Երևանի մանկապարտեզները շարունակում են մնալ անմխիթար վիճակում

Երևանի մանկապարտեզները շարունակում են մնալ անմխիթար վիճակում
Երևանի մանկապարտեզները շարունակում են մնալ անմխիթար վիճակում

Երևանի մանկապարտեզներում առկա խնդիրները շարունակում են մնալ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի ուշադրության կենտրոնում: 

Տիկին Բախշյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված նամակով իր մտահոգությունն է հայտնել Երևանի թիվ 56 մանկապարտեզի առնչությամբ:

«Վերջին 1 տարվա ընթացքում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ 11/11 ընտրատեղամասը տեղակայված էր Երևանի Արցախի 14 հասցեում: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  տեղեկանքի՝ ընտրատեղամասը տեղակայված է Արցախի 14 հասցեում՝ թիվ 56 մանկապարտեզի շենքում: Հանրապետությունում տեղի ունեցած վերջին 3 ընտրություններում որպես Շենգավիթ համայնքում ընտրությունների պատասխանատու՝ անձամբ եղել եմ ընտրատեղամասում, որտեղ չկա մանկապարտեզ: Պարզել եմ, որ մանկապարտեզի շենքը սեփականաշնորհված է: Ավելին, ասում են, որ սեփականատերը վարձով է այն տրամադրում թիվ 11 ընտրատարածքայինին կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ստույգ չգիտեմ: Ակնհայտ է, որ Երևանի Արցախի 14 հասցեում գործած թիվ 56 մանկապարտեզը գոյություն չունի, դրա փոխարեն քաղաքապետարանի կայքի գործող մանկապարտեզների էջում մանկապարտեզը գրանցված է  Ավանում»,- ասված է նամակում:

Տիկին Բախշյանը խնդրել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ տրամադրել տեղեկություն առ այն, թե երբ է օտարվել Արցախի 14 հասցեում գտնված թիվ 56 մանկապարտեզը, որ որոշմամբ, որ քաղաքապետն է ստորագրել որոշումը, երբ է կայացվել որոշում, որով Երևանի թիվ 56 մանկապարտեզը վերահասցեագրվել է Ավանում, ինչպես նաև՝ բոլոր այն իրավական ակտերը, որոնք առնչվում են մանկապարտեզի օտարման գործընթացին:

ՀՀ կրթության պետական տեսչությունը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակրթության վարչությունում 2012թ. մայիսի 14-ից հունիսի 14-ը իրականացրած ուսումնասիրության վերաբերյալ տեղեկանքում արձանագրել է, որ ուսումնասիրված 160 նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարբեր խմբերում ընդգրկված երեխաների թիվը գերազանցում է ՀՀ ԿԳ նախարարի 26.01.2007թ. հ. 29-Ն հրամանով հաստատված՝ ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերի խտությունը և նորմատիվները (մինչև 3 տարեկան՝ 15-20, 3-6 տարեկան՝ 25-30):

«Ակնհայտ է, որ համատարած առկա այս անթույլատրելի փաստն անչափ վտանգավոր է  42 հոգանոց խմբի երեխաներից յուրաքանչյուրի համար, որովհետև մեկ դաստիարակը չի կարող վերահսկել ու ճիշտ կազմակերպել կրթությունը: Իհարկե այս վիճակը հետևանք է Երևանում վերջին տարիներին տարբեր անհիմն  պատճառներով փակված մանկապարտեզների՝ Երևանի թ.1, թ.56, Ներքին գործերի մանկապարտեզի, որը գտնվում էր Նալբանդյան 106 հասցեում, Մալաթիա-Սեբաստիա համայնքում տարբեր տարիներին փակված մանկապարտեզների»,- նշված է քաղաքապետին ուղղված՝ Անահիտ Բախշյանի մեկ այլ նամակում:

«Բարև Երևան» խմբակցության ղեկավարը հետաքրքրվել է նաև, թե քաղաքապետն ինչ է պատրաստվում անել այդ ուղղությամբ, ինչպես է քաղաքապետարանը լուծելու խնդիրը, որովհետև  «2011-2015թթ. Կրթության զարգացման պետական ծրագիր» օրենքով նախատեսված է, որ 2015 թվականին նախադպրոցական տարիքի երեխաների 90%-ը պետք է հաճախի մանկապարտեզ, իսկ ներկայումս  Երևանում մանկապարտեզների տարբեր տարիքային խմբերում ընդգրկված է երեխաների ընդամենը 56,8%-ը:

 «Բարև Երևան» խմբակցություն 

Լուսանկարը` hraparak.am