«Հավատարմագրումը լրատվամիջոցի ֆինանսավորման թափանցիկության ու սեփականատիրոջ անձի հետ կապելը լավագույն լուծումը չէ». Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը

– Պարո՛ն Նավասարդյան, խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց լրատվամիջոցներին առնչվող նախագծերի հերթական փաթեթը, որով առաջարկվում է պատասխանատվություն սահմանել կեղծ էջերից արտատպած վիրավորանք և զրպարտություն պարունակող տեղեկատվության համար։ Լրագրողական համայնքն այս նախագծի փաթեթը դժգոհությամբ ընդունեց ու առաջարկներով էր հանդես եկել, տեղյակ եք, թե առաջարկներից որո՞նք են ընդունվել նախագծի վերջնական տարբերակում։

– Միակ էական առաջարկությունը, որն ընդունվել է, այն է, որ նախագծի սկզբնական տարբերակում արգելում էին հղում տալ չնույնականացվող աղբյուրներին, փոփոխված տարբերակով հղումը չի բացառվում, բայց եթե աղբյուրը չնույնականացվող է, ապա նյութի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բուն լրատվամիջոցը, որն այդ նյութը տարածել է։

Սա այն նորմն է, որն ընդունված է միջազգային մակարդակում։ Ամեն դեպքում վերջնական տարբերակն ավելի ընդունելի է, քան ի սկզբանե կար, իսկ մեր մնացած առաջարկություններից, եթե նույնիսկ ինչ-որ բաներ ընդունվել են, ապա դրանք էական փոփոխություններ չեն առաջացնում, ու ընդունված օրենքը շարունակում է մտահոգություններ առաջացնել։

Մտահոգություններից հիմնականը վերաբերում է ԶԼՄ-ների հավատարմագրման պարտադիր կարգին, որոնք պետք է կիրառեն պետական մարմինները։ Այս կետը, մեր կարծիքով, չպետք է լիներ, ու յուրաքանչյուր պետական կառույց պետք է ինքը որոշեր իր քաղաքականությունը ԶԼՄ-ների հավատարմագրման հարցում։

– Մտահոգիչ եք համարում, որ այդ կետով ԶԼՄ-ների ֆինանսավորման աղբյուրներն ու սեփականատիրոջ անձը հաշվի՞ են առնվելու հավատարմագրման գործընթացում։

– Այո՛,այո՛։ Հավատարմագրումը լրատվամիջոցի ֆինանսավորման թափանցիկության ու սեփականատիրոջ անձի հետ կապելը լավագույն լուծումը չէ։ Ֆինանսավորման թափանցիկությունը պետք է այլ ձևով խրախուսվի օրենսդրական մակարդակով, այլ ոչ թե հիմք ծառայի լրատվամիջոցին մերժելու հավատարմագրումը կամ այդ հավատարմագրումը կասեցնելու։

– Պարո՛ն Նավասարդյան, մտավախություն ունե՞ք, որ այս կետը կարող է գործիք դառնալ տվյալ պահի իշխանության ձեռքին, և նրանք ընդդիմադիր ուժերի ֆինանսավորմամբ գործող ԶԼՄ-ներին զրկեն հավատարմագրման իրավունքից պետական կառույցներում։

– Հստակ է մի բան, որ այս կետը իշխանություններին այդ հնարավորությունը տալիս է, կօգտվե՞ն, չե՞ն օգտվի՝ դա արդեն հարցի երկրորդ կողմն է, ինչը կերևա պրակտիկայում: Բայց, ցավոք, այս օրենքն ու վերջերս ընդունված մի քանի օրենսդրական ակտեր ընտրողական մոտեցման հնարավորություն տալիս են։

– Պարո՛ն Նավասարդյան, իսկ պրակտիկայում այս օրենքի կիրառումը պատկերացնո՞ւմ եք, այն խնդիրներ չի՞ առաջացնի։

– Շատ լուրջ դժվարություններ են լինելու կիրառման առումով, ու դա է պատճառը՝ ինչու ամեն դեպքում վերջերս ընդունված օրենքների վերանայման հարցը մենք մշտապես դնելու ենք ու, ընդհանրապես, շատ ենք կարևորում, որ օրենսդրական աշխատանքում մեր օրենսդիրները հենվեն որևէ կոնկրետ հայեցակարգի վրա, իսկ առանց դրա մենք անընդհատ ունենալու ենք իրավիճակային լուծումներ։

Միայն հստակ հայեցակարգ ունենալուց հետո երևի հնարավոր կլինի այնպիսի օրենսդրական դաշտ ձևավորել, որը կնպաստի լրատվական դաշտի զարգացմանը, այլ ոչ թե օրենքը կդարձնի անցանկալի լրատվամիջոցների դեմ պայքարելու պոտենցիալ գործիք։

– Այս օրենքն ի՞նչ փոփոխություն կբերի ընդհանուր դաշտում և արդյոք կնպաստի՞ կեղծ տեղեկությունների չտարածմանը։

Որևէ իրավիճակային լուծում չի կարող այդ խնդրին լուծում տալ կամ եթե լուծի էլ՝ շատ ժամանակավոր, որովհետև լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող անհուսալի մեխանիզմներն ու լծակները այսօրվա տեխնոլոգիաների պարագայում որևէ բան չեն կարող փոխել։

Դրա համար ենք ասում, որ անհրաժեշտ է համակարգային մոտեցում, որտեղ շեշտը կդրվի որակյալ ու պատասխանատու լրատվամիջոցների զարգացման վրա, որպեսզի իրենք կարողանան տեղեկատվական միջավայրում լուրջ այլընտրանք դառնալ տարբեր ֆեյք տեղեկություն տարածողների։ Խնդրի միակ հուսալի լուծումը սա է, ու այդ ուղղությամբ պետք է շարժվել։

– Համաձա՞յն եք հնչող կարծիքներին, որ այսօր լրատվական դաշտն ավելի շատ նման է դեղին մամուլի, քան իրական լրատվամիջոցի։

– Այս կամ այն ծավալով դեղնությունը ներկա է գրեթե բոլոր հայկական լրատվամիջոցներում, ինչը, իհարկե, մտահոգիչ է։ Լրատվական այն շուկան է քաղաքակիրթ ու զարգացած, որտեղ հստակ ջրբաժան կա որակյալ ու դեղին լրատվամիջոցների միջև, ու սպառողն ինքն հստակ գիտի, թե որ լրատվամիջոցին կարելի է վստահել ու որ լրատվամիջոցից օգտվել՝ բամբասանքներ կարդալու համար։ Մեզ մոտ էլ պետք է այս հստակ ջրբաժանի ուղղությամբ աշխատանքներ կատարվեն օրենսդրական մակարդակով։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am