Գաղտնալսելու իրավունք տալու նախաձեռնությունը այլախոհների նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանելու ռիսկեր է պարունակում. Ավետիք Իշխանյան

Ոստիկանությանն օրենքով գաղտնալսելու իրավունք տալու նախաձեռնությունը միայն հանցագործությունների կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի նպատակ չի հետապնդում, այն այլախոհների նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանելու ռիսկեր է պարունակում։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Նախ խոսենք այն մասին, թե ի՛նչ հիմնավորում է բերվում այդ նախագծի վերաբերյալ։ Հիմնավորումն այն է, որ ավելի արդյունավետ են ուզում պայքարել հանցավորության դեմ։ 

Բայց ես վստահաբար ասում եմ՝ հանցագործությունների դեմ պայքարելու համար առաջին հերթին իրավապահ մարմինները, մասնավորապես, ոստիկանությունը պետք է ունենան մասնագիտական բարձր մակարդակի հմտություններ։ Ունե՞ն արդյոք նրանք այդ հմտությունները, ես մեղմ պատասխանեմ՝ ոչ բավարար»,- «Մեդիալաբին» ասում է Ավետիք Իշխանյանը։ 

Նրա խոսքով՝ այն, որ հմտությունը բավարար մակարդակի վրա չէ, փաստում է հետևյալը։ Երբ նայում ենք Հայաստանի անկախության տարիներին արձանագրված քրեական գործերը, ապա դրանք ամբողջովին հիմնված են կասկածյալների ու մեղադրյալների ցուցմունքների վրա։ Իսկ թե ինչպե՛ս էին կորզվում ցուցմունքները՝ բոլորը գիտեն։ Դա էր պատճառներից մեկը, որ ոստիկանության բաժիններում խոշտանգումների շատ-շատ դեպքեր էին արձանագրվում։

«Ես վստահ եմ, որ ոստիկանները մինչև հիմա չեն տիրապետում քրեագիտության հմտություններին՝ հանցագործության կանխարգելման կամ բացահայտման համար։ Եվ հիմա, քանի որ 21-րդ դարն է, և բջջային հեռախոսներ ունեն բոլորը, նրանք փնտրում են ավելի հեշտ ճանապարհ՝ հեռախոսային խոսակցությունները լսելու և դա որպես ապացույց ներկայացնելու։ Փաստորեն էլի «հեշտ» ճանապարհով են գնում»,- ասում է Իշխանյանը։

Նշենք, որ Ազգային ժողովը դեկտեմբերի 10-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Նախագծով առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայությունից բացի գաղտնալսելու հնարավորություն տալ նաև ոստիկանությանը։ Գործող օրենսդրությամբ ոստիկանությունը գաղտնալսելու հնարավորություն էր ստանում միայն ԱԱԾ թույլտվությունն ստանալու դեպքում։

Նախագծի հեղինակները ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանն ու Արմեն Խաչատրյանն են։ Կառավարությունն այս նախագծին դեմ է։ Այն երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովը կքննարկի արդեն հաջորդ տարի։

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը խորհրդարանում նախագծի քննարկման ժամանակ ներկայացնելով կառավարության բացասական եզրակացությունը՝ կոչ էր արել դեմ քվեարկել նախագծին։

Կառավարության հիմնավորումն այն է, որ դեռևս չի վերջնականացել ոստիկանության բարեփոխումների ծրագիրը։ «Որևէ դեպքում կառավարությունը չի ասում, որ չպետք է ոստիկանությանը նման հնարավորություն տալ։ Կառավարությունն ասում է՝ նման հատվածական կարգավորմամբ ոստիկանությունն այսօր չպետք է ունենա գաղտնալսումն ինքնուրույն կազմակերպելու հնարավորություն»,- ասել էր Սրբուհի Գալյանը։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքով՝ որքան էլ Հայաստանի նոր իշխանությունները խոսում են ժողովրդավարական պետություն կառուցելու մասին, այնուամենայնիվ, առայժմ կարող ենք ասել, որ Հայաստանը դեռ իրավական պետություն չէ։

«Մենք ո՞նց հավատանք, որ ոստիկանության կողմից այդ գաղտնալսումը կատարվելու է միայն հանցագործությունների կանխարգելման ու արդյունավետ պայքարի համար։ Արդյոք չի՞ լինելու տոտալ վերահսկողություն ընդհանրապես քաղաքական այլախոհության նկատմամբ։ Այդ ռիսկը կա, և փաստորեն ժամանակակից տեխնոլոգիաները վտանգավոր են դառնում մարդու անձնական կյանքի համար։ Սա բացարձակապես անընդունելի է, ես սա համեմատել եմ Ջորջ Օրուելի «1984» ստեղծագործության հետ, որում բոլորը տոտալ վերահսկվում էին»,- ասում է Իշխանյանը։

Նրա խոսքով՝ այստեղ մի կարևոր խնդիր է առաջանում, որը վերաբերում է և՛ ԱԱԾ-ին, և՛ ոստիկանությանը։ Ի վերջո, եթե նրանք չարաշահեն իրենց տրված լիազորությունները, ո՞ւմ են հաշվետու լինելու։

«Հիշենք, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը վարչապետին են ենթարկվում։ Այստեղ անձը չէ կարևոր, կառուցվածքի մասին է խոսքը։ Եվ այսպիսի կառուցվածքով ԱԱԾ-ի ու ոստիկանության նկատմամբ ունենալ վստահություն… Մնացածը թողնում եմ առանց մեկնաբանության՝ no comment» ,- ասում է Ավետիք Իշխանյանը։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am