Իրավաբան Նազելի Վարդանյանը, որը երկար տարիներ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի առաջամարտիկներից է, «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ դատական գործերով ներկայացուցիչը, տարօրինակ է համարում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի այցը Ամուլսարի հանքավայր:
«Ախր, «Լիդիանը» գնում է, տեխնիկան հանել է վաճառքի, ինչի՞ մասին է խոսքը, ինչո՞ւ է դեսպանը այցելում այնտեղ»,- «Մեդիալաբի» հետ զրույցում այսպես է արձագանքում իրավաբանը:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որոնք տարիներ շարունակ պայքարել են Ամուլսարի հանքի շահագործման մասին նախկին կառավարության ծրագրի դեմ, ևս զարմացրել էր այդ այցելությունը, և նրանք այսօր դարձյալ դժգոհ էին Ամուլսարի հանքի շուրջ ակտիվացող իրադարձություններից:
«Դեսպանը քաջալերել է ծրագրի հետ կապված չկարգավորված վեճերի արագ ու թափանցիկ լուծումը։ Նա ողջունել է աշխատանքի և բնապահպանական հարցերում ամենաբարձր միջազգային ստանդարտներն ապահովելու «Լիդիանի» հանձնառությունը և նկատել, որ այս ծրագիրը Հայաստանի տնտեսության աճի նշանակալի խթան դառնալու ներուժ ունի»,- հաղորդագրությամբ տեղեկացրել էին ԱՄՆ դեսպանությունից:
Դիվանագիտական կառույցի ֆեյսբուքյան էջում բազմաթիվ ակտիվիստներ, խնդրով մտահոգ անհատներ դժգոհություն են հայտնել այդ այցելության կապակցությամբ:
«Լավ կլինի դեսպանն էլ, մյուսներն էլ հեռու խաղան Ամուլսարից։ Ամուլսարը սար է, հանք չի, ու էստեղ ոչ թե վեճ ա, այլ ապրելու իրավունք։ Բայց, դե, էդքանը դուք որտեղի՞ց հասկանաք։ Գաղութարարները ցինիկ դեմքերով եկել են հերթական ոչ զարգացած երկրը «փրկելու»»,- գրել է ակտիվիստ Անի Խաչատրյանը:
Այդ այցելությունը անհեթեթություն է համարել նաև հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը. «Էս ի՞նչ անհեթեթ բաներ եք անում։ Դուք հո այլասերվա՞ծ չեք։ Մարդիկ նոր-նոր սկսել են նորմալ վերաբերվել ձեր պետությանը, ժողովրդավարությանը ու ժողովրդավարական արժեքներին, նոր-նոր սկսում են վստահել Արևմուտքին, ու դուք հիմա ուզում եք լրիվ փչացնե՞ք։
Ո՞ւմ է պետք էդպիսի ժողովրդավարությունը, որ դուք եք քարոզում, եթե պետք է կոռումպացված համակարգի կողմից ջերմուկցիների ոտնահարված իրավունքների վրա աչք փակեք։ Դա՞ է ժողովրդավարության ու հումանիզմի մասին ձեր պատկերացումները։ Հանքերի համա՞ր է ձեզ Հայաստանում «ժողովրդավարություն» պետք։
Կարդացե՞լ եք Էլարդի հաշվետվությունը։ Տեսե՞լ եք՝ ինչ ողբալի ՇՄԱԳ է։ Ո՞նց եք դուք ողջունում նման աղետը։ Ամուլսարը հանք չի դառնալու։ Մի՛ փչացրեք հայ ժողովրդի պատկերացումները ամերիկացի ժողովրդի մասին ու նրանց կրած արժեքների մասին»:
Նազելի Վարդանյանը տարօրինակ է համարում ԱՄՆ դեսպանի այս քայլը և հատկապես այն դեպքում, երբ «Լիդիան Արմենիան» գնորդներ էր փնտրում ընկերությունը վաճառելու համար:
««Լիդիանը» էստեղ չի մնում: Նա սնանկ է ճանաչվել, նրա բոլոր ակտիվները անցել են վարկային կազմակերպություններին: Այդ ընկերությունը գնորդներ էր փնտրում: Ինձ հետ հանդիպել էին նաև ռուսներ, հետո այդ ռուսները հրաժարվել են, քանի որ ռիսկեր շատ կան: Չգիտեմ՝ այս ի՛նչ պատմություն է: Բայց եթե դեսպանը գնացել է այնտեղ ու ինչ-որ բաներ ասել, ապա դա պատահական չէ: Շահեր ունեն: Ռուսներն էլ, հավանաբար, իրենց շահերն ունեն: Գեոպոլիտիկը կենտրոնացել է Ամուլսարի վրա»,-նշում է Վարդանյանը:
Իրավաբանն ասում է՝ Հայաստանի Կառավարությունը կարծես տրամադրված է, որ Ամուլսարի հանքը սկսի շահագործվել, և այդ ուղղությամբ Ընդերքի մասին օրենսգրքում կատարվեցին փոփոխություններ: Բայց նա վստահ է՝ ժողովուրդը վճռական է և թույլ չի տա: «Մարդիկ չեն ուզում, որ իրենց բնակավայրը հանքավայր դառնա»,-ասում է իրավաբանը:
Դիտարկմանը, թե Կառավարությունը կարողացավ Ազգային ժողովում անխոչընդոտ հաստատել տալ Ընդերքի մասին օրենսգրքում կատարված փոփոխությունները, Նազելի Վարդանյանն արձագանքում է. «Ինչ անենք, Ընդերքի մասին օրենսգի՞րքը բարձր ուժ ունի, թե՞ ՀՀ Սահմանադրությունը, թե՞ միջազգային կոնվենցիաները: Ինչ ուզում են, թող ընդունեն: Էսքան ասեցինք, որ հակաժողովրդավարական բաներ եք անում»:
Նրա խոսքով՝ այս պահին բողոքի մասսայական ակցիաներ տեղի չեն ունենում Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի դեմ, քանի որ հայտնի էր՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը տարածքից հանում է իր տեխնիկան ու զբաղված է դրանց վաճաքով: Բացի այդ, այդ պայքարի առաջամարտիկները մեկնել էին պատերազմ, ու նրանց մի մասը դեռ անհետ կորած է համարվում:
«Պասիվություն չկա, քանի որ անընդհատ քննարկվում է հարցը: Հույս կար նաև, որ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը կլուծի այս հարցը, բայց, ավաղ, չի լուծում: Հակառակը՝ այսօր հակադեմոկրատական օրենքներ է ընդունում»,- նշում է Նազելի Վարդանյանը:
Իրավաբանն ասում է՝ Ջերմուկը Հայաստանի առողջարանային բրենդն է, և եթե այնտեղ սկսեն հանքավայր շահագործել, ապա Հայաստանը կկորցնի իր դեմքը: «Մենք չենք կարող կորցնել Ջերմուկը»,- նշում է նա:
Հասմիկ Համբարձումյան
MediaLab.am