ՀՀ ու Արցախի ՄԻՊ-երը համատեղ հայտարարություն են տարածել

ՀՀ վարչապետի գնահատականները խիստ վտանգավոր են Արցախի հայերի կենսական իրավունքների համար։ Այս մասին ասվում է Հայաստանի ու Արցախի ՄԻՊ-եր Արման Թաթոյանի և Գեղամ Ստեփանյանի տարածած համատեղ հայտարարության մեջ։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի գնահատականները խիստ վտանգավոր են Արցախի հայերի կենսական իրավունքների համար և խոչընդոտում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից պաշտպանությունը Հայաստանի վարչապետի 2021թ. դեկտեմբերի 24-ի առցանց ասուլիսի ընթացքում հնչած մոտեցումները հիմնովին հակասում են Արցախի հայերի կյանքի, անվտանգ ապրելու և մյուս կենսական, մարդկային գոյության համար անհրաժեշտ բնական իրավունքներին ու պարարտ հող են ստեղծում ադրբեջանական խախտումների համար: Այդ մոտեցումները ազգային ինքնորոշման բնական իրավունքը վտանգում են հիմնովին:

ՀՀ վարչապետի հրապարակային խոսքերում ամբողջությամբ անտեսված է, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը. սա ոչ միայն և ոչ այնքան հռետորաբանություն է, որքան ադրբեջանական իրականությունում տարիներով հետևողականորեն կենսագործվող թշնամանքի քաղաքականություն (կրթություն, մշակույթ, սպորտ և այլն):

Այն հատկապես ագրեսիվ է Արցախի ժողովրդի նկատմամբ: ՀՀ վարչապետի խոսքում անտեսված է, որ դեռ 1923 թվականին 95% հայկական բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայաթափմանն ուղղված է եղել ադրբեջանական հետևողական խտրական քաղաքականությունը՝ հետապնդումներով, ունեզրկումներով, վայրագություններով և այլ անօրինական միջոցներով:

Հայատյացության ու թշնամանքի ադրբեջանական պետական քաղաղաքականությունն է, որ 2020թ. պատերազմի ընթացքում հանգեցրեց Արցախում զանգվածային էթնիկ զտումների՝ թիրախային ավերելով քաղաքներն ու գյուղերը (Ստեփանակերտ, Մարտունի, Շուշի, Հադրութ և այլն), մարդկանց զրկելով իրենց հայրենի տներից, խոշտանգումներով ու դաժանություններով, սպանություններով, եկեղեցիներ պղծելով ու ոչնչացնելով:

Պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողները, ադրբեջանական իշխանությունների հովանահավորչությամբ, ամեն օր շարունակում են Արցախի ժողովրդի կենսական իրավունքների խախտումները՝ խաղաղ բնակիչների սպանությունների, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակոցների, գողությունների, հեռախոսային կենսական կապի խափանումների և ահաբեկչական բնույթի այլ հանցավոր արարքներով:

Ամեն օր ոտնահարված է Արցախում ապրող մարդկանց արժանապատվությունը: Բնույթով նույն խախտումները, նույն հանցավոր արարքները ամեն օր շարունակվում են նաև Հայաստանի բնակչության նկատմամբ: Թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի պարագայում ադրբեջանական զինված ծառայողները գործում են հանցավոր անպատժելիության պայմաններում:

Չկան մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներ: ՀՀ վարչապետի գնահատականները համարում ենք խիստ վտանգավոր. դրանք հիմնավորում են քաղաքական հարցերի գերակայությունը մարդու իրավունքների նկատմամբ, ամրացնում են մարդու իրավունքներն անտեսող ադրբեջանական կեղծ թեզերը և ավելի իրական են դարձնում մեր հայրենակիցների իրավունքների խախտումների վտանգները. հենց սրան են տարիներ շարունակ ձգտել ադրբեջանական իշխանությունները: Այս քաղաքականությամբ է, որ ադրբեջանական իշխանությունները անընդհատ խոչընդոտել են, ամեն ինչ արել են Արցախը արտաքին աշխարհից մեկուսացնելու, արցախահայությանն իրենց իրավունքների պաշտպանությունից զրկելու համար՝ վարելով միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակային քաղաքականություն:

Ազգային ինքնորոշման, մարդու կենսական իրավունքներն ու այդ իրավունքների երաշխիքներն անտեսելու, դրանց պաշտպանությունն ամեն գնով խոչընդոտելու քաղաքականությունն է պարարտ հող ստեղծել այն դաժանությունների ու վայրագությունների, էթնիկ զտումների համար, որ տեղի ունեցան 44-օրյա պատերազմի ընթացքում: Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համար խաղաղությունը բացարձակ արժեք է, բայց ադրբեջանական իշխանությունների հայտարարած խաղաղասիրությունը կեղծ է, այն միայն հետապնդում է արտաքին աշխարհին այդպիսին ներկայանալու, իրական դեմքը կեղծիքներով քողարկված պահելու նպատակ:

Ուստի, բոլորին խստիվ հորդորում ենք դադարեցնել մարդու իրավունքներն անտեսելը, ինչը պարարտ հող է ապահովում ադրբեջանական կեղծ թեզերի համար, բացառել մարդու իրավունքները քաղաքական հարցերին ստորադասելը, ինչպես նաև զերծ մնալ հատկապես միջազգային ատյաններում ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության արհեստական խոչընդոտներ ստեղծելուց»։