Տեղի է ունեցել լրագրող Մարինա Բրուտյանի Чугунный мост գրքի շնորհանդեսը

Ռուսաստանում ՀՀ Դեսպանության Մշակութային կենտրոնում տեղի ունեցավ լրագրող Մարինա Բրուտյանի “Чугунный мост” գրքի շնորհանդեսը։ Վեպը ՝ հեղինակի առաջին գեղարվեստական ստեղծագործությունն է։

Նրա խոսքով, լինելով լրագրող և թարգմանիչ նա հաճախ չէր առնչվում գեղարվեստական տեքստերի հետ և հիմնականում գրում էր քաղաքականության մասին։ Սակայն համաճարակը, պայմանավորված կորոնավիրուսային հիվանդությամբ, որի պատճառով մենք բոլորս դարձել էինք սահմանափակումների զոհ, ստիպեց նրան մտահոգվել մարդկային հավերժ արժեքների՝ սիրո, հավատարմության, վստահության և հավատի, հոգատարության մասին։ Գիրքը գրվել է մեկ շնչով և մեկ շնչով էլ կարդացվում է։

Կարմիր թելով ամբողջ պատմության միջով անցնում է հեղինակի այն միտքը, որ «Երբ նայում ես հայելու մեջ, ապա տեսնում ես ոչ միայն ինքդ քեզ, այլ նաև այն մարդուն, ում սիրում ես»։

«Գրքում չկան իրական կերպարներ, բայց ընթերցողներից շատերը գտնում են այնտեղ իրենց, իրենց ծանոթներին։ Սա ինքնակենսագրական պատմություն չէ, բայց շատ անձնական, քանի որ իմ հերոսներից յուրաքանչյուրը ինձանից մի մասնիկ է կրում»,- ասաց հեղինակը։

Մ․ Բրուտյանի խոսքով՝ գրքի հիմնական ուղերձը այն մասին է, որ ամենքս այս կյանքում ունենք մեր առաքելությունը։ Եվ այդ առաքելությունը կատարելու ճանապարհին կարող ենք երես առ երես հանդիպել մեր անցյալի հետ։ Այն անցյալի, որը նույնիսկ չգիտեինք։ Կգա ժամանակը պատասխան տալու։ Կան հաշիվներ, որոնք փակվում են կյանքի գնով։

Գրքում շատ են նկարագրական հատվածները, որոնք տանում են ընթերցողին քաղաքից՝ քաղաք, անցյալից՝ ներկա։

Միջոցառումը բացեց Ռուսաստանում ՀՀ դեսպանության Մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն, իսկ պատանեկան ստուդիայի դերասանները ներկայացրեցին գրքից հատվածներ, ինչը թույլ տվեց մի պահ ներթափանցել և տեսնել հեղինակի ստեղծած աշխարհը։

Միջոցառման շրջանակներում Մ․ Բրուտյանը գրքեր նվիրեց բոլոր ցանկացողներին, իսկ հյուրերը մասնակցեցին բարեգործական դրամահավաքին, որի ամբողջ հասույթը փոխանցվեց «Ձեռք մեկնիր» բարեգործական կազմակերպությանը, որը օգնում է Արցախյան պատերազմից տուժածների ընտանիքներին։

Ամբողջ երեկոյի ընթացքում հնչում էր Մարինա Բրուտյանի հեղինակած երաժշտությունը, որը, ի դեպ, գրվել է Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ներկայացման համար։ Դա բեմադրիչ Իռա Հորությունյանի „Смешанные чувства” («Խառը զգացմունքներ») բեմադրությունն է։

Միջոցառմանը նաև ներկայացվել էր նկարիչ և քանդակագործ Մելս Գևորգյանի աշխատանքները, որոնք գրքի նկարազարդման մի մասն են կազմում։