Իշխանությունները բացատրում են, թե ինչու են համաձայնել քննարկել արտահերթ ընտրությունների հարցը

Իշխանությունները բացատրում են, թե ինչու են համաձայնել քննարկել արտահերթ ընտրությունների հարցը
Իշխանությունները բացատրում են, թե ինչու են համաձայնել քննարկել արտահերթ ընտրությունների հարցը

Ընդդիմություն-իշխանություն երկխոսության համար ստեղծված կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց երկրորդ հանդիպման ժամանակ որոշվել է բանակցությունների օրակարգը, ըստ որի, «քննարկման ենթակա է հարցը, որը ներկայացրել է Կոնգրեսը` առանց որեւէ խմբագրման եւ փոփոխության, եւ քննարկման ենթակա է այն հարցը, որը ներկայացրել է մեր աշխատանքային խումբը»:

«Մեր հիմնական առաջարկությունը հետեւյալն է, քաղաքակիրթ մրցակցության կանոններ պետք է ձեւավորվեն, որոնք պետք է լինեն կուսակցությունների համար: Այսինքն, քաղաքական դաշտի բոլոր մասնակիցները հնարավորություն պետք է ունենան ստորագրել այդ կանոնների տակ` կամովին ստանձնելով այդ պարտականությունները, որպեսզի մեր դաշտում քաղաքական մրցակցությունը լինի իրապես քաղաքակիրթ»,- հայտարարեց Հարությունյանը:

Բացատրելով, թե ինչու է իշխող կոալիցիայի աշխատանքային խումբը համաձայնել քննարկել արտահերթ ընտրությունների հարցը, Հարությունյանը նշեց, թե «շատ տարօրինակ կլիներ, եթե կողմերից մեկը հենց սկզբից ասեր` ես եկել եմ որոշակի սահմանափակումներով»:

«Մենք ասել ենք` մենք պատրաստ ենք քննարկելու ցանկացած հարց: Եւ իսկապես մենք պատրաստ ենք քննարկելու: Հակառակ դեպքում, դա այլեւս երկխոսություն չէ: Մենք ինչպես եւ հայտարարել ենք` պատրաստ ենք քննարկելու ցանկացած` անգամ ամենասուր հարցը»,- նշեց Հարությունյանը:

Լրագրողների հարցին, թե ինքը մինչ այդ հայտարարել է, թե բացառում է արտահերթ ընտրությունների անցկացումը, Հարությունյանը արձագանքել է. «Ես երբեք չեմ ասել բացառել բառը: Ես ասել եմ, որ ես այս պահին որեւէ հիմք չեմ տեսնում արտահերթ ընտրությունների անցկացման համար, բայց դրա համար է երկխոսությունը, որպեսզի կողմերը առնվազն փոխանակեն իրենց տեսակետները, բերեն իրենց հիմնավորումները, եւ մենք փորձենք հասկանալ յուրաքանչյուրս մյուս կողմի հիմնավորումները»:

© Medialab.am