Դեպի Մաքսային միություն. Էկոնոմիկայի նախարարը` Հայաստանում սպասվող թանկացումների մասին

Դեպի Մաքսային միություն. Էկոնոմիկայի նախարարը` Հայաստանում սպասվող թանկացումների մասին
Դեպի Մաքսային միություն. Էկոնոմիկայի նախարարը` Հայաստանում սպասվող թանկացումների մասին

Հայաստանի կառավարությունն առաջիկայում Մաքսային միություն է ներկայացնելու այն ապրանքատեսակների ցանկը, որոնց վերաբերյալ մաքսատուրքերի մասով արտոնություններ է ակնկալում: 

Ինչպես հայտնի է, Մաքսային միության տարածքում մաքսատուրքերի բարձրացում է տեղի ունենալու:

Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու դեպքում ոչ Մաքսային միության երկրներից մեր երկիր մտնող ապրանքների մաքսատուրքերը բարձրանալու են, հետևաբար այդ ապրանքների գների բարձրացում է նախատեսվում: Ակնկալվում է, որ կբարձրանան առաջին անհրաժեշտության ապրանքների՝ հացի, բրնձի, ձեթի, մսամթերքի, պանրի, կարագի և այլ ապրանքատեսակների գները:

Այս օրերին էկոնոմիկայի նախարարությունը գործարարների հետ խորհրդակցելով՝ կազմում է ապրանքատեսակների ցանկը: Թե մաքսատուրքերի մասով ինչ արտոնություններ կարող է Հայաստանը ստանալ Մաքսային միության ղեկավարությունից, այսինքն՝ Ռուսաստանից, դեռևս հստակ չէ:

Խնդրի վերաբերյալ «Մեդիալաբը» մի քանի հարց ուղղեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին:

-Պարոն Ավանեսյան, հայկական կողմը ե՞րբ է պատրաստվում այդ ապրանքների ցանկը ներկայացնել Ռուսաստանին:

-Մաքսային միությանն ու Եվրասիական կոմիտեին ենք ներկայացնելու, բանակցությունների մեջ ենք նրանց հետ: Ճիշտն ասած, մենք արդեն պատրաստ ենք ներկայացնելու, ուղղակի որոշեցինք, որ մի քիչ էլ ժամանակ տանք մեր գործարարներին, նաև հանրությանը, որպեսզի զգայուն ապրանքների վերաբերյալ ստանանք առաջարկներ: Կարծում եմ, որ մոտակա օրերի խնդիր է:

-Քանի՞ ապրանքատեսակի մասին է խոսքը, որոնք թանկանալու են Մաքսային միության տարածքում:

-Չեմ կարող ասել, ինչո՞ւ չեմ կարող ասել, որովհետև ցանկն օրական փոխվում է, մենք տարբեր ցանկեր ենք ունեցել և այդ քննարկումների արդյունքում մենք անընդհատ ցանկերը փոխում ենք: Այսինքն՝ լինում են առաջարկներ, քննարկումներ: Հիմա եթե ես այսօր մի թիվ ասեմ, վաղը կպարզվի, որ այդ ցանկը երեք հատով պակասել է, հինգ հատով ավելացել է: Ամենօրյա աշխատանք ենք տանում:

-Կառավարությունը հաշվարկներ արե՞լ է, թե միջինը որքա՞ն բարձրացում է նախատեսվում, դրա հետևանքով գնաճը որքանո՞վ կավելանա:

-Տարեկան մոտ 10 մլրդ դոլարի սպառում ունի Հայաստանը: Ամենամաքսիմալ ավելացումը 145 մլն դոլար է լինելու: Այսինքն՝ մենք կարող ենք ունենալ 1.45 տոկոս մաքսիմալ գնաճ: Ընդհանուր գնաճի վրա ավելացումը կկազմի 1.45 տոկոս: Դա այն դեպքում, եթե ոչ մի բացառություն չլինի, եթե ոչ մի ապրանք չփոխարինվի այլ ապրանքով, ոչ մի էլաստիկություն չաշխատի: Օրինակ՝ պատկերացրեք հավի բուդը եթե թանկացավ, չեմ ասում, որ թանկանալու է, եթե թանկացավ, այդ նույն հավի բուդը փոխարինողներ ունի՝ այլ մսատեսակներ, տեղական հավ: Գները կավելանան, բայց ոչ այնքան, ինչքան մաքսատուրքն է:

-Տեղական արտադրության վրա ինչպե՞ս կանդրադառնան նախատեսվող փոփոխությունները:

-Կան ապրանքատեսակներ, որոնք, այո, եթե գները ավելանան, տեղական արտադրողի համար լավ է լինելու, դարձյալ օրինակ բերեմ հավի բուդը: Բայց դա միանշանակ չէ, թե արդյոք Հայաստանի Հանրապետության ընդհանուր տնտեսության և բարեկեցության տեսանկյունից դա ճիշտ է, թե՞ սխալ: Կան ոլորտներ, որտեղ ակնհայտ գիտենք, որ ավելացումը լավ չէ Հայաստանի Հանրապետության համար բոլոր առումներով՝ և սպառման տեսնակյունից, և ձեռնարկությունների տեսանկյունից: Դրանք այն ապրանքներն են, որոնք և մարդիկ են սպառում, և ձեռնարկություններն օգտագործում են որպես հումք, որպեսզի արտադրանք արտադրեն: Դրանք ամենզգայուն խումբն են:

Նույն դեղագործության ոլորտում, քանի որ շատ փոքր մասն ենք արտադրում դեղերի, չենք կարող գնալ նրան, որ մեր դեղագործությունը զարգացնելու համար ասենք՝ լավ, թող մաքսատուրքերն ավելանան: Բայց կան ոլորտներ, որտեղ թանկացումը կարճաժամկետ կարող է վնաս հասցնել բնակչությանը, բայց տեղական արտադրությության զարգացման դեպքում հետագայում այդ գները կարող են իջնել: Ես կարող եմ ասել, որ մեր աշխատանքի ամբողջ դժվարությունը, գորածարարների հետ տարվող երկար աշխատանքը հենց դրանում է կայանում, որ հասկանանաք՝ որոնք են այդ ապրանքատեսակները:

Լուսանկարում` բողոքի ակցիա ընդդեմ Մաքսային միության:

© Medialab.am