Լինել աննախադեպ ու չխոսել

Վահրամ Թոքմաջյան

Եկեք ընդունենք, որ ներհայաստանյան քաղաքական կյանքն ավելի հանգիստ է, երբ Փաշինյանը չի խոսում։ Կամ, գոնե՝ չի խոսում սուր թեմաների շուրջ, որոնց պակասն անցնող ժամանակահատվածում կարծես չի զգացվում։ Երբ նա չի խոսում, ընդդիմությունն էլ, ըստ էության, ասելիք չի ունենում։ Մյուս կողմից՝ դա օգտակար է դառնում հանրային առողջության համար։

Սակայն զուր են մեր ջանքերն ու մտորումները, քանի որ երեկ նորից ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանն էր, ու Փաշինյանը չդիմացավ խոսելու գայթակղությանը։ Ակամայից հիշեցի Օտյանի անմահ գործի այս փոքրիկ հատվածը.

«Բժիշկը քննեց տղան, լեզուն նայեցավ, կոկորդը նայեցավ, աչքերուն նայեցավ և վճռաբար ըսավ հորը. 

— Ճար ու դարման չկա, այս տղան միշտ պիտի խոսի։ 

— Բայց տանը մեջ ա՛լ դիմացվելիք բան չէ։ 

— Բամպակ թխեցեք ականջնիդ, այս է միակ միջոցը,— պատասխանեց բժիշկը»։ 

Չդիմանալով հանդերձ՝ հերթական անգամ ալեկոծեց հայոց քաղաքական երկնակամարն ու դիմամատեանային տիրույթը (Ֆեյսբուք)։ Նրան հարց ուղղողները գիտեն Փաշինյանի այդ թուլության մասին։

Գիտեն նաև, թե ինչպես ուղղել հարցը, որ նա սադրանքին չդիմանա ու խոսի։ Սակայն պետական գործչի կարևոր հմայքներից մեկը սադրանքի գայթակղությանը դիմանալու կարողությունն է։

Փաշինյանը չի դիմանում։ Նա առանձնակի ջերմեռանդությամբ բացառիկ մոլուցքով է նետվում հերթական աղմկահարույց պատմության մեջ։ 

Երեկ ըստ էության նա շարունակեց «Շուշին դժբախտ և դժգույն քաղաք էր» թեզը, այս անգամ այն համեմելով՝ «Շուշին մինչև 1992-ը չի կարելի համարել հայկական քաղաք, որովհետև բնակչության 90 տոկոսը եղել են ադրբեջանցիներ» շառաչուն հիմնավորմամբ։ 

Փաշինյանը խճճվել է։ Նա այնքան է խճճվել պարտության պատճառների իր հիմնավորումների մեջ, որ ինձ մոտ միայն կարեկցանք է առաջացնում։ Յուրաքանչյուր հաջորդ միտք, որը վերաբերում է արցախյան խնդրին, Շուշին կորցնելուն կամ պատերազմում պարտությանը, ավելի է վատն է, քան նախորդը, ու ավելի է բարդացնում այն արտաբերողի վիճակը։

Հիմա նույնը Շուշիի հետ կապված։ Չիմանալով այլևս, թե ինչպես հիմնավորել տեղի ունեցածը, Փաշինյանը հռետորական հարցեր է բարձրացնում, որպես կանոն՝ տեղի տալով տարատեսակ մանիպուլյացիաների, անձամբ օգտվելով այդ գործիքից ու պատմությունն ըստ իր հայեցողության խեղաթյուրելով։ 

Ինչ-որ մի պահի ընդունենք, որ նրա բարձրացրած հարցադրումը՝ Շուշիի բնակչության թվի հետ կապված, ունի օբյեկտիվ հիմքեր։

Այդ դեպքում, երբ պատերազմից առաջ, Փաշինյանն ու նախագահ Սարգսյանը հոխորտում էին՝ Սևրի դաշնագիր հիշելով, տեղյա՞կ էին, թե այդ դաշնագրով նախատեսված տարածքների քանի տոկոսն է հայերով բնակեցված հիմա։

Տեղյակ չէին։ Իսկ տեղյա՞կ էին, որ 1830 թ. Երևանի բնակչության միայն 38%-ն էր հայ, 1897-ին՝ 43%-ը։ 1922-ին նոր հայերը կազմում են Երևանի բնակչության 86%-ը… և՞։ Հուսամ՝ այս վիճակագրությանը երբեք չեն ծանոթանա։

«Գլխավոր պատասխանատուն, բայց ոչ մեղավորն» ազնիվ չէ։ Ազնիվ չէր նոյեմբերի 9–ից առաջ և ազնիվ չէ նոյեմբերի 9-ից հետո։ Ես չեմ մտնելու միայն այդ հարցադրման ձեռնածության դաշտ։ Խնդիրն ավելի խորքային է։

Փաշինյանը կարող էր անկեղծ լինել ու խոսել իրականության մասին։ Այն մասին, թե ինչու պարտվեցինք, այն մասին, թե ինչու չկարողացանք խուսափել պատերազմից, այն մասին, որ անձամբ ինքը չէր տիրապետում և շարունակում է չտիրապետել արցախյան խնդրին։

Անկեղծ լիներ ու ասեր, որ լայքերի, ձայների պակաս չունենալու պատճառով անկեղծ չեղավ ժողովրդի հետ ու շարունակեց իր նախորդների կործանարար պսևդոհայրենասիրական խրախճանքը։

Պատմեր, որ ինչ–որ ամբարտավան ու թիթիզ նախարարներ փափուկ բարձ են դրել գլխի տակ, իսկ ինքը, լինելով վատ կառավարիչ, չի հասկացել, որ ստում են։ Ու բազմաթիվ այլ բաներ կան պատմելու հասարակությանը, որոնց համար քաջություն է պետք։ Սակայն նա չի պատմելու։

Նա շարունակելու է մազոխիստական մոլուցքով մխրճվել այս կործանող կծիկի մեջ։ Իսկ եթե չի պատմելու, ավելի լավ է լինի աննախադեպ, գերազանցի ինքն իրեն ու միառժամանակ չխոսի։

Հ. Գ. Իհարկե կարող էինք անդրադառնալ նաև հարց տվողին՝ տիկին Զոհրաբյանին, թե ինչի էր փորձում հասնել նա, երբ ուզում էր Փաշինյանից կորզել «Պուտինը սուտ է ասում» արտահայտությունը, բայց դա լրիվ այլ խոսակցության թեմա է։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am