգ

Իսկ եթե այդ կինն արժանի՞ է ծեծվելու. «Ալամեզոն» Բլոգ
Իսկ եթե այդ կինն արժանի՞ է ծեծվելու. «Ալամեզոն» Բլոգ

Երբ Ֆրանիայում ստացա առաջին փաստաթուղթս, L’OFII-ն ինձ անմիջապես ուղարկեց երկօրյա դասընթացների` Եվրամիության ստեղծման պատմության, եվրոպական արժեքների և մարդու իրավունքների մասին:

Առաջին օրը միայն ես էի հայ, լիքը չեչեններ ալբանացիներ, վրացիներ, ուկրաինացիներ: 

Դասախոսը արաբ էր, անունը` Սաիդ, շատ կիրթ և հաճելի մարդ: Երբ հասանք մարդու իրավունքներին, կանանց պաշտպանությանը, Սաիդը հետաքրքիր բան ասաց.

– Բնականաբար, անկախ սեռից, տարիքից, ոչ մեկին չի կարելի ծեծել, բայց եթե խոսում ենք կանանց իրավունքների մասին, այստեղ Ֆրանսիան այլ դիրքորոշում ունի. եթե կինը զանգահարի ոստիկանություն և ասի, որ ամուսինն իրեն ճնշում է կամ բռնանում, անգամ առանց ծեծի, ոստիկանները տանից մեկ գիշերով դուրս կհանեն ամուսնուն (եթե նույնիսկ տունը պատկանում է տղամարդուն ): Եթե կնոջ խոսքը հակասում է տղամարդու խոսքին, և երկուսն էլ չունեն ապացույց, ապա դատավորը հակված է հավատալու կնոջը, իսկ կնոջ վրա ձեռք բարձրացնելն անթույլատրելի է և պատժվում է օրենքի ամենայն խստությամբ:

– Իսկ եթե այդ կինն արժանի՞ է,- տեղից վատ ակցենտով բարբաջեց մի չեչեն տղամարդ, որին գլխով համաձայնեցին կողքին նստած տարեց չեչեն կանայք: 

– Իսկ ո՞վ է որոշում, որ կինն արժանի է,- զայրացած հարցրեցի ես ռուսերեն, հետո թարգմանեցի ֆրանսերեն,- ո՞րն է ձեր չափանիշը: 

– Եթե կինն անբարոյական է,- հանգիստ շարունակեց չեչենը: 

-Ե՞վ : Որ ծեծեցիք` բարոյակա՞ն պիտի դառնա: 

Պատասխան չկա: 

– Էլ ուրի՞շ,- շարունակեցի ես,- եթե սուրճ է թափել գետնին, եթե առանց ասելու տանից դուրս է եկել, եթե ճաշը սառն է մատուցել: Որտեղ է ձեր ասած «արժանիի» սահմանը, և ինչու եք դո´ւք որոշելու այդ սահմանը,- թեքվեցի չեչեն կանանց և միայն արդեն ռուսերենով փորձեցի հնարավորինս արտահայտիչ բառեր ընտրել, – իսկ ձեզ, սիրելի´ կանայք, որ գլխով հավանություն եք տալիս, մաղթում եմ մեկական այսպիսի փեսա ձեր տանը` վախկոտ ու ձեռք բարձրացնող ձեր աղջիկների, թոռների վրա, որպեսզի դուք էլ արժանին ստանաք…

Այդ օրը էջումս գրառում արեցի, իհարկե ոչ մի կերպ չընդհանրացնելով հենց չեչեն ազգին, բայց այս մտածելակերպը ազգություն չի ճանաչում…

Քչերը հասկացան ասածիս իմաստը, լավ առիթ է բացատրելու: Իսկ հասկանալու համար փորձեք կարդալ Հայաստանում կանանց նկատմամբ բռնություն գործադրած տղամարդկանց մասին նյութերի տակ ինչքան տենց գլխաշորով սահմանափակ կանայք կան, որ մաքուր հայերենով գրում են. «ամեն մեդալ երկու երես ունի, միգուցե կինն արժանի է» , ու քանի մորուքով տղամարդիկ են գրում. «դե, հայ տղամարդկանց 80%-ը մի չափալախ տված կլնի իրա կնկան, հո սաղ չե՞ն բաժանվելու»:

Մեր Հեղուշ տատը տեսնի` կասի. 

– Հը~մ , ողորմելինե~ր… 

Ջղայնացած եմ:

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog