«Ակնհայտ է՝ խոսք չկա Արցախի որևէ կարգավիճակի մասին Ադրբեջանից դուրս, ընդհանրապես կարգավիճակի մասին չի խոսվում». Տիգրան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը

– Պարո՛ն Գրիգորյան, Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումն ինչպե՞ս եք գնահատում:

– Այս ձևաչափով սա կողմերի երրորդ հանդիպումն էր, ու կարծում եմ, որ այն պայմանավորված էր նաև նրանով, որ նախորդ հանդիպմանը ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ այդպես էլ կյանքի չէին կոչվել, օրինակ՝ նույն դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումն այդպես էլ տեղի չէր ունեցել, չնայած կային պայմանավորվածություններ, ու նման հանդիպումների իմաստը հենց այս գործընթացները խթանելն է:

Ինչ վերաբերում է Շառլ Միշելի տարածած տեքստին, ապա այնտեղ կան մի շարք պահեր, որոնք կարելի է դրական համարել, կան պահեր, որոնք՝ և՛ դրական, և՛ բացասական, մի խոսքով՝ տարբեր են տպավորությունները:

 – Կմանրամասնեք դրական կողմերը:

– Դրականը ճոխ է ասված, բայց ապաշրջափակման գործընթացի վերաբերյալ առկա մտքերը, երբ նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևան Հայաստանի տարածքով կապի, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր հատվածների միջև կապի վերաբերյալ, ինչը ենթադրում է, որ խոսքն այս դեպքում Նախիջևանի երկաթուղու օգտագործման մասին է, օրինակ՝ Երևանից Մեղրի ինչ-որ բեռներ փոխադրելու մասին է, այսինքն՝ այս երկու հարցը նույն հարթության մեջ դնելը նշանակում է, որ, օրինակ՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ, օրինակ՝ Երևանը Նախիջևանի տարածքով Մեղրիին կապող երկաթուղին: Ես այդպես եմ հասկանում այդ մասը:

– Պարո՛ն Գրիգորյան, իսկ ոմանք այդ հատվածից հասկացել են, որ դա, ըստ էության, Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջած՝ այսպես կոչված միջանցքն է:

Որևէ նախանշան չկա, որ խոսքը հենց միջանցքի մասին է: Ինչպես արդեն նշեցի, եթե խոսքը միջանցքի մասին լիներ, այդ երկու կետերը նույն հարթության մեջ չէին դրվի: Որևէ արտառոց տերմինաբանություն, տեղեկություն չկա այդ հաղորդագրության մեջ, որպեսզի կարողանանք եզրահանգել, որ խոսքը միջանցքի մասին է, բայց միջանցք ասվածն էլ է շատ պայմանական, որովհետև յուրաքանչյուր կողմ կարող է այդ ճանապարհն իր ուզած ձևով մեկնաբանել ու անվանել:

– Ինչպես նշված է հայտարարության մեջ, առաջիկայում հնարավոր համարո՞ւմ եք, որ միջպետական սահմանին տեղի ունենա սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի աշխատանքը:

 – Կարծում եմ՝ հնարավոր է, նախկինում դա տեղի չէր ունենում տեխնիկական խնդիրների պատճառով, բայց հիմա եթե հայտարարում են, որ պայմանավորվածություն են ձեռք բերել, կարելի է ակնկալել, որ հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածը կարող են նախօրոք դելիմիտացնել ու դեմարկացնել, ու այդտեղ անցկացնել բանակցությունները:

– Ռուսաստանն այս գործընթացին կմասնակցի՞, որովհետև կոնկրետ հայտարարության մեջ խոսք չկա այդ մասին:

– Դժվար է առանց Ռուսաստանի մասնակցության պատկերացնել այդ գործընթացը, որովհետև, ինչպես գիտենք, քարտեզները, որոնց հիման վրա պետք է իրականացվի այդ աշխատանքը, գտնվում են Մոսկվայում, իսկ այլ քարտեզ պարզապես գոյություն չունի: Ինչ-որ փուլում ռուսական մասնակցություն անշուշտ լինելու է:

– Շառլ Միշելը շեշտել է, որ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»: Այս միտքը արդեն հասցրել է մեկնաբանվել այնպես, որ Հայաստանի գործող իշխանությունը համաձայն է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում: Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում:

– Առաջին հայացքից կարելի է դրական զարգացում համարել, որ այսպիսի հայտարարություններում առաջին անգամ հիշատակվում է Արցախը, որովհետև Միշելի նախորդ հայտարարություններում, նաև ԵՄ այլ մարմիններում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդհանրապես որևէ հիշատակում չկար, սակայն երբ ավելի խորն ենք ուսումնասիրում այդ ձևակերպումը, տեսնում ենք, որ, օրինակ՝ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթի փոխարեն օգտագործում է «Ղարաբաղ» եզրույթը, ինչն ավելի լայն հասկացություն է, այսինքն՝ Ադրբեջանը հայտարարում է, որ չկա Լեռնային Ղարաբաղ վարչատարածքային միավոր, և Ադրբեջանին չգրգռելու համար Միշելն այդ հայտարարության մեջ գրել է «Ղարաբաղ»: 

Իսկ Ղարաբաղ ասելով՝ շատ բան կարելի է հասկանալ, օրինակ՝ Ադրբեջանում հիմա գոյություն ունի Ղարաբաղի տնտեսական գոտի, որի մեջ ներառված են ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ի տարածքի մաս հանդիսացող բնակավայրերը, այլ նաև դրանցից դուրս գտնվող բնակավայրեր: Այդ առումով այս ձևակերպումը որևէ կերպ չի համապատասխանում հայկական պատկերացումներին: 

Ակնհայտ է նաև, որ անվտանգության ու իրավունքների մասին խոսույթը տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որը գոյություն ուներ ապրիլի 13-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը խոսեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողի իջեցման մասին: Ակնհայտ է, որ այստեղ խոսք չկա Արցախի որևէ կարգավիճակի մասին Ադրբեջանից դուրս, ընդհանրապես կարգավիճակի մասին չի խոսվում:

– Պարո՛ն Գրիգորյան, այսինքն՝ ի՞նչ է ստացվում. Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը համաձայն է Ադրբեջանի կազմում արցախահայության ֆիզիկական անվտանգության ապահովման երաշխիքների՞ն:

– Եվրամիության միջնորդությամբ ընթացող բանակցություններում մոտավորապես այդպես է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, բայց դա այնքան էլ հեշտ լուծվող հարց չէ: 

Բայց Ռուսաստանի միջնորդությամբ տեղի ունեցող բանակցություններում հստակ է նաև, որ հայկական կողմը փորձում է տարանջատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեմայից:

– Իսկ նույն հարցերը տարբեր միջնորդների հետ քննարկելու վերջնարդյունքը ո՞րն է լինելու:

– Հակասությունները միայն Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցերում են: Եվրամիությունը և հավաքական Արևմուտքն ընդհանուր առմամբ կողմ են, որ այս հարցը համապարփակ լուծում ստանա, ու այդ լուծումը, ինչպես տեսնում ենք, պատկերացնում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում: 

Ռուսաստանը, ինչպես գիտենք՝ կողմ է, որ այդ հարցերը սառեցվեն, բայց մյուս բոլոր հարցերում լուրջ հակասություններ չկան: Ե՛վ Մոսկվան, և՛ Բրյուսելը, և՛ Վաշինգտոնը հետաքրքրված են, որ տարածաշրջանում ապաշրջափակում տեղի ունենա, հակասություն չկա նաև դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացում: 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հակասություններն էլ, կարծում եմ, ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո հնարավոր կլինի գալ ընդհանուր դիրքորոշման, որպեսզի կողմերը ինչ-որ կտրուկ որոշումների չգնան:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am