Չնայած Հայաստանը մաս է կազմում GSP+ ին և ավելի քան 6000 հայկական ապրանք կարող է Եվրոպա արտահանել առանց մաքսատուրքի, սակայն այդ փաստը չի լուծում նրա մնացած խնդիրները:
Այդ մասին Tert.am-ի փոխանցմամբ, այսօր լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ պետք է անել, որ հայկական ապրանքը հայտնվի եվրոպական շուկայում, ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Մասնավորապես կուզեի խոսել սերտիֆիկացման կամ հավաստագրերի պահանջների, մասնավորապես սննդի որակի և անվտանգության պահանջների մասին: Իհարկե, մենք հասկանում ենք, որ պահանջմունքները բավականին խիստ են, որ հատկապես օրգանական գյուղմթերքի համար այդ պահանջներն ավելի խիստ են, քան սովորական ապրանքներինը, բայց մենք հանձն ենք առել աջակցել այս գործընթացին, և օգնելու ենք հայ գործարարներին անցնել այն: Դուք պետք է ձեր ապրանքը լավ գովազդեք, ձեր բրենդը ստեղծեք Եվրոպայում: Ես հավատում եմ, որ հայկական ապրանքները շատ հաջողակ կլինեն»,- ասել է դեսպանը:
Դեսպանը նշել է նաեւ, որ մյուս տարի ավարտելու է իր առաքելությունը Հայաստանում, եւ երբ վերադառնա հայրենիք՝ Լեհաստան, չէր ցանկանա իր ժամանակը ծախսել հայկական գինի, պանիր գտնելու վրա:
«Կցանկանայի, որ այդ ապրանքները ես գտնեի խանութներում: Այնքան մեծ կախվածություն ունեմ հայկական ապրանքներից, որ կցանկանայի, որ իմ վայրէջքը փափուկ լիներ: Ես չեմ թաքցնում, ես իրոք հետաքրքրված եմ, որ հայկական ապրանքները, գինիները կարողանան մուտք գործել և հաջողակ լինել եվրոպական շուկաներում»,- ասել է Սվիտալսկին: