«Իմ տեսակն իրենց դուր չի գալիս․ պետք է անպայման վարկաբեկեն, խայտառակեն․ սա ուղղակի լակոտություն է». Վարդան Ղուկասյան

ՀՀ քննչական կոմիտեն Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրել՝ պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու 19 դեպքերի մի շարք հանգամանքներով: 

«Մեդիալաբը» մի քանի հարց է ուղղել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

– Պարո՛ն Ղուկասյան, ձեզ շուրջ 40 դրվագով մեղադրանք է առաջադրվել, մասնավորապես, օրենսդրության խախտմամբ պետական ու համայնքային սեփականություն հանդիսացող բազմաթիվ հողատարածքներ եք օտարել, որի իրավունքը չեք ունեցել։ Ծանո՞թ եք մեղադրանքին։

– Ինչի էդպիսի մա՞րդ կա, որի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել։ Այդպիսի բան հնարավոր չի, մեր տեսակի մարդիկ կամ կալանավորված են, կամ գրավով դուրս են եկել։ 

– Ձեր տեսակ ասելով ի՞նչ նկատի ունեք։

– Իմ տեսակ ասելով նկատի ունեմ այն, որ այդպիսի մարդիկ զզվում են ԼԳԲՏ-ից, դավաճաններից: Հայրենասեր, խղճին ծառայող, կառուցապատող, շենացնող՝ այդպիսի մարդիկ այսօր տեղ չունեն։ 

– Իսկ մեղադրանքի հիմքերը որքանո՞վ են հիմնավոր։

– Հիմարություն է, ցնդաբանություն, հերթական շոուն է, հերթական քաղաքական պատվերները, վախը սպասվող քաղաքապետի ընտրություններից, որ կամ ես կդնեմ իմ թեկնածությունը, կամ մեկին կպաշտպանեմ։ 

Ռոբերտ Քոչարյանին պաշտպանողներին ուզում են ջրի երեսից քաշող ուժին վերացնել, որ իրենց ուզածը գնա առաջ։ Իմ գործերը հազար տարի ստուգել են։ Նշում են, որ կանաչ գոտիներ եմ հատկացրել։ 

Իրականում բետոնային կառույցը մաքրել են, 20 հազար մրգատու ծառ են տնկել, ու դա համարում են օրենքի խախտում, չարաշահում։ Հետո դուք պատկերացրեք՝ մեկը կարո՞ղ է 1500 հոգու տեղը պատասխանատվություն կրել։ 

– Դուք սա քաղաքական հաշվեհարդա՞ր եք համարում։

– Միանշանակ այդպես է։ Ամենակարևորը գիտե՞ք ինչ հասկացա։ Որ այդքան ասում են՝ հեղափոխություն, հեղափոխություն, բայց հեղափոխություն չի կատարվել։ Ես զգում եմ, ոնց որ նույն Սերժ Սարգսյանն աշխատի, ինչպես երկվորյակներ։

– Առաջադրվելո՞ւ եք Գյումրու քաղաքապետի թեկնածու։

– Դա դեռ հարցական է՝ կառաջադրվե՞մ, թե՞ չեմ առաջադրվի։ Դա իմ անձնական գործն է, դրա մասին դեռ չեմ էլ մտածել։ 

– Ինչպե՞ս եք գնահատում նոր Ազգային ժողովի աշխատանքը։

– Ես խորհրդարանին հետևում եմ, այդ շոուները տեսնում եմ, բայց ես մի բան եմ զգում, որ նախկին իշխանությունը բերեց այս իշխանություններին, ու ոնց որ մի հորից, մի մորից մարդիկ լինեն։ Ինչպես նրանց ժամանակ քարկոծվեցինք, հիմա էլ սրանց ժամանակ ենք քարկոծվում։ Ես ստորագրում էի, որ Ազգային ժողովն իրենց չկալանավորի, ինքը հիմա նախկինների գործընթացն անում է իմ նկատմամբ։ Կեցցե՜ Մայիսի 1-ը։ 

– Պարո՛ն Ղուկասյան, դուք ասոցացվում էիք Քոչարյանի թիմի հետ։

– Այո՛, ես Քոչարյանին պաշտպանել եմ Գյումրի քաղաքում։ Իմ ուժերի ամենալայնամասշտաբ ծավալներով չեմ պաշտպանել։ Եթե պաշտպանեի, կլինեի շտաբի պետը։ Ցավոք սրտի, ես նեղ կռուգով եմ պաշտպանել, և ժողովուրդը չիմացավ, թե ես ում եմ պաշտպանում։ Մինչև այսօր ինձ հարցնում են՝ դու ո՞ւմ էիր պաշտպանում։ Բայց ես պաշտպանել եմ Ռոբերտ Քոչարյանին։ Ես այսօր զգում եմ, որ այսօրվա կառավարությունը և երրորդ նախագահի կառավարությունը նույն մարդիկ են։ 

– Կարծում եք, որ Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան՝ նո՞ւյն մարդիկ են։

– Այդպես եմ տեսնում։ Իսկ Քոչարյանին այս պահին չեմ կարող բան ասել։ 

– Ձեր դեմ ի՞նչ ունեին, որ ասում եք՝ քաղաքական հետապնդում են իրականացնում։

– Իմ տեսակն իրենց դուր չի գալիս։ Պետք է անպայման վարկաբեկեն, խայտառակեն։ Իրենք սոցհարցում են անում, տեսնում են, որ քո հետևից ժողովուրդ է գնում, ամեն ինչ անում են, որ վարկաբեկեն, ժողովրդի մոտ խայտառակեն։ Նույնը մինչև հիմա կրկնվում է։ 

– Այսինքն՝ կանխում են ընտրություններին ձեր հնարավոր հաղթանա՞կը։

– Միանշանակ, դրա մասին ոչ մի խոսք։ Եթե ես իմ թեկնածությունը դնեմ, հազար տարվա մեռելներն էլ գան, ես անպայման կհաղթեմ Գյումրիում։ Իրենք դա լավ գիտեն։ Հիմա ինձ ինչո՞ւմ են մեղադրում, որ «Օազիս» ռեստորանն եմ սարքել, հա՞։ Մարդիկ լավ տեսել են, թե ինչից ինչ ենք սարքել։ Հիմա էդտեղ սարքել ենք դենդրոպարկ։ Իսկ այս վերջին անգամ Գյումրիի կենտրոնում այգու բոլոր ծառերը կտրեցին, Թումո կենտրոն սարքեցին։ 

Փաստորեն իրենց կարելի էր այդ նույն հատվածում, իսկ մեզ չէր կարելի։ Նաև ռուսները որ թողեցին գնացին, իրենց փլված զորամասի վրա 20 հազար ծառ ենք տնկել, իսկ օրենքի 60-րդ հոդվածն են դրել իմ վրա։ Սա ուղղակի լակոտություն է։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am