«Խաբված լինելը չի կարող արդարացում լինել ձախողումների համար». Օսկանյանը հիասթափվել է Նալբանդյանից

«Խաբված լինելը չի կարող արդարացում լինել ձախողումների համար». Օսկանյանը հիասթափվել է Նալբանդյանից
«Խաբված լինելը չի կարող արդարացում լինել ձախողումների համար». Օսկանյանը հիասթափվել է Նալբանդյանից
Հեղինակ MediaLab

«Երեկ խորհրդարանում գրեթե միաձայն ընդունվեց Ադրբեջանին Սաֆարովի արտահանձնումը դատապարտող հայտարարությունը: Չնայած բովանդակության առումով տարաձայնություններին, քաղաքական բոլոր ուժերը այս հարցում համերաշխություն և միասնականություն դրսևորեցին: Սա ողջունելի է: Մինչև հայտարարությունն ընդունելը ավելի քան երեսուն ելույթ եղավ: Չնայած հոգնեցուցիչ էր, բայց լսեցի բոլոր ելույթները։ Ինձ իսկապես հետաքրքրում էր այս հարցի վերաբերյալ յուրաքանչյուր անհատի մոտեցումն ու ընկալումը։ Հատկապես իշխող ուժի ներկայացուցիչները, կոչ էին անում համերաշխության և կոնսոլիդացիայի, բայց նրանցից որևէ մեկը համարձակություն չունեցավ նույնիսկ անուղղակի ակնարկել, որ այս բոլորի մեջ միգուցե մեղավորություն ունի նաև իրենց կառավարությունը: Սա արդեն ողջունելի չէ,-Ֆեյսբուկ սոցիալական էջում գրում է նախկին Արտաքին գործերի նախարար, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը:

Ինձ համար հիասթափեցուցիչ էր նաև արտգործնախարարի ելույթը, երբ նա իր ներկայացրած փաստարկներով ըստ էության ընդունում էր, որ իրենց խաբել են: Ես կուզենայի արտգործնախարարին ասել, որ խաբված լինելը չի կարող արդարացում լինել ձախողումների համար: Դա ծանրացնում է ձախողման պատասխանատվությունը:

Պատկերացրե՛ք մի օր խորհրդարանի առաջ մի արտգործնախարար փորձի արդարանալ, որ մինչև վերջին պահը այս կամ այն երկիրը մեզ երաշխավորում էր, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի անի Ղարաբաղի նկատմամբ:

Ակնհայտ է, որ մենք թերացել ենք: Մենք թերացել ենք, Հունգարիան նողկալի արարք է գործել, Ադրբեջանի վարչակարգը ցույց է տվել իր իրական՝ անմարդկային դեմքը:

Այն, ինչ եղել է, անընդունելի է հայ ժողովրդի համար: Սրա հետևանքները վերացնելու առումով մենք պետք է հետևողական և համառ պայքար մղենք բոլոր առումներով, հատկապես իրավական և դիվանագիտական: Իրավական առումով խնդիր պետք է դնել Սաֆարովին վերադարձնել իր խուցը, իսկ դիվանագիտական առումով՝ հասնել Լեռնային Ղարաբաղի արդեն ավելի քան երկու տասնամյակ ինքնորոշված լինելու փաստի միջազգային ճանաչմանը: Ինձ համար սա է լինելու կառավարության գործունեության արդյունքը գնահատելու չափանիշը »:

© Medialab.am