Ադրբեջանը արգելանքի է վերցրել բուժման նպատակով այսօր ՀՀ տեղափոխվող Արցախի 68-ամյա քաղաքացուն. Գուրգեն Ներսիսյան

Ադրբեջանը արգելանքի է վերցրել բուժման նպատակով Կարմիր խաչի միջոցով այսօր ՀՀ բուժհաստատություն տեղափոխվող Արցախի 68-ամյա քաղաքացուն, հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Երբ Ադրբեջանին իբրև թե կոչ է արվում հարգել գոնե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը, այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել ԱՀ  68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր։ Այս պահին ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնվում է մեր քաղաքացու մոտ, սակայն բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել, սպասում ենք նոր տեղեկությունների։

Նույն երթով ՀՀ տեղափոխվող մեր քաղաքացիները Գորիս քաղաքից ներկայացած ԿԽՄԿ ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվել են Գորիսի բուժհաստատություն, իսկ ՀՀ-ում բուժված մեր քաղաքացիներին Արցախ վերադարձնելու երթը չեղարկվել է։

Հատկանշական է, որ Ադրբեջանը մշտապես ամեն կերպ փորձում էր խոչընդոտել նույնիսկ ԿԽՄԿ միջոցով հիվանդներին ՀՀ տեղափոխելու գործընթացին և ամեն անգամ նոր պայմաններ էր  ներկայացնում ԿԽՄԿ-ին, իսկ սա հերթական քայլն էր՝ մարդկանց մոտ ձևավորելու նույնիսկ բուժման նպատակով Լաչինի միջանցքով անցնելու մտավախություն։

Ահա սա է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Արցախը Ադրբեջան կոչելու ՀՀ իշխանությունների, Արցախի ժողովրդի նկատմամբ արդեն ամիսներ տևող հանցագործությունները անբավարար չափով դատապարտելու և գրեթե անգործություն ցուցաբերող միջազգային հանրության վարքագծի օր օրի ահագնացող հետևանքները, որոնք ցանկացած գնով պետք է կանխվեն։
Հայ ժողովուրդ, նորից ու նորից գոչում եմ, արթնացեք, դեմ կանգնեք այս ամենին», – նշել է նա։