Շառլի Էբդոն եւ Անկարայի լարախաղացությունը

Շառլի Էբդոն եւ Անկարայի  լարախաղացությունը
Շառլի Էբդոն եւ Անկարայի լարախաղացությունը

Ֆրանսիան եւ ընդհանրապես աշխարհը ցնցած իսլամական ծայրահեղական ձեռագիր ունեցող ահաբեկչությունը  այս օրերին իր վրա կենտրոնացրել է երկրագնդի ուշադրությունը: Վերլուծումները, բանավեճերը, շարժումները շարունակում են ողողել ամեն տարածք, որ սա կամ նա ձեւով մտահոգ է ահաբեկչական  միտումի մագլցողականություն արձանագրող ընթացքից: Պարզվում է հետզհետե, որ երկրագունդը իր կարեւորագույն աշխարհագրական միջավայրերով անվտանգության գոտիներից դուրս է եկել եւ կարող է  դիմագրավել նման արաքների շարունակականությունը: Փաստացի ուղերձն այն է, որ իսլամական պետությունը իր բազմաճյուղ դրվածքով դուրս է եկել Միջին Արեւելքից, իր «կրոնագաղափարական» ազդեցության տակ է առել ծայրահեղական տարբեր խմբավորումներ, որոնք գործում են  բարբարոսաբար` «հանուն կրոնի»:

Իհարկե մեկնաբանություններն ու ընկալումները գերքաղաքականացված են: Միեւնույն բարբարոսությունը աշխարհագրական տարբեր միջավայրում նույն որակումներին, նույն դատապարտանքներին եւ նույն հակազդեցության ալիքներին չի արժանանում: Տարբեր խնդիր է նաեւ նման արարքների հետևում կանգնած եւ պետական մակարդակի համապատասխան նեցուկ ստացած խմբավորումների ծագման, զարգացման հոլովույթը, ներշնչումները, քաջալերանքները, ֆինանսական եւ ռազմական օժանդակությունների երեւույթների մանրամասն ուսումնասիրությունը: Թվում է, որ պահը հասունացել է խորհելու, թե նման շարժումները իբրեւ Միջին Արեւելքի սահմանների վերագծման քաղաքականության ծառայող գործիքներ արդեն դուրս են եկել վերահսկողությունից եւ աշխատում են ընդդեմ գործիքները հնարողների:

Այս մեկը անշուշտ հարցերի հավելյալ ու խորացյալ իրազեկություն է պահանջում, մանավանդ քաղաքական շարժառիթների ոչ ենթադրյալ այլ ճիշտ իմացություն: Բայց պարզ է, որ ստեղծված այս կացությունում թուրքական գործոնի հակազդեցությունը հսկայական հակասությունների տեղիք է տալիս եւ մեծ հարցականներ  է ստեղծում:

Թուրքիայի վարչապետի հայտնվելը դատապարտանքի եւ զորակցության քայլարշավին որոշ նախաբան ուներ. Անկարայի հայտարարությունները` ահաբեկչությունը դատապարտող ու տակավին այն կանխարգելող գործողությունների մասնակցելու պատրաստակամության դրսեւորումով, Դավութողլուի ճանապարհն էր հարթում դեպի Փարիզ։

Լուսարձակը կենտրոնացնենք Դավութողլուի, այս առիթով կատարած հայտարարության վրա եւ տեսնենք այնտեղ տեղավորված ուղերձի հիմնական կետերը.

1. Անկարան ահաբեկչության դեմ հստակ կեցվածք է որդեգրել. Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ զոհ են գնացել ահաբեկչության:

2. Ահաբեկչությունը կրոնական կամ ցեղային բնույթ չունի, այլ մարդկության դեմ ոճիր է:

3. Նշում` թուրքական եւ ֆրանսիական գաղտնի սպասարկությունների միջեւ սերտ գործակցության` ահաբեկիչները բացահայտելու նպատակով:

Հայկական ակնոցով բոլորից աւելի գրգռիչ հայտարարությունը մարդկության դեմ ոճիրին վերաբերող թուրք գործչի հայտարարությունն է եւ դատապարտանքը գործադրողին եւ դրդապատճառներին, առանց որեւէ արդարացման:

Բայց այս կետը, կարող է այնքան չշահագրգռել միջազգային հանրային կարծիքը, որքան իսլամական ծայրահեղականության անվան տակ ծայր առած միջազգային ահաբեկչության երեւույթի նկատմամբ Անկարայի տված այժմյան գնահատականը: Մինչ այժմ աշխարհի տարբեր կենտրոններում ներկայություն փաստող եւ անվտանգության սպառնացող նույն տարրերը  սպառնական գոյություն չեն ընդգծում Թուրքիայի տարածքում տեղակայված, ռազմական օժանդակություն ստացած, թուրքական սահմաններից դեպի Իրաք եւ Սիրիա անարգել ելումուտ ունեցող այս խմբավորումներին, որոնք եւրոպական մասնաճյուղերն են պարզապես եւ որոնք Դավութողլուի քննադատության թիրախ են դառնում:

Դեռեվս, այս առիթով  հայկական ոսպնյակի դիտարկումով չենք վերարծարծում Դեր Զորի հուշահամալիրի պայթեցումը Թուրքիայից թափանցած միեւնույն տարրերի կողմից: Համայն մարդկության համար Դեր Զորը կոչված էր ներկայացնելու զանգվածային սպանության այն կենդանի հուշարարն ու վկայարանը, որ մարդկության դեմ ոճիրի ամենից վառ, ամենից խոսուն եւ ամենից անմարդկային ոճիրին էր վերաբերում: Անհամեմատելիորեն շատ ավելին քան Շառլի Էբդոն:

Թեեւ ֆրանսիական կողմի ընկալումը թուրքական աշխուժությանը շատ խանդավառ չերեւաց: Այսուհանդերձ, կասկած չկա, որ այս թոհուբոհում իր հարցերը լուծել փորձող Անկարայի ներկայացուցիչը ճիգ չի խնայելու պաշտոնական Փարիզի խոստման իրականացումը տապալելու: Խոսքը վերաբերում է Ֆրանսիայում ցեղասպանության ժխտողականության քրեականացմանը:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

© Medialab.am