Քանի դեռ Հայաստանում բոլորը կենտրոնացած են սպասվող ընտրությունների վրա, կուսակցությունները փորձում են վերադասավորվել, վերլուծաբանները՝ տոկոսներ հաշվել, կանխատեսել, թե ով կընտրվի, կամ ուժերի ինչ հարաբերակցություն կձևավորվի, ամենահիմնարար հարցը մնում է լուսանցքում՝ կառավարման համակարգի հարցը։
Ու խնդիրն այն չէ, թե ով կընտրվի, այլ այն, թե ինչի մեջ ենք մենք բոլորս։ Մի համակարգ, որը ստեղծվել էր Սերժ Սարգսյանի կոստյումի չափերով, պարզապես հարմարեցվել է նոր մարմնին, ու քանի դեռ այն որպես հագուստ չի փոխվել՝ ընտրություններ կոչվող միջոցառումն ուղղակի փակուղի է։
Հայաստանը այսօր ունի խորհրդարանական կառավարման համակարգ, որը տեսականորեն պետք է ապահովի ժողովրդավարական վերահսկողություն, իշխանության բաշխում և քաղաքական պատասխանատվություն։ Գործնականում, սակայն, նույն այդ համակարգը ստեղծում է վտանգավոր մի իրականություն, որը թույլ է տալիս մեկ անձի տարիներով, նույնիսկ տասնամյակներով մնալ գործադիր իշխանության գլխին՝ առանց որևէ սահմանադրական ժամկետային սահմանափակման։
Ես վերացարկվում եմ գործող վարչակազմի շուրջ մտորումներից, քանի որ խնդիրը այսօրվա իշխանությունը չէ և նույնիսկ գործող վարչապետի անձը չէ։ Խնդիրը համակարգն է, որը կառուցված է այնպիսի տրամաբանությամբ, կարծես Հայաստանը կայացած ժողովրդավարություն է, որտեղ ընտրությունները միշտ ազատ են, մրցակցային, իսկ իշխանափոխությունը՝ բնական։ Բայց մեր քաղաքական փորձը այլ բան է հուշում։
Հայաստանում երբևէ իշխանությունը ընտրություններով չի փոխվել։ Կուսակցությունները վերարտադրվել են, իսկ նախագահները, եթե չունենային սահմանադրական ժամկետային սահմանափակում, չէին հեռանա։
Եվ հենց այս իրականության պայմաններում վարչապետի պաշտոնի համար ժամկետ չսահմանելը քաղաքական կարճատեսություն չէ պարզապես, այլ՝ ինստիտուցիոնալ ռիսկ։ Երբ ամբողջ հույսը դրվում է ժողովրդի ընտրության վրա, անտեսվում է այն պարզ ճշմարտությունը, որ իշխանությունն ունի ինքնապահպանման բնազդ և ժամանակի ընթացքում կուտակում է այնպիսի վարչական, ֆինանսական ու տեղեկատվական լծակներ, որոնք ընտրությունը դարձնում են ոչ թե փոփոխության, այլ ինքնավերարտադրման գործիք։
Դեռևս Սերժ Սարգսյանի օրոք, երբ Հայաստանը նախագահական համակարգից անցում կատարեց դեպի խորհրդարանական, այս վտանգի մասին էինք խոսում ու հենց այս հեռանկարը աչքի առաջ ունենալով էինք դուրս եկել փողոց՝ մերժելով ի դեմս Սերժի հենց այս համակարգը։ Այն ժամանակ քննադատության հիմնական առանցքը մեկն էր՝ թույլ չտալ իշխանության հավերժացում։ Պատահական չէ, որ հենց Նիկոլ Փաշինյանն էր այդ օրերին հրապարակներում կոչ անում՝ «Մերժիր Սերժին», և այդ քննադատությունն արդար էր։
Բայց այսօր նույն համակարգը շարունակում է գործել, և նույն վտանգը ոչ միայն չի վերացել, այլև դարձել է լռությամբ ընդունված նորմ։ Համակարգը, որի դեմ դուրս էին գալիս իրենք, այժմ ծառայում է հենց իրենց։
Կարելի է ասել՝ եթե ժողովուրդն ընտրում է, ուրեմն խնդիր չկա։ Բայց սա տեսական ժողովրդավարության փակուղի է։ Իրական քաղաքականության մեջ, հատկապես այն երկրներում, որտեղ պետական ինստիտուտները թույլ են, դատարանները՝ կախյալ, մեդիան՝ ճնշման տակ, իսկ վարչական ռեսուրսը՝ ամենուր, ընտրությունը չի կարող լինել միակ ապահովագրությունը իշխանության կենտրոնացման դեմ։
Օրինակ՝ ամեն կիրակի ՀՀ վարչապետը, եկեղեցու դեմ արշավի շրջանակներում, մի խումբ պաշտոնյաների հետ Հայաստանի տարբեր եկեղեցիներում ներկա է լինում այլընտրանքային պատարագների։
Բոլոր պաշտոնյաները այդտեղ են գնում իրենց ծառայողական մեքենաներով, Ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ, և դա ակնհայտորեն վարչական ռեսուրսի աննպատակ օգտագործում է՝ չարաշահում։ Ընտրարշավի ընթացքում ևս մենք ականատես կլինենք նման տեսարանների, և դա շարունակվելու է, քանի դեռ չկա սահմանափակում։ Եվ կապ չունեն նաև երկրի աշխարհագրական դիրքն ու պատմական անցյալը։
Հունգարիայում Վիկտոր Օրբանը իշխանության է արդեն ավելի քան տասնամյակ՝ խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Ամեն ինչ օրենքի շրջանակում է․ խորհրդարան կա, ընտրություններ կան, բայց նաև կա մեկ կենտրոնացված իշխանություն, որը վերահսկում է մեդիան, դատարանները և խաղի կանոնները։ Ժողովրդավարության ձևը պահպանված է, բովանդակությունը՝ ոչ։
Խորհրդարանական համակարգը աշխատում է միայն այն երկրներում, որտեղ կան ուժեղ ինստիտուտներ, անկախ դատարաններ, կայացած կուսակցություններ և իրական քաղաքական մրցակցություն։ Առանց դրանց այն դառնում է ամենափափուկ ճանապարհը երկարաժամկետ իշխանության համար։
Ի վերջո, ժողովրդավարությունը չի կարող մնալ լավ մարդու հույսին, այն պետք է կառուցված լինի այնպես, որ դիմանա նաև վատ ղեկավարին։ Իսկ համակարգը, որը թույլ է տալիս մեկ անձին անսահմանափակ ժամկետով ղեկավարել երկիրը, վաղ թե ուշ կօգտագործվի հենց ամենավատ նպատակներով։
Անձերը գալիս ու գնում են։ Համակարգերը մնում են։ Եվ եթե այսօր չենք խոսում համակարգային սահմանափակումների մասին, վաղը ստիպված կլինենք նորից խոսել «հավերժ իշխանության» դեմ պայքարի մասին՝ հերթական հրապարակում։
Զարուհի Հովհաննիսյան
MediaLab.am

