Ադրբեջանում շարունակվել է երկու հայ ռազմագերիների շինծու դատավարությունը

Ադրբեջանում այսօր շարունակվել է երկու հայ ռազմագերիներ՝  Իշխան Աշոտի Սարգսյանի ու Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանի ապօրինի դատավարությունը, գրում են տեղական լրատվամիջոցները, հայտնում է Factor.am-ը։

Ըստ շինծու մեղադրանքի՝ հայ գերիները հանդիսանում են զինծառայողներ ու հետախուզական խմբի անդամներ։ 2021թ-ի մայիսի 27-ին հայ գերիներն իբր հատել են «Ադրբեջանի սահմանը  Արցախի գրավյալ Քարվաճառի շրջանում ու ձերբակալվել ականապատում իրականացնելիս»։ Նրանք մեղադրվում են իբր ահաբեկչության մեջ։ 

Նիստի ընթացքում վկաներն են ցուցմունք տվել։ Մասնավորապես, հայ ռազմագերի Իշխան Սարգսյանը հայտարարել է ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, որ եղել են հատուկ նշանակության ջոկատի զինվորներ և հրաման է ստացվել տարածքը հետախուզել, ականապատել ու փշալարերով պատել։ Բացի այդ նա նշել է, որ իբր «հրամայվել է Տավուշի մարտերի ժամանակ պայթեցնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը»։

Հաղորդվում է, որ  հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու հունվարի 24-ին։ Նախորդ նիստն էլ տեղի էր ունեցել դեկտեմբերի  դեկտեմբերի 17-ին։