«Ի՞նչ եմ արել որ, 2 միլիոն բան եմ կերել, էլի»

«Ի՞նչ եմ արել որ, 2 միլիոն բան եմ կերել, էլի»
«Ի՞նչ եմ արել որ, 2 միլիոն բան եմ կերել, էլի»

Չնայած կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում միլիոնավոր դրամների չարաշահումներ կատարած տասնյակ անձինք են կալանավորված, եւ ենթադրվում է, որ այդ աղմկահարույց բացահայտումներից հետո սոցիալական ապահովության ծառայության որոշ աշխատակիցներ, որոնց աշխատանքը կասկածի տակ է առնված, գոնե պետք է խելքները գլուխները հավաքեն, դեռ մի բան էլ իրենց անպատժելի են զգում: Այս ոլորտի նույնիսկ մանր-մունր պաշտոնյաները քաղաքացիների դժգոհություններին, մեղմ ասած, սանձարձակ պատասխաններ են տալիս:

74-ամյա Ռիմա Հակոբյանը նախորդ տարի ԱՄՆ-ից վերադառնալով Հայաստան՝ որոշել էր, ինչպես օրենքով է սահմանված, իր հասանելիք 3 տարվա կենսաթոշակը ստանալ: Դիմելով Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական ապահովության տարածքային բաժին՝ տիկին Հակոբյանը պարզել է, որ իր եւ ամուսնու այդ տարիների թոշակն ինչ-որ մեկն իրենց փոխարեն ստացել է: Սակայն մինչ սա պարզելը՝ տարածքային բաժնի պետ Գ. Մարտիրոսյանը սկզբում տիկնոջը վստահեցրել է, որ իբր թե օրենք է փոխվել, եւ տիկնոջն ու նրա ամուսնուն ընդհանրապես թոշակ չի հասնում, իսկ հետո հորդորել է դիմում գրել՝ հրաժարվել կենսաթոշակից:

«Բաժնի պետը մեր բոլոր պնդումներին, որ վճարեն մեր հասանելիքը, հայտարարեց՝ դիմումը չեմ ընդունի, թոշակ չեմ տա, ում ուզում եք՝ բողոքեք, ոչ մի բանի էլ չեք հասնի»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Ռիմա Հակոբյանի քույրը՝ Ռոզա Հակոբյանը: Նրա ներկայացմամբ՝ քրոջ հետ պարբերաբար այցելելով սոցապ ծառայության տարածքային բաժին եւ համառ պայքարից հետո՝ պարզել են, որ քրոջ եւ նրա ամուսնու մոտ 4 տարվա կենսաթոշակը վճարված է, ընդ որում, Ռիմա Հակոբյանի ամուսինը՝ Լյուդվիգ Սահակյանը, ԱՄՆ-ում մահացել է 2009 թվականին, սակայն մահվան մասին չիմանալով, «հուրախություն» սոցապի տարածքային բաժնի, աշխատակիցները շարունակել են նրա անունով թոշակը ստանալ: Տիկին Ռոզայի պատմելով՝ երբ պահանջել են ներկայացնել, թե ո՞վ է իրենց փոխարեն ստորագրել եւ, այսպես ասած՝ ով է յուրացրել իրենց հասանելիք գումարը, Լուչեւայա «Գ», բնակարան 5 հասցեի սոցապ ծառայության տեսուչը՝ Սաքոն, փոխանակ գոնե մի փոքր համեստություն դրսեւորեր, դեռ մի բան էլ համարձակորեն խոստովանել է իր կատարած խարդախությունները. «Հա, լավ, ի՞նչ եմ արել, 2 միլիոն դրամ եմ էլի կերել, ում ուզում եք՝ բողոքեք, մեկ ա՝ էդ փողն էլ չեք կարա ստանաք»,- պատմեց տիկին Ռոզան: Կարդալ ավելին