Արցախում բոլոր այն շրջանավարտները, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են դիպլոմները, նրանց անվճար հիմունքներով կտրամադրվի կրկնօրինակը

Ի գիտություն պատերազմի հետևանքով դիպլոմները կորցրած շրջանավարտների

ԱրՊՀ հարգելի´ շրջանավարտներ, ովքեր պատերազմի պատճառով կորցրել են իրենց դիպլոմները, համալսարանից դիպլոմների կրկնօրինակները ստանալու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ. հունվարի 20-ը դիմում ներկայացնել ԱրՊՀ գրասենյակ:

Նախկինում դիպլոմների և դրանց կրկնօրինակների տրամադրումը իրականացվում էր համալսարանի գիտխորհրդի կողմից ընդունված հատուկ կանոնակարգով, ըստ որի շրջանավարտը նախապես պետք է դիմում ներկայացնի, որ կորցրել է դիպլոմը, որից հետո այն պետք է ստանա՝ ինքնարժեքից երեք անգամ ավելի գումար վճարելով:

ԱրՊՀ գիտխորհուրդը որոշում է ընդունել, որ բոլոր այն շրջանավարտները, ովքեր պատերազմի արդյունքում կորցրել են դիպլոմները, նրանց անվճար հիմունքներով կտրամադրվի կրկնօրինակը: Մինչ այս բոլոր աշխատանքերի կազմակերպումը՝ ուսանողները կարող են ստանալ տեղեկանք՝ ԱրՊՀ կնիքով կնքված, որտեղ ներկայացված կլինի տվյալ շրջանավարտի ուսումնառության տարիների, կրթական ծրագրի մասին տեղեկություն, ինչպես նաև ԱրՊՀ-ից ստացած նրա ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի համարանիշը:

Արցախի պետական համալսարան