Հայաստանը ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդատվություն է հրավիրել՝ ՀՀ-ից Ռուսաստան արտահանման խնդրի հարցով

Հայաստանի համար տարօրինակ է, որ այս տարի Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքներով բեռնված 6 տասնյակից ավելի մեքենաներ են հետ վերադարձվում, երբ հայ մատակարարներն իրենց ապրանքների որակի մեջ որևիցե փոփոխություն չեն կատարել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Լարսի անցակետում առաջացած խնդրին, «Ռոսսելխոզնաձոր»-ի վերջին հայտարարությանը:

«Մենք վերցրել ենք «Ռոսսելխոզնաձոր»-ի հրապարակած նյութերը և դրանք ուսումնասիրում ենք, որ հասկանանք, թե ինչքանով են մեր տնտեսավարողների արտադրած ապրանքներն անհամապատասխան այն կարգավորումներին, որոնք Ռուսաստանը կիրառում է»,-ասաց Քերոբյանը:

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ դրանում քաղաքական ենթատեքստ կա, նախարարը ասաց, որ ինքն այդպես չէր ասի:

«Մեզ համար ուղղակի տարօրինակ է, որ մեկ տարվա մեջ 35 մեքենա է հետ վերադարձվում, հետո 2 օրվա մեջ՝ ևս 35 մեքենա՝ այն դեպքում, երբ մենք կարգավորումների և մատակարարներն իրենց ապրանքների որակի մեջ որևիցե փոփոխություն չեն արել»,-ասաց նա:

Քերոբյանը հայտնեց, որ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում սկսել է գործողություններ: «Հրավիրվել ենք հրատապ խորհրդակցություն, որը տեղի կունենա առաջիկա 2 օրերի ընթացքում »,-ասաց Քերոբյանը: