Էրդողանի անդրադարձը «Շուշիի հռչակագրին» և «Զանգեզուրի միջանցքին»․ Ermenihaber.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին ներկայացրել է Ադրբեջան կատարած այցի օրակարգը: Նա նշել է, որ Ադրբեջանի «մշակութային մայրաքաղաք» Շուշիում քննարկել են բոլոր ոլորտներում 2 երկրների միջև համագործակցությունը խորացնող քայլերը, սեղանին են դրվել այն հարցերը, որոնք կարող են նպաստել տարածաշրջանային երկրների խաղաղության, կայունության և բարօրության համար, գրում է Ermenihaber.am-ը:

Լրագրողի հարցին, թե արդյոք «Շուշիի հռչակագրով» նախատեսվում է թուրքական ռազմաբազա բացել Ադրբեջանում, Էրդողանը պատասխանել է, որ այդ հարցը հրապարակված (պայմանագրի) հոդվածներից դուրս չի գտնվում: Նրա խոսքով՝ սակայն, այս պահին ամենակարևորը սահմանների անվտանգության ապահովումն է:  Ըստ Էրդողանի՝ այդ հարցի հետագա զարգացման վրա կարող են ազդել Ալիևի և Պուտինի հանդիպումները:

Շուշիի պայմանագրի մասին խոսելիս՝ Էրդողանն այն բնութագրել է որպես ապագա համագործակցության երաշխիք։ Անդրադարձել է նաև  Հայաստանին և ականապատ տարածքների քարտեզների թեմային: Հիշեցնելով, որ օրեր առաջ Քարվաճառում ականի պայթյունից 3 քաղաքացիական անձ էր մահացել՝ Էրդողանն ասել է. «Հայաստանը պետք է սկսի վստահությունը բարձրացնող քայլեր անել: Այս ուղղությամբ կարևոր առաջին քայլը կլինի ականապատված տարածքների քարտեզներն Ադրբեջանին տալը»:

Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան, ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ այս շրջանում վերակառուցումից մինչև ականազերծման աշխատանքներ, բոլոր հնարավորություններով շարունակելու են կանգնած մնալ Ադրբեջանի կողքին: Այս պահի դրությամբ Ադրբեջանին են տվել թուրքական արտադրության ականազերծող մեքենաներ և առաջին փուլում պատրաստվում են այդ թիվը հասցնել 20-ի, ապա նաև աստիճանաբար ավելացնել:

Էրդողանը, նշելով, որ բացվելիք զանգեզուրյան միջանցքը ողջ տարածաշրջանի համար կարևոր հնարավորություն է, ասել է. «Հնարավոր չեմ համարում, որ Ռուսաստանն այժմ այդ թեմայի վերաբերյալ այլ կարծիք կամ այս գործը հետաձգելու նպատակ կունենա, ընդհակառակը՝ Ռուսաստանն այս հարցում օգտակար լինելու տրամադրություն ունի: Իմ Եղբայր Ալիևն իր քննարկումներն է ունենում Պուտինի հետ, շուտով ես էլ քննարկում կունենամ պարոն Պուտինի հետ: Բայց մենք հիմա կենտրոնացած ենք մի բանի վրա՝ դա 5 տարով պայմանագիրն է: Ցանկանում ենք այս 5 տարվա պայմանագրով այդ քայլն անել: Այստեղ էլ այս պլատֆորմի թեման կա, որի մասին ասել եմ երեկ, այսօր էլ եմ ասում: Այդ պլատֆորմը գլխավորող երկրները Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանն են: Ցանկանում ենք, որ Վրաստանն ու Հայաստանն էլ գտնվեն դրա մեջ»։