Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ լույս է տեսել իր «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գիրքը՝ նվիրված 2018 թվականի թավշյա հեղափոխությանն ու «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժմանը։
«Սիրելի՛ ընկերներ, Ուրախ եմ կիսվելու ձեզ հետ մի կարևոր նորությամբ․ իմ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գիրքն արդեն տպագրված է և պատրաստ է հանձնվելու ընթերցողների դատին։ Այս գիրքը 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության և «քայլ արա, մերժիր Սերժին» շարժման մեր համատեղ պայքարի, անցած ճանապարհի ու ներքին խոհերի մասին է։ Գրքի շնորհանդեսը տեղի կունենա շուտով՝ սեպտեմբերի 5-ին, որի մանրամասների մասին առանձին կտեղեկացնեմ։
Կարդացեք, կիսվեք ձեր տպավորություններով։ Շնորհավոր Գիտելիքի օրը))»,- գրել է Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գրիգորյանն ազատվեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2018 թվականի մայիսից։ Նրան փոխարինեց Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը։
Կադրային փոփոխությունը տեղի ունեցավ առանց նախապես հրապարակային ներկայացված պատճառաբանության, իսկ Փաշինյանը հետո հայտնեց, որ Գրիգորյանին աշխատանք է առաջարկել վարչապետի աշխատակազմում, սակայն նա նախընտրել է դադար վերցնել։



















