«Տոտալ անբարոյականություն է, ինչպե՞ս կարելի է նշել անկախություն, որն արդեն չկա»․ Էդգար Բաղդասարյան

«Մեդիալաբը» զրուցել է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հետ

– Պարո՛ն Բաղդասարյան, կառավարությունը որոշեց սեպտեմբերի 21-ը նշել «գունագեղ և մասշտաբային տոնակատարությամբ»․․․

– Ի՞նչ եք ուզում՝ ասեմ, սա տոտալ անբարոյականություն է, որը շարունակվում է արդեն մի քանի տարի, ի՞նչ մտածեմ։ Ես ոչ մի լավ բան չէի սպասում։

– Այսինքն՝ դե՞մ եք միջոցառմանը, չպե՞տք է տոնել։

– Իհարկե դեմ եմ։ Ընդհանրապես, դեմ եմ թե՛ այս միջոցառմանը, թե՛ այն ամենին, ինչ կատարվում է մեր երկրում՝ ընտրություններից սկսած։ Մեծ հաշվով՝ չեմ հասկանում՝ ինչ է կատարվում հիմա։ Ինչպե՞ս կարելի է նշել անկախություն, որն արդեն չկա, սուվերենություն, որը չկա։ Ի՞նչն ենք նշում։ 

Կան միայն տարին չլրացած զոհեր, կան անհայտ կորած ջահելներ, գերության մեջ գտնվող տղաներ, կա տարածքային զգալի կորուստ։ Սա, ես կարծում եմ, ինչ-որ ռիտուալ է, ինչ է, ինքս ինձ հարց եմ տալիս՝ լավ, ո՞նց կարող է նորմալ բանականություն ունեցող մարդը նման քայլի գնալ, գունագեղ տոնակատարություն կազմակերպել։ Ի՞նչ գույների մասին է խոսքը, եթե հիմա միակ գույնը ալ կարմիրն է, մեր տղաների արյան գույնն է։ 

– Վարչապետն ասաց՝ տոնակատարությունը նահատակների հիշատակին է․․․

– Այդ վարչապետին հուշեք՝ նահատակների հիշատակին կարելի էր այլ միջոցառումներ կազմակերպել, և, ի վերջո, կան մեծ թվով վիրավորներ, հաշմանդամություն ունեցող տղաներ, փախստականներ, որոնց համար այդ տոնի վրա ծախսվող գումարը շատ անհրաժեշտ կարող էր լինել։ Նաև հուշեք՝ ինքը միակը չէ, որ բյուջեի վրա նստած տնօրինի՝ որտեղ ինչ գումար ծախսել։ 

Երբ ես երկու տարի առաջ ասում էի՝ մեզ խայտառակ դիկտատուրա է սպասում, խնդում էին վրաս, ասում էին՝ ամեն ինչ սպասելի է, բայց ոչ դիկտատուրա։ Ես էլ ասում էի՝ տա Աստված, սխալվեմ։ Ցավոք, չսխալվեցի։

– Կառավարող ուժն իր բոլոր որոշումները պայմանավորում է ժողովրդի կողմից տրված ձայնով ասում են՝ 680 հազար քաղաքացի իրենց ձայն է տվել, և որոշումները կայացնում է հենց ժողովուրդը։ 

– Անկեղծ ասած, ես ընտրությունների արդյունքները չեմ ընդունում և ոչ էլ դրանց էությունը՝ թե՛ իշխանության, թե՛ այսպես կոչված ընդդիմության։ Որևէ կերպ չեմ ընդունում, որովհետև այդ պահին ընտրությունների ուղղակի չէր կարելի գնալ։ 

Վարչապետին պետք է հիշեցնել, որ 680 հազարը ամբողջ Հայաստանը չէ։ Ամբողջ Հայաստանը եթե օպտիմիստորեն գնահատենք, մոտ 3 միլիոն է։ 

– Պարո՛ն Բաղդասարյան, դուք մտավորական համայնքի ներկայացուցիչ եք․․․

– Ո՛չ, ես սևագործ բանվոր եմ, ես հարյուր անգամ ասել եմ՝ ինձ մի՛ խառնեք հայկական մտավորականության հետ։ Ես սևագործ բանվոր եմ։ Հայկական մտավորականությունը, բոլորին իհարկե չի կարելի ասել, 100-ից 95-ը վաճառվող զանգված են։ 

– Ուզում էի հարցնել՝ մտավորականությունը Հայաստանում մի տեսակ լուռ չէ՞։

– Ոմանք վախենում են, ոմանք սպասում են՝ իրենց մի բան գցեն, ոմանք պատրաստ են օրը հինգ անգամ տարբեր կարծիքներ հայտնել․․․ Ու ես նման մտավորականության հետ որևէ ընդհանուր բան չունեմ։ Ես սևագործ բանվոր եմ, բայց ոչ հայ մտավորական։

Իրական մտավորականը ամեն ինչ կարող է անել, բացի ծախվելուց։ Իրական մտավորականը պետք է միտք արտահայտի, պետք է վաղվա օր տեսնի, պատճառահետևանքային կապերի մասին գնահատականներ տա, պետք է բարոյականություն ունենա։ 

Մտավորականը, ի վերջո, իր ազգի խղճի մոլեկուլը պետք է լինի, բայց մտավորականը, որը կոչումի, պաշտոնի հետևից է ընկած և պատրաստ է օրը հինգ անգամ գույն փոխել, էլ ի՞նչ մտավորական։ Դուք այդ մարդուն մտավորական անվանելով՝ արժեզրկում եք այդ ամբողջ գաղափարը։ 

– Լավ, արվեստագետներն ինչո՞ւ են լուռ, ինչո՞ւ չեն խոսում, գնահատականներ տալիս, ի վերջո, նրանց դիրքորոշումն էլ կարող է ազդել որոշում կայացնողների վրա։

– Արվեստագետների մեծ մասը էգոմանյակներ են, սևեռված իրենց անձի վրա, նրանց մեջ կան մարդիկ, որոնք աստվածացել են այնքան ու ասում են՝ դե, եթե ես աստվածացել եմ, էլ ինչի՞ խոսեմ․․․

– Իսկ գուցե ասում են՝ ժողովուրդն ընտրել է այս իշխանությանը, և իրենք էլ հարմարվում են իրավիճակի՞ն։

– Արվեստագետը առաջին հերթին պետք է հարմարվի իր խղճի հետ։ Նման կատաստրոֆիկ հետևանքներից հետո, բացի նյութական, ֆիզիկական կորուստներից և հատկապես բարոյական կորուստից հետո, երբ մենք ջահել սերունդ կորցրինք, եթե կարեկցանք չկա, ու այդ մասով խիղճդ չի վնգստում վիրավոր շան նման, նշանակում է՝ դու ուղղակի ազգ չես, էս ազգից չես, դու ինչ-որ էգոզանգված ես։ Մի օր ջղայնանալու եմ՝ անուններ տամ։ Դրանք մարդիկ են, որոնք իրենք իրենց աստված են զգում, և դրանց ո՛չ արվեստն է ինձ հետաքրքիր, ո՛չ էլ իրենք։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am