Ինչո՞ւ և ո՞ւմ ցուցումով են ռուս խաղաղապահներն առանց լուրջ հիմնավորման արգելում օտարերկրացի լրագրողների մուտքը Արցախ. փորձագետներ

Մի կողմից Ադրբեջանը, մյուս կողմից՝ ռուս խաղաղապահները խոչընդոտներ են ստեղծում Արցախի տարածք միջազգային լրագրողների մուտքի հարցում։ Բազմաթիվ միջազգային լրագրողների ու լրատվամիջոցների կողմից այս մասին ահազանգեր են ստացվում։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասում է՝ պատկերը հետևյալն է՝ Ադրբեջանն է կարողանում այս հարցում թելադրող լինել։

«Ե՛վ պատերազմի ժամանակ, և՛ պատերազմից հետո Ադրբեջանը շատ հստակ ընտրողական վերաբերմունք ունի տարբեր լրատվամիջոցների նկատմամբ։ Այն լրատվամիջոցների համար, որոնց հետ աշխատել են ու կարողացել են հասնել նրան, որ իրենց ուզածով լուսաբանեն, բոլոր դռներն ու ճանապարհները բաց են։

Որոնց վրա կասկած կա, որ իրենք Բաքվի համար անցանկալի ձևով կլուսաբանեն իրադարձությունները, նրանց համար խոչընդոտներ են ստեղծվում։ Միգուցե այդ խոչընդոտները պակասել են պատերազմից հետո, բայց մնում են»,- «Մեդիալաբին» ասում է Բորիս Նավասարդյանը։

Նշենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որով Ռուսաստանին կոչ է անում դադարեցնել Լեռնային Ղարաբաղը տեղեկատվական «սև խոռոչի» վերածելու քաղաքականությունը: Ըստ կազմակերպության հայտարարության՝ այս տարվա փետրվարին ռուս խաղաղապահները մոտ 10 օտարերկրյա լրագրողի մուտքի թույլտվություն են մերժել։

Կազմակերպությունը կոչ է անում ՄԱԿ-ին ու Եվրոպայի խորհրդին՝ ապահովել տեղեկատվության իրավունքի հարգումը։

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը վերջին շրջանում մամուլում անդրադարձել է այս խնդրին՝ պարզաբանելով, որ օտարերկրյա քաղաքացիների և լրագրողների մուտքի թույլտվության վերաբերյալ որոշումը կայացնում են Արցախի համապատասխան կառույցները՝ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հետ համագործակցությամբ։

Բայց հանրությանը չի տրվում հստակ պատասխան՝ ինչո՞ւ են ռուս խաղաղապահները խոչընդոտ ստեղծում միջազգային լրագրողների մուտքի համար։

«Կարծում եմ՝ պատկերը լիովին պարզ է՝ Ադրբեջանը կարողանում է թելադրել իր պայմանները։ Եվ այդ պայմաններից մեկն այն է, որ բացի Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիներից, որևէ օտարերկրացի, առանց Ադրբեջանի թույլտվության, չի կարող այցելել Արցախ»,- ասում է Բորիս Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ կոմունիկացիան բավական բարդ է այս հարցում։ «Եթե որևէ մեկը դիմում է Հայաստանի իշխանություններին՝ Արցախ գնալու համար, Հայաստանի իշխանություններն այդ խնդրանքը փոխանցում են ռուս խաղաղապահներին։ Իսկ ռուս խաղաղապահներն արդեն հարցը համաձայնեցնում են Ադրբեջանի իշխանությունների հետ։ Եվ ես կարծում եմ՝ երբ խոսքը լրագրողների մասին է, ադրբեջանցիները գերադասում են մերժել, եթե ընդհանրապես ստանում են այդ խնդրանքները»,- հավելում է Նավասարդյանը։

Ըստ նրա՝ տեսանելի է, որ Ադրբեջանի մոտ կա սկզբունքային ցանկության բացակայություն, որպեսզի լրագրողներ գնան Արցախ։ Եվ շատ հնարավոր է, որ ռուս խաղաղապահների կողմից այդ խնդրանքներն այլևս չեն էլ փոխանցվում նրանց, քանի որ անիմաստ է։

Բորիս Նավասարդյանի խոսքով՝ հայկական կողմն այս հարցում որևէ անելիք դժվար թե ունի, եթե համաձայնել է այս կարգին։ «Իսկ որ համաձայնել է, ես դրանում որևէ կասկած չունեմ»,- հավելում է նա։

Բորիս Նավասարդյանը նաև նշում է, որ եթե Հայաստանին վերաբերող որևէ միջազգային զեկույցում հիշատակվի այս արգելքի մասին, ապա դժվար թե պատասխանատվությունն ընկնի Հայաստանի իշխանությունների վրա։

«Ցավոք, Ադրբեջանը հասել է նրան, որ բոլոր միջազգային կառույցները Արցախի տարածքը դիտարկում են որպես Ադրբեջանի ինքնիշխանության ներքո գտնվող տարածք։ Եվ այդ սահմանափակումների համար պատասխանատվությունը պետք է կրի Ադրբեջանը։ Եվ ես նույնիսկ կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները լավ կանեն չքողարկեն այն մեխանիզմները, որոնք ես ներկայացրեցի»,- ասում է նա։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ ամբողջ խնդիրն այստեղ պայմանների ոչ հստակ լինելն է։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մտահոգությունը տեղին է, և հայկական կողմն ամեն ինչ պետք է անի, որպեսզի այս հարցի լուծումը շոշափելի լինի։

«Ինչպես ցանկացած հակամարտության գոտում, այստեղ նույնպես բացառվում է լրագրողների աշխատանքը հենց այն պատճառով, որ Ղարաբաղ գնալու դեպքում մի կողմից Ադրբեջանն է ասում՝ «դա իմ տարածքն է, ես պետք է թույլ տամ», մյուս կողմից ինքը չի վերահսկում այն տարածքը, ուր ուզում են գնալ լրագրողները։ Եվ իրականում, իհարկե, թույլտվությունը պետք է ստանան այն պետությունների կողմից, որոնք վերահսկում են այնտեղ իրավիճակը»,- «Մեդիալաբին» ասում է Աշոտ Մելիքյանը։

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ հայտարարվել է՝ Արցախ մուտք գործող լրագրողները պետք է հավատարմագրվեն Հայաստանում և Արցախում, բայց, ցավոք, դա միակ հստակ պայմանն է։

«Եթե այդ ամենը չհամաձայնեցվի այնտեղ ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահների հետ, ապա միշտ էլ լինելու են այսպիսի իրավիճակներ։ Որքան կարողացա հասկանալ մի շարք հրապարակումներից, շատ անգամ ռուս խաղաղապահներն ուղղակի ինքնուրույն նախաձեռնություն են հանդես բերում և որևէ լուրջ հիմնավորում չներկայացնելով՝ արգելում են օտարերկրացիների մուտքը Արցախ։

Կարծում եմ՝ դրանով պետք է զբաղվեն Հայաստանի արտգործնախարարությունը, Արցախի ԱԳՆ-ն, պետք է բանակցություններ վարեն ռուս խաղաղապահների հետ և հստակեցնեն բոլոր պայմաններն ու պահանջները, որպեսզի տարածաշրջան այցելող լրագրողներն իմանան խաղի կանոնները»,- ասում է Մելիքյանը։

Մելիքյանի խոսքով՝ հիմա «հակամարտություն» է գնում այս հարցով։

«Իսկապես Ադրբեջանն այդ թեզն առաջ տանելով, որ իր տարածքն է, ինքը պետք է թույլտվություն տա, այդկերպ ուզում է առհասարակ խոչընդոտել, որ օտարերկրացի լրագրողներն այցելեն հակամարտության գոտի։ Հայաստանն իր կողմից փորձում է ցույց տալ, թե Արցախի մնացած մասի վրա իր վերահսկողությունը շարունակվում է, և լրագրողները Հայաստանի միջոցով կարող են գնալ։

Շատ կարևոր է ճեղքել Ադրբեջանի՝ Ղարաբաղն ինֆորմացիոն առումով մեկուսացնելու փորձերը։ Եվ Հայաստանը պետք է շատ ակտիվ աշխատի այդ ուղղությամբ, ոչ թե խոչընդոտի, այլ նպաստի։

Եվ այդ բեռը հայկական պետությունը պետք է վերցնի իր վրա՝ ռուս խաղաղապահների հետ համագործակցելու, նրանց բացատրելու, նրանց հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու և մաքսիմալ նպաստելու, որպեսզի լրագրողները գնան Արցախ»,- հավելում է Աշոտ Մելիքյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am