«Ամուսինս բռնցքամարտիկ է, պատերազմի ժամանակ վիրավորվել է, չի կարողանում մատները շարժի»․ Աթայանները՝ Արցախը սրտներում՝ անսահման կարոտով

«Ամուսինս բռնցքամարտիկ է, մրցումների էր մասնակցում, աշխարհի չեմպիոն է, նաև երեխեքին էր մարզում: Հիմա ձեռքը վիրավորվել է, չի կարողանում մատները շարժի»,- պատմում է 23-ամյա Լիա Գասպարյանը, որն Արցախյան պատերազմի ժամանակ հայրենիքից տեղահանվել և այժմ ընտանիքի հետ ժամանակավորապես բնակություն է հաստատել Աբովյան քաղաքում։

Լիայի ամուսինը՝ 26-ամյա Մհեր Աթայանը, մասնակցել է Արցախյան պատերազմին՝ հայրենիքի պաշտպանությունն իրականացրել Ջաբրայիլում։ Վիրավորում է ստացել ձեռքից, շուտով չորրորդ վիրահատության կենթարկվի, որից հետո բուժումները կշարունակվեն։

«Մի ամիս պառկեց հիվանդանոցում, երեք վիրահատություն ա տարել, չորրորդն էլ պետք է լինի։ Երկաթներով է հավաքված իր ձեռքը, պետք ա երկաթները հանեն վիրահատությամբ, դաստակի խնդիրը կա,- ասում է կինը և մտահոգ նշում,- երևի արդեն մի քանի տարի ամուսինս չի կարողանա մասնակցել մրցումների, բայց բուժումներից հետո գուցե կարողանա երեխաներին դասավանդել»:

Լիան մեկ տարեկան երեխայի հետ պատերազմի առաջին օրերին տեղահանվել է Ստեփանակերտից, որտեղ բնակարան էին վարձակալում: Ասում է՝ բնակարանում ամբողջը գույքը վնասվել է, այժմ ոչինչ չունեն Ստեփանակերտում։ 

«Ստեփանակերտում մենք վարձով էինք բնակվում, առավոտյան արթնացանք, մտածեցինք՝ հարևանը տանը վերանորոգում է անում: Հետո պատուհանից նայեցի՝ մարդիկ սաղ խառնված իրար, արդեն գնում են նկուղներ, թաքնվեն։

Մեր բարեկամները եկան, մեզ տարան Թաղավարդ: Մենք մեր գույքը թողեցինք վարձակալած տանը, տան մոտ սնարյադ ա ընկել, գույքից ոչինչ չի մնացել:

Երկու օր մնացինք Թաղավարդում, որ իրավիճակը սրվեց, ամուսինս էդ ժամանակ Երևանում էր, երեխաներին էր պարապացնում, բերել էր մրցումների: Ինքը ամսի 27-ին հետ եկավ Արցախ, 29-ին բարձրացավ դիրքեր։ Մենք եկանք Երևան։

Ամուսինս որ վիրավորվեց, բերեցին Երևան, հետո մենք տեղափոխվեցինք Աբովյան»,- պատմում է կինը:

Լիան նշում է, որ պատերազմից ամիսներ անց արդեն որոշակիորեն հարմարվել են․ «Պատերազմի ժամանակ ստեղ մի քիչ դժվար էր, սաղ իրար գլուխ էինք հավաքվել, ամուսին էլ վիրավոր էր: Որ էդ վիճակում տեսա, շատ վատ եղա։ Մի կողմից ուրախ էի, որ միայն վիրավորում է ստացել, բայց որ էդպես տեսա, վատ եղա։

Էստեղ անընդհատ չէինք հարմարվում, հիմա քիչ-քիչ հարմարվում ենք, մեր բարեկամներն են օգնել իրերով, մենք էլ ենք ձեռք բերել։ Բայց չգիտենք հետագայում ինչ կլինի, միևնույն ա, մեր հայրենիքը մեզ ձգում ա»,- ասում է Լիան:

Նա ասում է, որ մինչ պատերազմը կյանքը հունի մեջ էր մտել, այժմ չգիտեն՝ ինչ է սպասում իրենց։

Լիայի և ամուսնու ծնողները վերադարձել են հայրենիք՝ Մարտունի։ Այնտեղ փորձում են վերականգնել պատերազմի ժամանակ վնասված տները:

«Իմ ու ամուսնուս ծնողների տունը սնարյադ ա ընկել, հիմա գնացել են էնտեղ, նորից կառուցում են, նորից սարքում են։ Ծնողներս էնտեղ կմնան երևի, իրենք ասում են՝ մի՛ եկեք, բայց մեր հայրենիքն ա, չգիտեմ»,- ասում է Լիան։

Լիան ասում է, որ հաճախ երազում տեսնում է Արցախը՝ Թաղավարդը, Ստեփանակերտը, բարեկամներին, որ այժմ Արցախում են, իրենցից հեռու։ Ասում է, որ կարոտում է բարեկամներով խաղաղ հավաքները:

«Մեր բարեկամները բոլորն էնտեղ են, իրենց ենք կարոտում։ Մի քանի անգամ երազումս տեսել եմ, որ հավաքվում ենք մեր գյուղում՝ բոլորը ներկա էին։ Մեր տարածքն ենք կարոտում, հողը, էստեղ մեծ քաղաք ա, էնտեղ ամեն ինչը մոտիկ էր, մենք էնտեղ ամեն ինչ գիտեինք, սովորել էինք։

Հիմա սպասում ենք ամուսնուս վերականգնմանը, իհարկե նաև վախ ունենք վերադառնալու հետ կապված, Ստեփանակերտում էլ վարձով տուն չկա: Ճիշտն ասած, շատ ենք ուզում վերադառնալ, բայց դեռ սպասում ենք, տեսնենք՝ ինչ է դառնում»,- ասում է Լիան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am